23 հունիս, 2015 17:29

Ոստիկանության կայքը հաքերային հարձակման է ենթարկվել

SM_PoliceՈստիկանության կայքը` police.am-ը, հաքերային հարձակման է ենթարկվել և այս պահին` 17:30-ի դրությամբ, հասանելի չէ: Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ սա Հայաստանում առաջին քաղաքացիական հաքերային հարձակումն է:

«Նոր հետս կապնվեց լրիվ նոր հաքերային թիմ՝ ասացին, որ հարձակում են կատարել ոստիկանության կայքի վրա՝ վերջին իրադարձությունների հետ կապված։ Իսկապես՝ կայքը չի աշխատում։ Հաքերային խմբի մասին ոչինչ չգիտեմ՝ հարցեր մի տվեք։ Սա իրենց թվիթերն է https://twitter.com/Antisystem374 ։ Արձանագրեմ՝ սա առաջին քաղաքացիական հաքերային հարձակումն է Հայաստանում. ես ուրիշ չեմ հիշում նման դեպք»,- գրել է նա:

***

Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշման մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ:  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Բողոքի ցույցերի մասին

Ուրբաթ՝ հունիսի 19-ի երեկոյան, Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրահավաք հրավիրեց, որը արդյունքում վերածվեց եռօրյա նստացույցի: Ցուցարարները վերջնագիր ներկայացրին իշխանություններին՝ մինչև երկուշաբթի երեկոյան չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը:

Երկուշաբթի՝ հունիսի 22-ի երեկոյան, ցուցարարները Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Բաղրամյան փողոցի սկզբնամասում նրանք հանդիպեցին ոստիկանական ամուր պատնեշի:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին զգուշացնում էր, որ նրանց գործողությունները անօրինական են: Ցուցարարների խմբի հետ պատրաստակամություն հայտնեց հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա առաջարկը, սակայն, մերժվեց:

Չկարողանալով առաջ շարժվել՝ ցուցարարները նստացույց սկսեցին Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունը ժամը 23:00-ին կրկին զգուշացրեց, որ «գործողություններն անօրինական են և խախտում են հասարակական կարգը»: Ժամը 1:00-ին անջատվեցին Բաղրամյան պողոտայի լույսերը:

Լուսադեմին ոստիկանությունը ուժով ցրեց բողոքի ցույցը և հաղորդեց 237 քաղաքացու ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելու մասին:

Ոստիկանությունը, վկայակոչելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը, պարզաբանեց, որ ուժի է դիմել, քանի որ «հավաքի մասնակիցները չեն կատարել ոստիկանության պահանջը»: Ցուցարարներին բերման են ենթարկել նաև քաղաքացիական հագուստով անձինք, որոնց գործողություններին ոստիկանները չեն խոչընդոտել: Ոստիկանությունն այս մասին պարզաբանում չի ներկայացրել:

Ոստիկանության գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել նաև լրագրողները:

Դեպքերի առնչությամբ Գլխավոր դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով: