11 հունիս, 2015 09:26

Երեք նախագահ, որ այցելել են Երևան, բայց չեն բարձրացել Ծիծեռնակաբերդ

Bashar al-Assad visits Yerevan ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր նստավայրի բակում ողջունում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, հունիս, 2009թ.:

Հունիսի առաջին օրերին Դամասկոս մեկնած Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը ընդունել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Արդեն Երևանում, հայկական պատվիրակության ղեկավար Տաճատ Վարդապետյանը հայտարարել է, որ Ասադը հանդիպման ընթացքում խոստացել է, որ Սիրիան մոտ ապագայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Դա, անշուշտ, հավանական սցենար է, հաշվի առնելով այն իրողությունը, որ Թուրքիան Սիրիայի դեմ իրականացնում է ուղղակի և անուղղակի ագրեսիա:

Հիշենք, սակայն, որ Ասադը այն երեք նախագահներից է, ով այցելելով Երևան, չի բարձրացել Ծիծեռնակաբերդի բարձունք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայաստանի արարողակարգը ենթադրում է, որ պաշտոնական այցով Երևանում գտնվող նախագահը պետք է ծաղկեպսակ կամ ծաղիկներ դնի Ծիծեռնակաբերդում: Ասադը Հայաստանում էր պաշտոնական այցով: Նա անտեսեց Հայաստանի արարողակարգը, քանի որ այդ օրերին թուրք-սիրիական հարաբերությունները գագաթնակետին էին, և Ասադը չէր կարող նեղացնել իր թուրք բարեկամներին՝ Աբդուլլահ Գյուլին ու Ռեջեփ Թայյիփ Էրդողանին:

Ծիծեռնակաբերդի բարձունք չի բարձրացել պաշտոնական այցով Հայաստան ժամանած մեկ այլ առաջնորդ՝ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Պատճառը հավանաբար նույնն էր՝ չնեղացնել թուրք բարեկամներին, անգամ եթե անտեսվում է հյուրընկալ երկրի արարողակարգը:

Եվ վերջապես երրորդ նախագահը, ով եղել է Երևանում, բայց չի բարձրացել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Թուրքիայի նախկին ղեկավար Աբդուլլահ Գյուլն է: Վերջինս Հայաստանում էր ոչ պաշտոնական այցով, եկել էր Սերժ Սարգսյանի հետ ֆուտբոլ դիտելու:

Հայտնի չէ՝ արդյոք հայկական կողմը Գյուլին առաջարկե՞լ է բարձրանալ Ծիծեռնակաբերդ: Հավանաբար՝ ոչ, հաստատ՝ ոչ, հաշվի առնելով այն իրողությունը, որ Գյուլը ոչ էր ասելու: Բացի այդ, ֆուտբոլային դիվանագիտության օրերին օրակարգի վրա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն էր:

Ուշագրավն այն է, որ հետագայում, երբ արդեն հայ-թուրքական հարաբերությունները ավելի բարդացան, հայկական կողմը նոր նախագահ Էրդողանին հատուկ նամակով հրավիրեց Երևան՝ Ապրիլ 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ: Սերժ Սարգսյանը հրավերը անձամբ Էրդողանին փոխանցելու նպատակով իր արտգործնախարարին գործուղեց Անկարա:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: