15 մայիս, 2015 16:25

Կաթի մթերման գներն իջեցվել են, գյուղացիներն ահազանգում են

dairy-cowsՀայաստանի մի շարք համայնքներում կաթ մթերող ընկերություններն իջեցրել են կաթի մթերման գները: Գեղարքունիքի գյուղերում, օրինակ, 1 լիտր կաթը նախկին 140 դրամի փոխարեն ներկայում մթերվում է 120 դրամով:

Տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Վարազդատ Կարապետյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ իրենք մթերման գների իջեցման մասին արդեն մի քանի ահազանգ են ստացել Գեղարքունիքի Բերդկունք, Լճափ, Հայրավանք, Չկալովկա և Լճաշեն գյուղերից: Նրա խոսքով՝ իջեցված գինը շատ մոտ է կաթի ինքնարժեքին և լուրջ հարված է գյուղացիների համար:

Կարապետյանը մթերման գների իջեցման երկու պատճառ նշեց. «Նախ` կաթի արտադրության սեզոնն է, և գյուղացին, չունենալով կաթը մշակելու կամ պահելու հնարավորություն, ստիպված այն հանձնելու է։ Մյուս պատճառը կաթի փոշու ներկրումն է և դրանով կաթնամթերքի արտադրությունը, որը նվազեցնում է թարմ կաթի պահանջարկը։ Այսինքն` մեծ արտադրողները հիմա մի կողմից կաթի փոշիով բավարարում են իրենց պահանջարկի մի մասը, մյուս կողմից՝ նվազեցնում թարմ կաթի մթերման գինը»:

Ստեղծված իրավիճակից ելքը, ըստ Կարապետյանի, պետական կարգավորման գործիքների կիրառումն է, ընդհուպ մինչև մթերման նվազագույն գնի ֆիքսումը. «Զարգացած մի շարք երկրներում գործում են կաթի խորհուրդներ, որոնք տարվա սկզբում հասկանում են բոլոր կողմերի դիրքորոշումը և ֆիքսում են նվազագույն մթերման գին՝ ի շահ գյուղացու և տնտեսական արդյունավետության»:

Կաթի մթերմամբ և արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում ՍիվիլՆեթին հաստատեցին, որ մայիսի 1-ից իրենք մթերման գներն իջեցրել են, սակայն ոչ թե 20, այլ 10 դրամով: «120 դրամ մթերման գինը «Աշտարակ կաթի» հետ որևէ կապ չունի: Մենք 10 դրամ ենք ընդամենը իջեցրել, ամենաբարձր գնով մթերում ենք մենք»,- ասացին ընկերությունում՝ չհստակեցնելով ներկայում մթերվող 1 լիտր կաթի գինը: