26 հունիս, 2015 14:51

Կջարդենք ձեզ քաղաքացիական հագուստով

Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանական ուժերի կողմից Բաղրամյան պողոտայում նստացույց անող քաղաքացիներին ցրելու օպերացիայի ժամանակ առանձնակի դաժանությամբ ու գործողությունների ոչ իրավաչափությամբ աչքի ընկան քաղաքացիական հագուստով անձինք: Վերջիներս մինչև ոստիկանության կողմից բռնի ուժով Բաղրամյան պողոտան մաքրելը տևական ժամանակ կանգնած էին ոստիկանական ուժերին ու ցացարարներին բաժանող միջանցքում և ակտիվորեն համագործակցում էին ոստիկանության հետ: Նրանք չունեին տարբերանշան, իրենց ով լինելու վերաբերյալ լրագրողների ու քաղաքացիենրի հարցերին պատասխան չէին տալիս:

Ոստիկանության կողմից բռնի ուժ կիրառելուց հետո արդեն անցել է երեք օր, սակայն մինչև հիմա ՀՀ իրավապահ համակարգը պատասխան չի տալիս, թե ովքեր են եղել քաղաքացիական հագուստով այդ անձինք, որոնք բռնի ուժ կիրառելով քաղաքացիների նկատմամբ՝ առևանգում էին նրանց Բաղրամյան պողոտայից, բռնության ենթարկում լրագրողներին ու խոչընդոտում նրանց աշխատանքը:

Այժմ շուրջօրյա նստացույցի մասնակիցներից ոմանք սերտ համագործակցում են ոստիկանության ղեկավարության հետ: Ավելին՝ այս ընթացքում սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներում փորձ է արվում կերտել բարի ոստիկանի կերպար: Իսկ Բաղրամյան պողոտայում չի հնչում ոչ իրավաչափ ուժ կիրառած ոստիկաններին և քաղաքացիական հագուստով անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջ:

Միգուցե այդպիսի պահանջ չի դրվում, որպեսզի չգրգռեն ոստիկանության ղեկավարությանը, որպեսզի նրանք համագործակցող, բարի ոստիկանի կերպարից դուրս չգան ու բնական կերպով սկսեն հարաբերվել ցուցարարների հետ:

Սակայն կատարած հանցագործությունը ներելով՝ պարարտ հող է ստեղծվում ավելի մասշտաբային հանցագործության համար, ուժեղանում է անպատասխանատվության զգացողությունը: Միաժամանակ, երևակայական բարի ոստիկանություն կերտելը խիստ վտանգավոր է, քանզի այդ բարությունը կարող է 180 աստիճանով փոխվել, երբ Բաղրամյան 26-ից հրահանգ իջնի: Այդ դեպքում քաղաքացիական հագուստով մարդիկ կլինեն էլ ավելի շատ, զինված ու ավելի դաժան:

Մարտի 1-ի հանցագործությունները դեռ թարմ են մարդկանց հիշողության մեջ: Հիշեք՝ մարտմեկյան ոճրագործության համար դեռ որևէ մեկը չի պատժվել: Չպատժված հանցագործությունենրի շղթան միշտ նոր հանցագործություններ է ծնում:

Այսօր համացանցում հայտնված նոր տեսահոլովակում ավելի համապարփակ պատկերացում կարելի է կազմել, թե ինչպես են քաղաքացիական հագուստով անձինք «օգնել» ոստիկանությանը:

https://www.youtube.com/watch?t=431&v=iZi1Ah_Y3ps

 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: