15 հուլիս, 2015 17:59

Որքան քվե է պետք Սերժ Սարգսյանին իշխանությունը երկարաձգելու համար

??????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????Սերժ Սարգսյանը վերջնական որոշում է կայացրել գործող Սահմանադրության փոփոխության միջոցով ապահովել իր երկարակեցությունը իշխանության ղեկին: Սպասվող սահմանադրական հանրաքվեն բովանդակությամբ նախագահական ընտրություն է, որի միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Միաժամանակ, ի տարբերություն նախագահական ընտրությունների՝ հանրաքվե կեղծելը ավելի դյուրին է, քանզի անձնական շահագրգռություն ցուցաբերող մրցակից գործիչներ կամ քաղաքական ուժեր գրեթե չկան:

Արժե հասկանալ, թե ինչքան քվե անրհրաժեշտ կլինի Սերժ Սարգսյանին սահմանադրական փոփոխություների հանրաքվեն անցկացնելու համար, բնականաբար՝ կեղծիքներով:

Հանրաքվեի մասին ՀՀ օրենքում նշված է. «Հանրաքվեի դրված նախագիծն ընդունված է համարվում, եթե կողմ են քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը»:

Օրինակ, 2013թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ հիմնական ցուցակների ընտրողների թիվը կազմել է 2 527 822: (Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվն իրականում ուռճացված է):

Հանրաքվեն կայացած կհամարվի, եթե դրան մասնակցություն ցուցաբերի ընտրելու իրավունք ունեցողների ⅓-ը, մոտավորապես՝ 840 հազար հոգի: Այսինքն, հիմք ընդունելով նախագահական վերջին ընտրություններում գրանցված հիմնական ընտրողների թվաքանակը (որը մինչև հանրաքվեի պահը հազիվ թե էական փոփոխությունների ենթարկվի)՝ հանրաքվեն գլուխ բերելու համար մասնակցություն ապահովելու շեմը բավական ցածր է: Համեմատության համար նշենք, որ նախագահական վերջին ընտրություններին, ըստ պաշտոնական տվյալների, ընտրողների մասնակցությունը կազմել է 1.5 միլիոնից ավելի:

Բնական է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հանրության շրջանում չի ունենալու նախագահական ընտրությունների հետաքրքրությունը, ուստի իրական ու պաշտոնական մասնակցությունը լինելու է 1.5 միլիոնից ցածր: Եթե, այնուամենայնիվ, չափման միավորը վերցնում ենք 1.5 միլիոն մասնակցության ցուցանիշը, ապա Սերժ Սարգսյանին անհրաժեշտ կլինի, որ փոփոխությունների օգտին քվեարկի 750-800 հազար մարդ:

Նախագահական և խորհրդարանական վերջին ընտրություններին կիրառված ընտրակեղծիքների զինանոցը լիովին բավարար է առանց աղմուկի «ստանալու» շուրջ 800 հազար քվե: Իսկ եթե վերցնենք մասնակցության նվազագույն շեմը, որը 2.5 միլիոն ընտրողի դեպքում 800 հազարից մի փոքր ավելի է, ապա սեփական իշխանությունը երկարաձգելու համար Սերժ Սարգսյանին պետք կլինի ընդամենը 400 հազար քվե:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: