3 սեպտեմբեր, 2015 09:21

Տավուշի 20 գյուղ ենթարկվել է գնդակոծության

The OSCE Chairperson-in-Office and Swiss Foreign Minister Didier Burkhalter together with the OSCE Minsk Group Co-Chairs issued a statement expressing their deep concern over the intense upsurge in violence along the Line of Contact and along the state border between Azerbaijan and Armenia.

Սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան և գիշերը ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծել է Տավուշի մարզի գյուղերը:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ գնդակոծության շառավղում մոտ 20 գյուղ կա, որոնք բոլորն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ: «Ազատություն» ռադիոկայանի հետ առավոտյան զրույցում Հովհաննիսյանն ասել է, որ հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո: «[Հայկական] զինված ուժերը որևէ կորուստ չունեն: Քաղաքացիական մասով չեմ կարող ասել, համապատասխան մարմինները կմեկնաբանեն: Այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սահմանային իրավիճակը միշտ վերահսկելի է մեր կողմից»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Տեղեկություններ կան, որ Կոթի գյուղի երկու բնակիչ վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց:

***

Օգոստոսի 31-ից սկսած՝ լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանում մեծացել է: Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կողմից գնդակոծության հետևանքով Տավուշի մի շարք գյուղերում ընդհատվել էին դպրոցական առաջին զանգի միջոցառումները: Իսկ սեպտեմբերի 1-ի երեկոյան Բերդի տարածաշրջանում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով վիրավորվել էր պայմանագրային երկու զինծառայող: