29 հունիս, 2015 13:50

Պայքարը քաղաքական է

4 (4)Այն, ինչ կատարվեց հունիսի 28-ին Բաղրամյան պողոտայում, սպասելի էր, ինչ-որ տեղ՝ նաև բնական: Որոշ առումով տարերայնորեն և ինքնակազմակերպված փողոց դուրս եկած հազարավոր քաղաքացիներին թեև միավորում էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքը, սակայն դա միայն առիթ էր: Խորքային մոտիվացիայի առումով ըմբոստացած քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը փողոց դուրս գալով՝ իր անվստահությունն է հայտնում գործող իշխանություններին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Ուստի այդ քաղաքացին չէր կարող հաղթանակ գոռալով ինքնակամ տուն գնալ, եթե որևէ շոշափելի արդյունքի չի հասել՝ թեկուզ և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը կասեցնելու ուղղությամբ: Սակայն գործող իշխանությունները նույնիսկ այդ ուղղությամբ արդյունավետ քայլ կատարելու ունակություն չունեցան: ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելն ու բյուջեի հաշվին ժամանակավոր թանկացված 7 դրամը սուբսիդավորելը ավելի շատ ծաղր է փողոց դուրս եկած քաղաքացիների հանդեպ, քան իշխանությունների կողմից նահանջ: Նահանջ կամ փոխզիջում անել չի կարող համարվել այն, որ խոստանում ես այդ 7 դրամը գանձել ոչ թե մեր ձախ գրպանից, այլ աջ, ասել է թե՝ բյուջեից:

Այսքանից հետո զայրանալ ու մեղադրանքներ հնչեցնել այն քաղաքացիների հասցեին, ովքեր մնացին Բաղրամյան պողոտայում՝ շարունակելով պնդել իրենց պահանջը, մեղմ ասած՝ անարդար է: Բաղրամյանում մնալու որոշման տակ նույնիսկ զավեշտալի է փնտրել օտարերկրյա գործակալների, գունավոր հեղափոխականների, ծայրահեղականների ու սադրիչների: Եթե նույնիսկ այդպիսիք եղել են, ապա վիրավորական է անգամ մտածել, որ այդպիսիք կարող են տևական ժամանակ մանիպուլացնել հասուն քաղաքացիական ու քաղաքական գիտակցություն ցուցաբերած հազարավոր քաղաքացիների:

Մյուս կողմից, պետք է նաև հարգանքով վերաբերվել այն քաղաքացիներին, որոնք գտնում են, թե իրենց պահանջները ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել են, ուստի անհրաժեշտ է տուն գնալ կամ դադար վերցնել: Նրանք ունեն այդպես մտածելու ու այդպիսի որոշում կայացնելու իրավունք:

Միաժամանակ անընդունելի է այն վարքագիծը, որ դեռ երեկ կողք կողքի իշխանությունների անօրինականությունների դեմ պայքարողները այսօր արդեն պայքարի առանցք են դարձրել միմյանց դեմ պայքարը:

ՀՀ քաղաքացու պահանջը իշխանություններից է, նրա պայքարը պետք է միտված լինի իշխանությունների ախորժակը զսպելուն, կատարված, կատարվող ու կատարվելիք անօրինականությունների դեմն առնելուն: Իսկ այդպիսի պահանջը բացառապես քաղաքական է, քանզ եթե այդպիսի պահանջները չեն բավարարվում, կամա, թե ակամա դրվում է ապաշնորհ և քրեականացված իշխանության հեռացնելու խնդիրը:

Իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ իշխանությունը միտք չունի նահանջելու և ոչ մի քայլ:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: