27 մայիս, 2015 15:17

«Հայփոստը» կմասնավորեցվի

Solak-POՓոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ընկերությունը կմասնավորեցվի: Կառավարությունը մայիսի 27-ին հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին, որի մշակումը պայմանավորված է պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների 1-ին ցանկում «Հայփոստ» ՓԲԸ-ի ընդգրկմամբ: Օրինագծի համաձայն՝ ակնկալվում է, որ ընկերության մասնավորեցումը կնպաստի մասնավոր ներդրումների ներգրավմանը, ֆինանսական հոսքերի ավելացմանը, ընկերության արդիականացմանը, փոստային կապի զարգացմանը:

«Հայփոստը»,  որպես իրավաբանական անձ, հիմնադրվել է 1994թ.: Այն եղել է և ներկայում էլ պետական սեփականություն հանդիսացող ընկերություն է: Ժամանակի ընթացքում նրա կարգավիճակը, կառավարման մարմինները և գործառույթները փոխվել են, ընկերությունը վերակազմակերպվել է մի քանի անգամ:

Ընկերության միակ բաժնետերը ՀՀ-ն է` ի դեմս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության:

2006թ. կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ ընկերության  բաժնետոմսերով հավաստված իրավունքը հանձնվել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթին» `5 տարի ժամկետով: 2012թ.կողմերը պայմանագրի գործողության ժամկետը երկարացրել են մինչև 2016թ. դեկտեմբերի 1-ը: «Հայփոստ Թրասթ Մենեջմենթը» պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:

«Հայփոստը» կառավարում է 1209 փոստային դասիչներ՝ սպասարկելով ավելի քան 750.000 հասցե ՀՀ-ի ողջ տարածքում՝ իր 885 փոստային բաժանմունքների միջոցով: Նշված փոստային բաժանմունքներից 250-ը ամբողջովին վերանորոգվել, արդիականացվել և տեխնիկապես վերազինվել են:

2015թ. հունվարի 1-ի դրությամբ  ընկերությունն ունի 2959 աշխատակից: