23 հունիս, 2015 12:15

Սերժ Թանգյանի կարծիքով՝ կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է ազգայնացվեն

serj-tankianԱշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երևանում անցկացվող ցույցերին:

Թանգյանը գրել է.

«1) Կոմունալ ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա մենաշնորհային ընկերությունները պետք է ազգայնացվեն և խիստ կարգավորվեն ու ստուգվեն անկախ մարմնի կողմից;

2) Հայաստանի քաղաքացիական հանրությունն ամրապնդվում է;

3) Քաղաքացիական անհնազանդության նախորդ խաղաղ հաջողված ակցիաները` ուղղված այնպիսի նախաձեռնությունների դեմ, ինչպիսին տրանսպորտի սակագնի բարձրացումն էր, արդեն տվել են իրենց պտուղները»:

***

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1-ից մոտ 7 դրամով բարձրացնելու մասին որոշման դեմ ցույցը մեկնարկել էր հունիսի 19-ի երեկոյան Ազատության հրապարակում: Եռօրյա նստացույցի մասնակիցները վերջնագիր էին ներկայացրել` իշխանություններից պահանջելով մինչև հունիսի 22-ի երեկոյան չեղյալ համարել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը:

Հունիսի 22-ի երեկոյան ցուցարարները երթով շարժվել էին դեպի նախագահի նստավայր` չնայած Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նախազգուշացմանը, որ երթը և ցույցը անօրինական է: Բաղրամյանի սկզբում ոստիկանությունն արդեն կազմել էր մեծ պատնեշ՝ կենտրոնացնելով նաև ջրցան մեքենաներ:

Չկարողանալով առաջ շարժվել՝ ցուցարարները նստացույց էին սկսել: Նրանք մերժել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մի քանի հոգանոց խմբով հանդիպելու առաջարկը: Քաղաքացիների հետ ժամեր տևած բանակցություններից հետո ոստիկանությունը հունիսի 23-ի առավոտյան ուժի գործադրմամբ ցրել էր ցույցը: Բերման էր ենթարկվել 237 քաղաքացի:

Ոստիկանությունն ավելի ուշ պարզաբանել էր, թե ինչու է ցրել ցույցը:

Տեղեկանք

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը միաձայն ընդունել է հունիսի 17-ին: Ըստ այդմ` ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ/ կՎտժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ-ից` 38.78 դրամ/կՎտժ: Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման մենաշնորհ ունեցող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտ էր ներկայացրել սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ: