4 սեպտեմբեր, 2015 14:34

Լսելի դարձնել Այլանի ճիչը, պատմում է խեղդված սիրիացի տղայի նկարի հեղինակը

Aylan Photo«Ես այդ պահին քարացա». այսպես է նկարագրում թուրք ֆոտոլրագրող Նիլյուֆեր Դեմիրը այն պահը, երբ տեսել է ծովափին սիրիացի փոքրիկ տղայի՝ Այլան Քուրդիի դին: Լուսանկարը տարածվել է աշխարհով մեկ՝ ցնցելով հանրությանն ու առաջին անգամ ներգաղթյալների ճգնաժամը բերելով համաշխարհային օրակարգ:

«Այն պահին, երբ տեսա երեք-ամյա Այլան Քուրդիին, քարացա»,- պատմում է թուրքական Doğan լրատվականի ֆոտոլրագրող Դեմիրը, որը լուսաբանում է ներգաղթյալների ճգնաժամը Էգեյան ծովի ափին գտնվող թուրքական Բոդրում քաղաքում: Նիլյուֆեր Դեմիրի խոսքով՝ նրան այլ բան չէր մնում, քան կատարել լրագրողի իր պարտականությունը:

«Միակ բանը, որ կարող էի անել, նրա ճիչը լսելի դարձնելն էր»,- ասում է ֆոտոլրագրողը:

Դեմիրը պատմում է, թե ինչպես է քիչ անց Այլանից 100 մ հեռավորության վրա տեսել նաև նրա եղբոր՝ Գալիփի դին: Ֆոտոլրագրողը նկատում է, որ տղաների հագին չկային փրկարարական բաճկոնակներ, որևէ բան, որ կօգներ նրանց լողալ:  

«Լուսանկարելիս ի՞նչ ապրումներ է ունեցել՝ որպես կին» հարցին, Դեմիրը պատասխանել է. «Ցավ և տառապանք… Ես լուսանկարել և տեսել եմ ներգաղթյալների հետ կապված բազմաթիվ միջադեպեր… նրանց մահը, նրանց դրաման: Հուսամ՝ այսօրվանից դա կփոխվի: Հարյուրավոր, նույնիսկ հազարավոր ներգաղթյալներ ներթափանցել են Բոդրում, քանի որ հունական Քոս կղզին գտնվում է ընդամենը չորս մղոն հեռավորության վրա: Ներգաղթյալները հաճախ փորձում են փչովի նավերով անցնել Հունաստան, իսկ այնուհետև՝ եվրոպական այլ երկրներ»:

***

Եվրամիության երկրների առաջնորդները անհապաղ ջանքեր են գործադրում՝ լուծելու Մերձավոր Արևելքից և Աֆրիկայի հյուսիսից Եվրոպա փախստականների աննախադեպ ներհոսքի հետ կապված խնդիրը:

ՄԱԿ-ը կոչ է արել ԵՄ երկրների իշխանություններին ավելացնել յուրաքանչյուր երկրի համար փախստականների քվոտան՝ մինչև 200 հազ. մարդ: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեսը հայտարարել է, որ ԵՄ անդամ-երկրները պետք է բավարար հիմք նախապատրաստեն փախստականներին ընդունելու համար: Առաջին հերթին դա վերաբերում է Հունաստանին, որտեղ ներգաղթյալները գալիս են Միջերկրական ծովով: Սեպտեմբերի 4-ին եվրոպական հանձնաժողովը ստուգում է անցկացնում հունական Քոս կղզում, որտեղ տեղակայված է ապօրինի ներգաղթյալների համար խոշոր կենտրոն: