23 հունիս, 2015 16:01

Ռոբերտ ջան, սիրուն չի

robert nazaryan (2)«Տարոն ջան, սիրուն չի». հենց այսպես հանգուցալուծվեց Մաշտոցի այգու հարցը 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Իհարկե, «սիրուն չի»-ն իրավական, անգամ բարոյագիտական կատեգորիա չէ: Բայց փաստը մնում է փաստ, որ Մաշտոցի այգու խնդիրը լուծվեց ոչ թե ճարտարապետական ինչ-ինչ նորմեր հաշվի առնելով կամ էլ սեփականատիրության իրավունքի պաշտպանության գերակայության հիման վրա, այլ որ երկրում թիվ մեկ հարց և բոլոր հարցեր լուծողը որոշեց, որ «սիրուն չի»: Եվ տվյալ դեպքում բոլորովին կապ չունի, որ հարցը բացառապես Երևանի քաղաքապետարանի իրավասությանն էր վերաբերում:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողները քաղաքական նպատակ, համենայն դեպս՝ հրապարակայնորեն, չեն դնում: Չեն հայտարարում, օրինակ, որ չեն ճանաչում Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, հետևապես որևէ դեպքում չեն բանակցի նրա հետ: Նրանք նաև լավ հասկանում են, որ հարցեր լուծողը ոչ թե ՀԾԿՀ-ն է, այլ Սերժ Սարգսյանը:

Նրանց գերագույն պահանջը թանկացումը կանխելն է:

Եթե քաղաքական նպատակ չի դրվում, և պահանջը մնում է էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկելը, ապա հարց է առաջանում՝ ինչու են մերժում հանդիպումը Սարգսյանի հետ:

Միգուցե՞ նա բան ուներ (ունի) առաջարկելու ստեղծված իրավիճակում:

Միգուցե՞ ավելի պրագմատիկ է հանդիպելն ու ինչ-որ բան փորձել ստանալը քան փողոց փակելն ու բռնության ենթարկվելը (միամտություն կլինի հավատալ, որ ցուցարարներն այդ սցենարը չէին պատկերացրել իրենց մտքում):

Միգուցե՞ նա կարող է հանդես գալ բարի առաջնորդի դերում և ասել՝ «Ռոբերտ ջան, սիրուն չի»...

Հ.Գ.

Եթե պահանջը քաղաքական է, միայն կարելի է ողջունել: Մինչ այս պահը, սակայն, քաղաքական պահանջ չի ձևակերպվել:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: