4 սեպտեմբեր, 2015 12:53

Նոր սահմանադրության նպատակը կուսակցապետության ստեղծումն է. Ր. Հովհաննիսյան

TH_Raffi HovhannisyanՍահմանադրական այս փոփոխությունները, որքան էլ ոմանք ողջունեն որոշ դրույթներ, նպատակ ունեն ծխածածկույթի ներքո՝ խորհրդարանական համակարգին անցնելու քողի տակ, ոչ միայն երկարաձգել մի հոգու իշխանությունը, այլ բառիս բուն իմաստով կերտել կուսակցապետություն. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ այս գործողությունն ունի նեո-բոլշևիկյան նպատակ, և «Ժառանգությունը» դրան դեմ է:

«Առաջարկվող փաստաթղթի նույնիսկ հպանցիկ ընթերցումը ցույց է տալիս, որ նպատակ ունեն ստրկացնել մեր հասարակությունը»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով նախագծի 204 հոդվածին, որով առաջարկվում է ՀՀ տարածքային ամբողջականության հարցը լուծել հանրաքվեով, «Ժառանգության» նախագահն ասաց. «Ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը բացարձակ արժեքներ են՝ անբեկանելի, որոնք գրանցված են ոչ միայն մեր գործող սահմանադրությունում, այլև միջազգային կոնվենցիաներում: Եվ բնավ կարիք չկա մանրամասնել, որ դրանք կարող են փոփոխման ենթարկվել»:

Հովհաննիսյանը առաջարկեց կենտրոնանալ սահմանադրության նախագծի հիմնական նպատակի վրա, որն է՝ ոչ միայն վերարտադրվել, այլև կուսակցապետություն ստեղծել:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդի կարծիքով՝ անհրաժեշտ է լայն կոնսոլիդացիա, միջկուսակցական և կուսակցությունների ներսում եղած տարաձայնությունների հաղթահարում՝ հասկանալու, որ նժարի վրա դրված է ՀՀ քաղաքացու իրավունքն ու արժանապատվությունը: