18 մայիս, 2015 11:00

Համայնքների մեծ մասը կողմ արտահայտվեց խոշորացմանը

Մայիսի 17-ին 3Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի 22 համայնքներում անցկացված տեղական հանրաքվեներում 16 համայնք կողմ է արտահայտվել խոշորացմանը, վեցը՝ դեմ:

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական արդյունքների` Լոռու մարզի Աթան, Ահնիձոր, Թումանյան, Լորուտ, Մարց, Շամուտ և Քարինջ համայնքներում Թումանյան կենտրոնով միավորմանը կողմ է արտահայտվել 1007 մարդ կամ հանրաքվեին մասնակցած անձանց 68%-ը: Ընդհանուր յոթ համայնքներից երեքում` Աթանում, Ահնիձորում և Շամուտում բնակիչները խոշորացմանը դեմ են հանդես եկել, մնացած չորսում` կողմ:

Տավուշի մարզի Աղավնավանք, Գոշ, Դիլիջան, Թեղուտ, Խաչարձան, Հաղարծին և Հովք համայնքներում Դիլիջան կենտրոնով միավորմանը կողմ է քվեարկել 4140 մարդ կամ մասնակիցների 73%-ը: Այստեղ ևս ընդհանուր յոթ համայնքներից երեքում` Գոշում, Թեղուտում և Խաչարձանում, բնակիչները դեմ են հանդես եկել միավորմանը, մնացած չորսում` կողմ:

Սյունիքի մարզում խոշորացմանը կողմ են արտահայտվել բոլոր ութ համայնքները: Խոտ, Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Սվարանց, Տաթև, Տանձատափ և Քաշունի համայնքներում Շինուհայր կենտրոնով (Տաթև անվանմամբ) միավորմանը կողմ է քվեարկել 2513 մարդ կամ մասնակիցների 94%-ը:

Համաձայն տեղական հանրաքվեի մասին ՀՀ օրենքի` տեղական հանրաքվեի դրված հարցը կամ որոշման նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը: Սակայն համայնքների խոշորացման վերաբերյալ հանրաքվեների դեպքում, ինչպես ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, որոշվել է այս դրույթով չառաջնորդվել:

Մայիսի 17-ին անցկացված տեղական հանրաքվեներն ունեին միայն խորհրդատվական նշանակություն. դրանց արդյունքները խոշորացման համար պարտադիր չեն: Կառավարությունը, ըստ Սահմանադրության, կարող է հաշվի առնել կամ չառնել այս հանրաքվեների արդյունքները: Թեև կառավարությունը հայտարարել էր, որ հանրաքվեների բացասական արդյունքը հաշվի կառնվի:

***

Կառավարությունը դեռ 2006թ. ծրագրել էր իրականացնել համայնքների խոշորացման ծրագիր: Այն նպատակ ունի խոշորացման ճանապարհով Հայաստանի համայնքների թիվը 915-ից հասցնել 300-ի: Կառավարությունը համոզված է, որ համայնքների խոշորացման արդյունքում հնարավոր կլինի հասնել ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կառավարման ապակենտրոնացման:

Կառավարությունը համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգին հավանություն էր տվել 2011թ. նոյեմբերին: Տարածքային կառավարման նախարարությունը քննարկել էր համայնքների խոշորացման ծրագրերի երկու տարբերակ՝ ծրագրային և վարչական: Ծրագրային հիմնավորմամբ խոշորացման համար ընտրվել էր 14 համայնքային փունջ: Նաև նպատակահարմար էր գտնվել իրականացնել համայնքների խոշորացման մի քանի պիլոտային ծրագիր՝ նախապես այդ համայնքում անցկացնելով տեղական հանրաքվե: Որոշվել էր 2015թ. իրականացնել երեք պիլոտային ծրագիր՝ Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում:

ՍիվիլՆեթը մայիսի 17-ին հետևել էր հանրաքվեի ընթացքին Հաղարծինում: Քվեարկությանը մասնակցելու եկող ոչ մեծաթիվ հաղարծինցիները հիմնականում լավատեղյակ չէին, թե ինչի համար են քվեարկում, ոմանք էլ նշում էին, որ իրենց խնդրել են քվեաթերթիկում «այո» նշել: Հաղարծինում քվեարկության ընթացքի մասին պատմող տեսանյութը` ստորև: