20 հուլիս, 2015 16:56

Սերժ Սարգսյանի Իտալիան

Serzh Sargsyan at Yerevan zooՆոր սահմանադրության նախագծի 4-րդ գլխի 4-րդ կետում ասվում է.

«Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները»:

Կայուն մեծամասնություն ունենալու պահանջը սահմանադրորեն ամրագրելու փորձը խիստ անհանգստացնող է: Համամասնական կարգով խորհդարանական ընտրություններում երկրորդ փուլի կիրառումը համաշխարհային պրակտիկայում եզակի դրսևորում է:

Սիվիլնեթի հետ զրույցում ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանն ասում էր, որ հանձանժողովը նման պրակտիկա ներդնելու առումով ոգեշնչվել է Իտալիայից և Սան Մարինոյից:

«Վերջին շրջանում Իտալիայում բարեփոխումներ են իրականացվել: Եթե հիշողությունս չի դավաճանում` մայիսին, Սահմանադրության մեջ կամ օրենսդրական մակարդակում ուղղակիորեն ամրագրվել է այս երկրորդ փուլի գաղափարը: Այսինքն՝ այն հանգամանքը, որ իտալական կառավարությունները մինչև վերջերս պարբերաբար փոփոխվում էին, և անընդհատ առաջանում էր կառավարական ճգնաժամ, այդ երկրին ստիպել է այդ փորձից ելնելով, ամրագրել այս ինստիտուտը: Սա կիրառվում է նաև Սան Մարինոյում»:

Զարմանալի է, որ սահմանադրական փոփոխությունների հեղինակները վերցրել են ոչ թե տասնամյակների փորձությունների միջով անցած գերմանական կամ, օրինակ, հոլանդական խորհրդարանական կառավարման մոդելները, այլ կանգնել են Իտալիայի՝ դեռևս կիրառության մեջ չմտած և գաճաճ պետություն Սան Մարինոյի մոդելների վրա:

Իտալիան առաջին անգամ այն կիրառելու է 2016թ. հուլիսի 1-ից, այսինքն՝ գործնականում որևէ կերպ չի հաստատվել այդ մոտեցման արդյունավետությունը:

Թե ինչու է մասնագիտական հանձանժողովի ընտրությունը կանգնել դեռևս չկիրառված մոդելի վրա, անհասկանալի է: Անհասկանալի է, իհարկե, տրամաբանության և արդյունավետության տեսանկյունից, քաղաքական նպատկահրամարության տեսանկյունից այդ մոդելին հավանություն տալը լիովին բացատրելի է: Սերժ Սարգսյանը ցանկություն չունի որևէ կուսակցության հետ կիսել իշխանությունը և թեկուզ մասամբ հաշվետու լինել որևէ կուսակցության՝ կազմելով կոալիցիոն կառավարություն: Այդ իսկ պատճառով, թաքնվելով կայուն իշխանական համակարգ ունենալու պատճառաբանության անհրաժեշտության հետևում, փորձ է արվում ներդնել իշխանական բուրգի տոտալ վերահսկողության մեխանիզմ: Մերժելով կոալիցիոն կառավարություն ձևավորելու յուրաքանչյուր հնարավարություն, այն որակելով որպես անկայունության օջախ՝ փորձ է արվում իշխող կուսակցությանը սահմանադրորեն օժտել բացարձակ իշխանությամբ: Միգուցե Իտալիայում,- որտեղ գործում է ժողովրդավարական ընտրական համակարգ, և ընտրությունների նկատմամբ կա հանրային վստահություն,- այդ մոդելը չհանգեցնի մի կուսակցության դիկտատուրայի հաստատման: Սակայն Հայաստանում, որտեղ ընտրությունները ծառայում են որպես իշխանություն բռնազավթելու միջոց և կապ չունեն քաղաքացիների կամարտահայության հետ, այս մեխանիզմը կարող է ենթադրել իշխանության տոտալ ու երկարատև բռնազավթում:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: