15 հունիս, 2015 11:52

Յակունինի ընկերությունը սրբագրում է Յակունինին

ՌԺԴ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը: ՌԺԴ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը:

«Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» ընկերությունը (ՌԺԴ) պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել, որը հակասում է ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի օրեր առաջ արած հայտարարությանը՝ կապված Հայաստան-Իրան երկաթգծի նախագծի հետ:

Հաղորդագրությունում ասվում է. «Աշխարհաքաղաքական տեսանկյունից երկաթգծի կառուցման նախագիծը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետություն համար՝ տրանսպորտային ենթակառուցվածքները եվրասիական և համաշխարհային տրանսպորտային համակարգի հետ ինտեգրացիայի տեսակետից: Միաժամանակ, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, հաշվի առնելով նման մասշտաբի նախագծերի նշանակալի արժեքն ու եկամտաբերության երկարատև ժամկետները, ինչի հետևանքով դրանք կոմերցիոն տեսակետից քիչ հրապուրիչ են բիզնեսի համար, նախագծերի իրականացումն առանց պետության աջակցության, դժվար է: Ռուսական և միջազգային փորձը ցույց է տալիս, որ ռազմավարական ենթակառուցվածքային նախագծերին պետական աջակցությունը նշանակալի մուլտիպլիկատիվ էֆեկտ է ստեղծում արդյունաբերության համար և կարևոր նշանակություն ունի տնտեսության կայուն զարգացման համար»:

Ընդամենը մի քանի օր առաջ ՌԺԴ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը հայտարարել էր. «Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը կոմերցիոն տեսակետից անիմաստ է, այդ իսկ պատճառով արդյունավետ չէ: Դա նման է այն բանին, որ պատի վրա լուսամուտ տեղադրես, որը նայում է ոչ մի տեղ»:

Յակունինի ասած «ոչ մի տեղ չնայող պատուհանը» փաստացի Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների ինտեգրացիան է համաշխարհային տրանսպորտային ենթակառուցվածքներին:

ՌԺԴ-ն այս հայտարարությամբ փաստացի անհրաժեշտ է համարել արագ արձագանքել, որովհետև Հայաստանում արդին իսկ սկսել էին հայտարարություններ հնչել տարածաշրջանում Ռուսաստանի ապակառուցողական դերակատարության մասին:

Հայտարարությունները հայտարարություններով, սակայն արդեն վաղուց ժամանակն է, որ գործնական քայլեր ձեռնարկվեն Հայաստան-Իրան երկաթգիծը իրականություն դարձնելու ուղղությամբ: Այն եզակի հնարավորություն է չեզոքացնելու Հայաստանի տնտեսական շրջափակումը և փոխելու երկրի աշխարհաքաղաքական կարգավիճակը տարածաշրջանում:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: