26 հունիս, 2015 23:45

Հունիսի 26-ի զարգացումները` ուղիղ. թարմացվող

ՍիվիլՆեթը հունիսի 26-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի շարունակվող ցույցը ներկայացնում է հակադարձ ժամանակագրությամբ: Ցույցերը կարող եք դիտել նաև ՈՒՂԻՂ հեռարձակմամբ:

1:50

Բաղրամյան փողոցը նախորդ բոլոր գիշերներից ավելի բազմամարդ է:

1:35

Ցուցարարներից ոմանք բարձրացել են աղբամանների վրա: Ոստիկանները հորդորում են իջնել:

00:59

ՍիվիլՆեթի թղթակիցը հաղորդում է, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանների ակտիվացում է նկատվում, նրանք իրենց վահաններով շարք են կազմել: Քիչ առաջ այստեղ էր ժամանել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ցուցարարները կոչ արեցին նստել, և նստեցին:Untitled

00:45

Հոգևորականները աղոթք սկսեցին: Ցուցարարները ոստիկանների առջև կանգնած աղոթում են:

23:57

ՀՀԿ գործադիր մարմնի շուրջ 2.5 ժամ տևած նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով Բաղրամյան պողոտայում ընթացող ցույցերի մասին, ասաց. «Սա քաղաքական պայքար չէ, այլ մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության...Ես դրական եմ գնահատում մեր քաղաքացիների խաղաղ պայքարը»:

Շարմազանովն ասաց, որ ՀԷՑ-ում պետք է աուդիտ անցկացվի:

Հարցին, արդյոք աուդիտի անցկացումը նշանակում է, որ թանկացման որոշումը կկասեցվի, նա պատասխանեց. Ես այդ պաշտոնյան չեմ, որ այդ հարցին պատասխանեմ: ՀՀԿ գործադիր մարմինն էլ այն մարմինը չէ, որ նմանատիպ որուշումներ կայացնի»:

Շարմազանովը նշեց, որ ոստիկանությունն իր պարտականությունը լավ է կատարել:

Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց մասին նա ասաց «մեր քույրերն ու եղբայրներն են»:

23:49

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է եկել: ՍիվիլՆեթի թղթակցի հաղորդմամբ՝ նա ինչ-որ հրահանգներ է տալիս ոստիկաններին:

23:18

Untitled«Սա ինձ 88-ի շարժումն է ուշացնում: Սա էլ է քաղաքական շարժում: Ի վերջո, նրանք էլ կարող են դառնալ քաղաքական ուժ: Ես այդ պոտենցիալը տեսնում եմ, որ նրանք քաղաքական դերակատարություն ստանձնեն»,- ասում է ԱԺ պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

22:27

khachatur sukiasyan«Աուդիտը շատ կարևոր է: Դա չպետք է մեկ-երկու տարի լինի: Դա պետք է շարունակական լինի»,- ասում է գործարար Խաչատուր Սուքիասյանը: Նա կարծում է, որ ՀԷՑ-ում ոչ միայն վատ կառավարումն է խնդիրը, այլև ստվերը:

22:21

Գործարար Վահան Քերոբյանն ասում է, որ եթե աուդիտ պետք է անցկացվի ՀԷՑ-ում, դա կլինի առաջին տրամաբանական որոշումը: Դա, ըստ նրա, ավելի վաղ պետք է արվեր: vahan kerobyanՆա հաշվարկ է արել և ասում է, որ սակագինը հնարավոր է իջեցնել մինչև 36 դրամ:

22:16

«ՉԵՂԱՐԿՈՒՄ» վանկարկում են ցուցարարները և պահանջում չեղարկել ՀԾԿՀ որոշումը: ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելը նրանց չի բավարարում:

21:49

UntitledՓաստաբան Արսեն Թավադյանը, խոսելով Սերժ Սարգսյանի՝ ՀԷՑ-ում միջազգային աուդիտ անցկացնելու առաջարկի մասին, ասում է, որ աուդիտը իրավական պարտադրանք չի նշանակում, այն կարող է որպես ապացույց հանդես գալ սակագնի բարձրացման որոշումը չեղարկելու համար: Նա ասում է, որ օրենքի սահմաններում հնարավոր է կասեցնել ՀԾԿՀ որոշումը:

21:27

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանն ասում է, որ իրենց չի բավարարում, որ աուդիտ է անցկացվելու ՀԷՑ-ում: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը:

21:20

Երեք ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ լուր ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդագրությունից. 1. Սերժ Սարգսյանն առաջարկում է ՀԷՑ-ում աուդիտ անցկացնել 2. Պերմյակովի գործի վարույթը հանձնվում է ՀՀ քննչական կոմիտեին 3. Ռուսաստանը Հայաստաին 200 մլն դոլար վարկ է տրամադրում

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդգրությունը: Թավով ընդգծումները՝ ՍիվիլՆեթի:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության Նախագահը ողջունել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի պատվիրակությանը և ընդգծել, որ հանձնաժողովը կարևոր դեր ունի երկու երկրների տնտեսական փոխգործակցության զարգացման գործում:

Սերժ Սարգսյանի խոսքով, հանձնաժողովի՝ միայն նախորդ և այս նիստերի միջև ընկած ժամանակահատվածում (վերջին մեկուկես տարվա ընթացքում) ստորագրվել և ուժի մեջ են մտել շուրջ երեք տասնյակ միջազգային, միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր, որոնք լրացնում են հայ-ռուսական իրավապայմանագրային բազան: Եվս մոտ տասը փաստաթուղթ գտնվում է մշակման փուլում:

Նախագահը գոհունակությամբ է նշել, որ այդ ժամանակահատվածում լուծվել են Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանին մատակարարվող բնական գազի գնագոյացման հարցը. հունվարի 1-ից Հայաստանը 1000 խմ համար վճարում է 165 ԱՄՆ դոլար՝ նախկին 189 ԱՄՆ դոլարի փոխարեն: Նախագահի խոսքով, դա թույլ տվեց չթանկացնել և կայուն պահել բնական գազի սակագինը՝ չնայած ԱՄՆ դոլարի և ՀՀ ազգային արժույթի՝ դրամի փոխարժեքի տատանմանը:

Սերժ Սարգսյանի խոսքով, միջկառավարական հանձնաժողովի այսօրվա նիստը նշանավորվեց նաև Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրմամբ, ինչը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին:

Օգտվելով առիթից՝ Նախագահը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի իրավապահ մարմիններին և, մասնավորապես՝ դատախազությանը այս տարի հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության հետաքննության կազմակերպման հարցերով Հայաստանի դատախազության հետ արդյունավետ փոխգործակցության համար: Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ Հանրապետության Նախագահի, անկասկած, արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին:

Միևնույն ժամանակ, Նախագահը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազան հանդիսանում է մեր երկրի անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչ:

Նշելով, որ արդեն ուժի մեջ է մտել Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեության արդիականացման և գործունեության ժամկետի երկարացման մասին համաձայնագիրը, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Ռոսատոմի մասնագետներն արդեն սկսել են աշխատանքն այդ ուղղությամբ:

Անդրադառնալով Երևանում արդեն մի քանի օր էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիային՝ Հանրապետության Նախագահն ասել է, որ որոշ փորձագետներ փորձում են այդ ամենի մեջ հակառուսական տրամադրություններ փնտրել: Նա ընդգծել է, թե իրեն ուրախացնում է, որ ցուցարարներն իրենք են հաստատում այդ ենթադրությունների անհեթեթությունը:

Նախագահը տեղեկացրել է հյուրերին, որ Հայաստանում ստիպված գնացին ժողովրդականություն չվայելող քայլի՝ հաշվի առնելով հայկական դրամի ինֆլյացիայի մակարդակը և արտադրվող էներգիայի ինքնարժեքի բարձրացումը: Ըստ նրա, անշուշտ, հաշվի են առնվել նաև սակագնի բարձրացման սուբսիդավորման միջոցով անապահով ընտանիքների սոցիալական աջակցության հարցերը. երեկ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի շուրջ 105 հազար ընտանիք, այսինքն՝ Հանրապետության շուրջ 400 հազար քաղաքացի կստանան փոխհատուցում: Նոր սակագնի հաշվարկումն իր մեջ չի ներառում Բաշխիչ ցանցերի գործունեության հնարավոր բացթողումների հետ կապված կորուստները:

Ըստ Նախագահի, ճիշտ կլինի, որ միջկառավարական հանձնաժողովը առանձնահատուկ ուշադրություն դարձնի Հայաստանում ռուսաստանյան ընկերությունների գործունեությանը: Ռուսաստանը Հայաստանի առաջին ներդրողն է՝ ՌԴ համախառն ներդրումները կազմել են ավելի քան 3 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը Հայաստանի տնտեսության համար լուրջ թիվ է: «Մենք մի կողմից ուզում ենք, որ դուք զբաղվեք այդ ներդրումների պաշտպանությամբ, իսկ մյուս կողմից՝ տվյալ հարցին նայեք այդ ընկերությունների սոցիալական պատասխանատվության տեսանկյունից»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշել է, թե ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մաքսիմ Սոկոլովը գոհունակությամբ է նշել, որ Երևանում կայացած հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, ընթացել է հաջող՝ աշխատանքն ավարտելով հստակ արդյունքներով: Նա նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո որակապես նոր հնարավորություններ են բացվել փոխգործակցության և Հայաստանի գործարար համայնքի համար՝ միության տարածքում իրենց գործարար ծրագրերի իրագործման համար:

Մաքսիմ Սոկոլովը գոհունակությամբ է նշել, որ հայ-ռուսական ներդրումային համագործակցությունը դինամիկ զարգանում է՝ այս ընթացքում Հայաստանում բացվել են ռուսաստանյան կապիտալի մասնակցությամբ ընկերություններ և ընդգծել է, որ իր տեղեկություններով ներդրողները Հայաստանում նոր ձեռնարկությունների կառուցման ծրագրեր ունեն, այդ թվում՝ գյուղմթերքի աճեցման և վերամշակման ոլորտում: Այս համատեքստում Մաքսիմ Սոկոլովը կարևորել է այսօր Երևանում ՌԴ առևտրային ներկայացուցչության նոր գրասենյակի բացումը, որը, նրա համոզմամբ, թույլ կտա, որպեսզի գործարարներն ավելի սերտ և արդյունավետ համագործակցեն միմյանց հետ:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգետիկայի ոլորտում բաշխիչ ընկերության գործունեությանը, ըստ Մաքսիմ Սոկոլովի միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ կառավարության շենքում փոխվարչապետի, էներգետիկայի նախարարի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի հետ մանրամասնորեն դիտարկել են նախկին ժամանակաշրջանում այդ ընկերության գործունեության հետ կապված բոլոր հարցերը: Ամենակարևորը, ըստ նրա, նշվել է, որ կա հստակ ծրագիր՝ այդ ձեռնարկությունը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար՝ որոշակի միջոցառումներով և դրանք իրականացնելու ժամանակացույցով, անհրաժեշտ միջոցներով:

ՀՀ Նախագահի առաջարկի հետ կապված՝ Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո կկազմակերպվի ընկերության գործունեության աուդիտը՝ ներգրավելով փորձագետների, բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին, այդ ամենն իրականացնելով առավելագույնս բաց և թափանցիկ, որպեսզի աուդիտի արդյունքներով բոլորին հասկանալի և միանշանակ լինի իրավիճակը, և ոչ մեկի մոտ հարցեր չծագեն:

Մաքսիմ Սոկոլովը ՀՀ Նախագահին վստահեցրել է, որ երկու երկրների նախագահների կողմից տրվող հանձնարարականները և բոլոր այն առաջարկներն ու ծրագրերը, որոնք ներկայացվում են միջկառավարական հանձնաժողովին, կգտնվեն հանձնաժողովի մշտական ուշադրության ներքո և կիրականացվեն նախատեսված ժամկետներում:

21:00

Նիկոլայ Բաղդասարյանը, որը դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանն է, փաստում է, որ լրագրողների նկատմամբ բռնության համար գործ է հարուցվել, սակայն գործեր չեն հարուցվել լրագրողական գործունեություն խոչընդոտելու հոդվածով:

Նա ասաց, որ բանտում Վարդան Պետրոսյանը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հացադուլը հայտարարել է խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար, սակայն նրա առողջական վիճակը թույլ չի տա շարունակել հացադուլը:

20:50

Ժամը 18-ին Ազատության հրապարակից հավաքված հանրությունը փորձեց շարժվել դեպի Բաղրամյան պողոտա: Ոստիկանությունը նրանց թույլ չէր տալիս գնալ դեպի Բաղրամյան: Մաշտոցի պողոտան այդ ընթացքում փակվել էր: Ոստիկանությունը նոր ուժեր է կուտակել Բաղրամյան պողոտայում և հարակից տարածքներում: «Ազատություն» ռադիոկայանին Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը ոստիկանական նոր ուժերի, կարմիր բերետավորների կուտակումը մեկնաբանել է, որ ոստիկանությունը «իրականացնում է իր գործառույթը»:

---

16:15

Հունիսի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:00-ին, Մոսկվայում ՀՀ դեսպանության մոտ տեղի կունենա ակցիա՝ ի համերաշխություն Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի շարժման: Մանրամասները` այստեղ:

16:00

MHM97019 copy«Ոչ թալանին» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է իր պահանջները:

Դրանք են`

1. Վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը:

2. Վերանայել անցած տարվա սակագինը` նվազեցման նպատակով:

3. Պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 23-ի առավոտյան, Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին: Ինչպես նաև պատժել նրանց անօրինական հրաման տվողներին:

14:10

11222305_871789019581633_815169934403245447_n«[ՀՀ երկրորդ նախագահ] Ռոբերտ Քոչարյանը ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Նա առայժմ չի ուզում հրապարակայնորեն արտահայտվել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի թեմայով, քանի որ չի ցանկանում թեժացնել առանց այդ էլ լարված իրավիճակը։ Սակայն առաջիկայում նախագահ Քոչարյանը անպայման կներկայացնի իր տեսակետը ինչպես այս, այնպես էլ` կուտակված այլ խնդիրների վերաբերյալ». այսպիսի պատասխան է տվել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ ի պատասխան Yerevantoday.am կայքի հարցման:

8:00

IMG_0324Գիշերը Բաղրամյան պողոտայում անցավ խաղաղ և առանց որևէ միջադեպի: Նստացույցի մասնակիցներն առավոտյան արդեն ըստ ավանդույթի` մաքրեցին փողոցը: Առավոտյան, ինչպես երեկ, նստացույցի վայր կրկին այցելեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը շրջեց նստացույցի վայրով, կարճատև զրույց ունեցավ ցուցարարների հետ: ՍիվիլՆեթի տեսանյութը` այստեղ:

***

Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշման մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ:  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Բողոքի ցույցերի մասին

Ուրբաթ՝ հունիսի 19-ի երեկոյան, Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրահավաք հրավիրեց, որը արդյունքում վերածվեց նստացույցի: Ցուցարարները վերջնագիր ներկայացրին իշխանություններին՝ մինչև երկուշաբթի երեկոյան չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը: Երկուշաբթի՝ հունիսի 22-ի երեկոյան, ցուցարարները Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Բաղրամյան փողոցի սկզբնամասում նրանք հանդիպեցին ոստիկանական ամուր պատնեշի: Լուսադեմին ոստիկանությունը ուժի գործադրմամբ և ջրցան մեքենաներով ցրեց ցույցը՝ բերման ենթարկելով 237 քաղաքացու:

Հունիսի 23-ի երեկոյան Ազատության հրապարակում կրկին հավաքվեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները: Երկար տատանումներից հետո նրանք կրկին շարժվեցին դեպի Բաղրամյան 26 և փողոցի սկզբնամասում նորից հանդիպեցին ոստիկանական պատնեշի:

Այս անգամ ոստիկանությունը խուսափեց ուժ կիրառելուց: Բռնությունը թույլ չտալու համար ոստիկանության և ցուցարարների միջև մարդկային պատ կազմելու եկան ԱԺ պատգամավորներ, մշակութային ու հանրային դեմքեր:

Հունիսի 23-ի լույս 24-ի գիշերվա ընթացքում որևէ բախում և միջադեպ չարձանագրվեց:

Հունիսի 24-ին` ողջ օրվա ընթացքում, բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում շարունակվեց` կրելով խաղաղ բնույթ:

ՍիվիլՆեթը տեքստային ուղիղ ռեժիմով լուսաբանել է զարգացումները նաև հունիսի 23-ինհունիսի 24-ին և հունիսի 25-ին: