20 մայիս, 2015 21:50

Բեմադրությո՞ւն, թե՞ կրակոց-մեսիջ

liska surik kachatryanԿապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «Լեքսուս» մեքենայի ուղղությամբ:

Տեղեկատվությունը առաջինը տարածեցին մերձիշխանական լրատվական ռեսուրսները: Ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը, որը չի առանձնանում լրատվամիջոցների հետ ինֆորմացիա կիսելու պատրաստակամությամբ, հաստատել է լուրի իսկությունը։

Խաչատրյանի կողմից դեպքի եղելությունը հաստատելուց անմիջապես հետո ՀՀ քննչական կոմիտեն շտապեց հաստատել Սյունիքի մարզպետի ասածները։

Այս ամենը տարօրինակ չէր թվա, եթե չլիներ նրա որդու հետ կապված վերջին աղմակահարույց միջադեպը։ Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Սուրիկ Խաչատրյանի որդու և Զարգարյան եղբայրների միջև վիճաբանության արդյունքնում եղբայրները ծանր մարմնական վնասվածքներ են ստացել։ Այդ միջադեպը մեծ աղմուկ բարձարցրեց հանրապետությունում, անգամ խորհրդարանում դարձավ պատագամավորների միջև վիճաանության թեմա։

ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունը միջադեպի հետ կապված վարույթ հարուցեց, որից հետո Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը անետացավ տեսադաշտից։ Սակայն ընդամենը մի քանի օր առաջ ինքնակամ ներկայացավ իրավապահ մարմիններին ու հարցաքննվեց։

Եվ ահա որդու ինքնակամ ներկայանալուց ընդամենը մի քանի օր հետո պարզվում է, որ Գորիսում կրակում են նրա հոր մեքենայի վրա։

Հաշվի առնելով վրդովմունքը Սուրիկ Խաչատրյան անձի շուրջ, խորհրդարանում բարձրացված աղմուկն ու ամողջ իշխանության նկատմամբ հնչող քննադատությունը՝ ամենաթողություն ու անարդարություն խրախուսելու առումով, պետք է ենթադրել, որ ինքնապաշտպանվելու համար Սուրիկ Խաչատրյանին անհրաժեշտ էր հիմնավոր հանգամանք։ Այս իրավիճակում այդպիսի հանգամանք կարող է լինել զոհի ու հալածյալի կարգավիճակը։ Հարցն այն չէ, թե Սուրիկ Խաչատրյանը թշնամիներ չունի, և ոչ ոք չէր ցանկանա նրա վրա կրակել: Ընդհակառակը, նրա անցյալը բավական է թշնամիների լիուլի բանակ ունենալու համար։ Սակայն այս պահին նրա մեքենայի վրա արձակած կրակոցը տարօրինակ ու կասկածելի է։

Կրակոցի մասին տեղեկատվությունը լսելուց հետո միանգամից սկսում ես մտածել, որ կազմակերպված բեմադրություն է։ Միաժամանակ, չպետք է բացառել, որ Սուրիկ Խաչատրյանին փորձում են ինչ-որ բան հասկացնել, ինչը նա չի հասկացել անուղղակի ակնարկներից։ Առաջիկա զարգացումներից առավել հստակ կերևա՝ բեմադրություն էր, թե կրակոց-մեսիջ։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: