23 հունիս, 2015 17:38

«Վեստին» յուրովի է մեկնաբանել երևանյան դեպքերը

MHM96970Ռուսական «Վեստի» լրատվական հեռուստաալիքը յուրովի է անդրադարձել Երևանում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած ցույցերին և ոստիկանության գործողություններին: «Վեստին» նշում է, որ ոստիկանության և ցուցարարների բախման արդյունքում տուժել է 18 մարդ, որից 11-ը՝ ոստիկան:

Ըստ «Վեստի» ծրագրի լուրի՝ «ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի իրենց հետ հանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը», սակայն «ցուցարարները մերժել են իշխանությունների՝ հինգ-վեց հոգանոց խմբով նախագահի հետ հանդիպելու առաջարկը»:

***

Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշման մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ:  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Բողոքի ցույցերի մասին

Ուրբաթ՝ հունիսի 19-ի երեկոյան, Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրահավաք հրավիրեց, որը արդյունքում վերածվեց եռօրյա նստացույցի: Ցուցարարները վերջնագիր ներկայացրին իշխանություններին՝ մինչև երկուշաբթի երեկոյան չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը:

Երկուշաբթի՝ հունիսի 22-ի երեկոյան, ցուցարարները Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Բաղրամյան փողոցի սկզբնամասում նրանք հանդիպեցին ոստիկանական ամուր պատնեշի:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին զգուշացնում էր, որ նրանց գործողությունները անօրինական են: Ցուցարարների խմբի հետ պատրաստակամություն հայտնեց հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա առաջարկը, սակայն, մերժվեց:

Չկարողանալով առաջ շարժվել՝ ցուցարարները նստացույց սկսեցին Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունը ժամը 23:00-ին կրկին զգուշացրեց, որ «գործողություններն անօրինական են և խախտում են հասարակական կարգը»: Ժամը 1:00-ին անջատվեցին Բաղրամյան պողոտայի լույսերը:

Լուսադեմին ոստիկանությունը ուժով ցրեց բողոքի ցույցը և հաղորդեց 237 քաղաքացու ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելու մասին:

Ոստիկանությունը, վկայակոչելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը, պարզաբանեց, որ ուժի է դիմել, քանի որ «հավաքի մասնակիցները չեն կատարել ոստիկանության պահանջը»: Ցուցարարներին բերման են ենթարկել նաև քաղաքացիական հագուստով անձինք, որոնց գործողություններին ոստիկանները չեն խոչընդոտել: Ոստիկանությունն այս մասին պարզաբանում չի ներկայացրել:

Ոստիկանության գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել նաև լրագրողները:

Հունիսի 23-ի առավոտյան հաղորդվել էր 9 տուժածի մաիսն,http://civilnet.am/2015/06/23/5-protesters-in-reanimation/#.VYlMs0aOLcs, նրանց թիվը ավելի ուշ գերազանցել էր մեկ տասնյակը: Որևէ տեղեկություն չի հաղորդվել՝ տուժածների մեջ ոստիկաններ կան, թե՝ ոչ:

Դեպքերի առնչությամբ Գլխավոր դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով: