7 սեպտեմբեր, 2015 15:18

Գեղարքունիքում վթարի հետևանքով երեք զինծառայող է զոհվել

soldier1Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի մոտ սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է երեք զինծառայող:

Ինչպես հաղորդում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 5-ին` ժամը 22:30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի 86 ST 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենան Ծովակ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է ծառին:

Վթարի պատճառով ստացած մարմնական վնասվածքներից ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող կապիտան Տարոն Միքայելի Սեդրակյանը մահացել է, մայոր Գրիգոր Սամվելի Սահակյանը և ենթասպա Գևորգ Ավետիքի Վարդանյանը մահացել են քիչ անց՝  ՀՀ ՊՆ Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալում:

Զինծառայողներ՝ մայոր Սևակ Տիգրանի Գասպարյանը և կրտսեր սերժանտ Հարություն Հրանտի Միրզոյանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում են. նրանց վիճակը ծանր կայուն է:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

«Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն, նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է»,- հաղորդում են Քննչական կոմիտեից: