25 հունիս, 2015 17:08

Վլադիմիր Գասպարյանն է որոշում՝ ով ինչով զբաղվի

vladimir gasparyan«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը երեկ գիշեր [հավանաբար Սերժ Սարգսյանին հասցեին հնչեցված վանկարկումների պատճառով] Բաղրամյան պողոտայում խոսել է իր և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին: «Ոստիկանապետը ողջունել է մեր պայքարը, ասել է՝ լավ եք անում, որ պահանջում եք, միայն թե թույլ չտաք, որ քաղաքականացվի»,- ասել է Շուշանյանը:

Ոստիկանության գործառույթը հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, ոչ թե պայքարի տեսակները որոշելը: ՀՀ Սահմանադրությունում և օրենքներում չկա որևէ մի կետ, ըստ որիոստիկանապետը [կամ որևէ այլ պաշտոնյա] պետք է որոշի կամ ցուցում տա՝ որևէ շարժում քաղաքականացնել կամ ոչ:

Վլադիմիր Գասպարյանը փաստացի նշել է այն գինը, որը վճարելու դեպքում ոստիկանները չեն հարձակվի խաղաղ ցուցարարների վրա: Այդ գինը Բաղրամյան պողոտայում Սերժ Սարգսյանին անհանգստացոնղ կոչեր չհնչեցնելն է: Իսկ այն, ինչ անհանգստացնում է Սարգսյանին, մեխանիկորեն կանհանգստացնի նաև Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած ոստիկանական զորքերին:

Բոլորի համար էլ պարզ է, որ եթե նույնիսկ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա, Հայաստանում որակական փոփոխություն տեղի չի ունենալու: Թանկացումը համակարգի արտավոր բնույթի հետևանքն է, այդպիսի հետևանքներ եղել են ու կլինեն առաջիկայում, քանի դեռ իշխանական ու քաղաքական համակարգը արմատապես չի բարեփոխվել:

Հաճախ այս շարժումը նմանեցնում են «100 դրամի» շարժմանը, ինչը ճիշտ է, սակայն հանրային տրանսպորտը 50 դրամով չթանկացնելը որևէ կերպ չազդեց հանրային տրանսպորտի ոլորտում տիրող իրավիճակի վրա, այն ազդեց ՀՀ քաղաքացու կենսակերպի վրա ուղիղ 50 դրամով, և վերջ: Հանրային տրանսպորտի ոլորտը Երևանում և Հայաստանում մնաց կյանքի համար վտանգավոր, չկարգավորված, կոռումպացված, որի շահագործումից հարստանում են իշխանության մեծ ու փոքր ներկայացուցիչները:

Նույնը կլինի էներգետիկ ոլորտում, եթե համակարգային փոփոխության պահանջ չի դրվում: Եթե իշխանությունը նահանջում է միայն սակագինը չբարձրացնելով, ապա դա կլինի հաղթանակ, սակայն ոչ այն հաղթանակը, որը կցանկանար տեսնել փողոց դուրս եկած քաղաքացին:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: