19 մայիս, 2015 11:57

Միլիոն դոլար նվիրենք ձեզ

11933_am_6Մայիսի 14-ին Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Վանաձորում նա այցելեց «Գլորիա» կարի ֆաբրիկա, պատրաստակամություն հայտնեց կառավարության կողմից 450 միլիոն դրամ ֆինանսական օժանդակություն ցուցաբերել այդ ֆաբրիկային՝ զարգացմանն ուղղված ծրագրերն առաջ մղելու համար: Ֆաբրիկայի ղեկավարությունն էլ խոստացավ, որ այդ աջակցության արդյունքում կստեղծի լրացուցիչ 200 աշխատատեղ: «Գլորիա»-ում աշխատում է 1300 մարդ:

Փաստացի, Հովիկ Աբրահամյանը խոստանում է հարկատուների վճարած հարկերից շուրջ 1 մլն դոլար օգնություն հատկացնել ինչ-որ մասնավոր ընկերության: Իհարկե, ողջունելի է, որ կառավարությունը շահագրգռված է նոր աշխատատեղերի ստեղծմամբ: Սակայն հարց է առաջանում է, թե որքանով վերոհիշյալ ֆինանսական աջակցությունը կոռուպցիոն տարրեր չի պարունակում և որքանով չի հասկաում ազատ շուկայական հարաբերություների սկզբունքներին:

«Գլորիայի» հիմնադիրներն են իտալական SARTIS ընկերությունը և Վանաձորի STYLISSA  կարի ֆաբրիկան՝ 50-ական տոկոս մասնաբաժիններով:

Գործող իշխանությունները տարօրինակ զուգադիպությամբ միշտ բարեհաճ վերաբերմունք են ցուցաբերել պետռեգիստրի տվյալներով 2008թ. Բագրատիոն Դարբինյանի կողմից հիմնադրված այս ընկերության նկատմամբ:  Դեռ  2010թ. ՀՀ կառավարության որոշմամբ՝ կարի ֆաբրիկայի կողմից ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվել է արտոնություն «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, որի ժամկետները երկարաձգվել են մինչ 2013թ. սեպտեմբերի 29-ը: Ընդհանուր առմամբ, երկարաձգվել են 109.7 մլն դրամ մաքսային արժեքով 59 անուն կարի մեքենաների և արտադրությանն անհրաժեշտ 931 միավոր սարքավումների մաքսային ռեժիմները: 2014թ. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվեց ևս երեք տարով՝ մինչև 2017թ.:

Էկոնոմիկայի նախարարությունը «Գլորիա» ընկերությանը արտոնություններ տալը բացատրում է Լոռու մարզում արդյունաբերության զարգացման և աշխատատեղերի ստեղծման ու պահպանման գործում այդ ընկերության դերով:

Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը վանաձորյան այցերի ընթացքում մշտապես այցելում է այս ֆաբրիկան: Բարձրաստիճան իշխանավորիների ուշադրությունն ու հոգատար վերաբերմունքը առանձին վերցրած մի գործարանի նկատմամբ կասկածելի է:

Մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ գործարանը իրականում պատկանում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին: Բացառված չէ, որ իրական սեփականատերերը կարող են նաև այլ հայտնի դեմքեր լինել: Եթե այդպես է, ապա մեծանում է հովանավորչական (կոռուպցիոն) քաղաքականության ռիսկերը:

Եթե խնդիրը մարզում արդյունաբերության զարգացումն է ու աշխատատեղերի ստեղծումը, ապա հետաքրքիր է՝ է՞լ որ արդյունաբերական ընկերությունն է նման արտոնություն ստացել Լոռու մարզում: Հասկանալի է, որ կարի մեկ ֆաբրիկայով մարզում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում արձանագրել հազիվ թե հաջողվի:

Մյուս կողմից, արդյո՞ք կառավարությունը նմանատիպ արտոնություններ կիրառում է նույն պրոֆիլով գործունություն ծավալող այլ գործարանների նկատմամբ: Խիստ կասկածելի է: Եթե չի կիրառում, ապա ստացվում է, որ առանձին վերցրած մի ընկերության նկատմամբ արտոնյալ պայմաններ են ստեղծվում, ինչը հակասում է ազատ շուկայական հարաբերությունների տրամաբանությանն ու հավասար մրցակցության գաղափարին: Իսկ եթե տարբերակված մոտեցում է ցուցաբերվում՝ յուրաքանչյուր մարզում ինչ-որ սպեցիֆիկ արտադրություն զարգացում խթանելու համար, ապա հայտնի չեն նման դեպքեր մյուս մարզերում: Օրինակ, Շիրակի, Արագածոտնի կամ որևէ այլ մարզում ո՞ր ընկերությունն է նման ծավալի աջակցություն ստացել կառավարությունից: Ի՞նչն է ՀՀ իշխանություների ընդգծված դրական վերաբերմունքի տրամաբանությունը. գոյություն ունի՞ արդյոք մարզերի զարգացման ծրագիր, որի շրջանակներում տնտեսական մոդելների փորձարկում է կատարվում: Եթե կա այդպիսի ծրագիր, ապա կառավարությունը պարտավոր է դրա մասին թափանցիկ տեղեկատվություն տրամադրել, որպեսզի հարկատուներս պատկերացում կազմենք, թե ինչի վրա են ծախսվում մեր գումարները:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: