27 մայիս, 2015 16:34

Կոռուպցիոն սկանդալ ՖԻՖԱ-ի շուրջ. Շվեյցարիան քրեական գործ է հարուցել

FIFAՇվեյցարիայի գլխավոր դատախազությունը քրեական հետաքննություն է սկսել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ, հաղորդում է Reuters-ը:

Շվեյցարիայի իշխանությունները մտադիր են ստուգել՝ ինչպես են ընդունվել 2018թ. և 2022թ. Ռուսաստանում և Կատարում աշխարհի առաջնությունների անցկացման վերաբերյալ որոշումները:

Դատախազության ներկայացուցիչները հարցաքննում են ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեից 10 անձանց, որոնք մասնակցել են վերոհիշյալ աշխարհի առաջնությունները հյուրընկալող երկրների ընտրությանը: Բացի այդ՝ ֆեդերացիայի կենտրոնակայանից առգրավվել են փաստաթղթեր և թվային տվյալներ:

ՖԻՖԱ-ի պաշտոնական հայտարարության մեջ ընդգծվում է, որ չնայած քրեական գործին՝ առաջնությունները կանցկացվեն Ռուսաստանում և Կատարում, ինչպես և նախատեսվում էր: Ուշագրավ է, որ կազմակերպությունը ողջունել է հետաքննության անցկացումը:

Ավելի վաղ՝ մայիսի 27-ին, հայտնի էր դարձել ԱՄՆ-ի իշխանությունների պահանջով ՖԻՖԱ-ի 9 պաշտոնյաների ձերբակալության մասին:

2018թ. և 2022թ. աշխարհի առաջնությունների կազմակերպիչների ընտրությունները կայացել են 2010թ. դեկտեմբերի 2-ին: Ռուսաստանն ընտրվել է որպես 2018թ. առաջնությունը հյուրընկալող երկիր: 2022թ. աշխարհի առաջնության հյուրընկալող երկիր էր դարձել Կատարը: Քվեարկությունից հետո պարբերաբար շրջանառվել են լուրեր այն մասին, որ վերոհիշյալ երկու երկրներն այդ իրավունքն ստացել են կոռուպցիայի միջոցով: