7 սեպտեմբեր, 2015 17:49

Ներգաղթյալների ներհոսքը կփոխի Գերմանիան. Մերկել

Angela MerkelԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցնցող է անվանել ներգաղթյալների ներհոսքը Գերմանիա, և նախազգուշացրել, որ այդ գործընթացը կփոխի երկիրը, հաղորդում է BBC-ն:

«Այն, ինչի միջով անցնում ենք այսօր, կփոխի մեր երկիրը առաջիկա տարիներին,- AFP գործակալությունը մեջբերում է Մերկելին: - Մենք ցանկանում ենք, որ այդ փոփոխությունը դրական լինի, և հավատում ենք, որ կարող ենք դա կյանքի կոչել»:  

Անգելա Մերկելը միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ երկրի իշխանությունները կարագացնեն ապաստանի տրամադրման ընթացակարգն ու փախստականներին լրացուցիչ օգնություն կհատկացնեն՝ վերապահում անելով, որ Գերմանիան ի վիճակի չէ միայնակ լուծել այդ խնդիրը. Եվրամիության անդամ-երկրները նույնպես պետք է միջոցներ ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ:

Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները հայտարարել էին փախստականների կարիքների համար լրացուցիչ 6 մլրդ եվրոյի հատկացման մասին: Նախագծի համաձայն՝ երկրում կկառուցվեն փախստականների համար նոր ճամբարներ, կտրամադրվեն լրացուցիչ միջոցներ ներգաղթյալների ինտեգրման և լեզվի ուսուցման համար:

Լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը նաև նախատեսում է ոստիկանների ավելացում երեք հազարով:

Վտանգավոր և անվտանգ երկրներ

Ավելին՝ Գերմանիայի իշխանությունները որոշում են ընդունել Կոսովոն, Ալբանիան և Չեռնոգորիան «անվտանգ երկրների» ցանկ տեղափոխելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ վերջիններիս քաղաքացիներին հնարավոր է՝ Գերմանիան հրաժարվի ապաստան տրամադրել:

Ակնկալվում է, որ այս տարի Գերմանիան կընդունի 800 հազ. ներգաղթյալ: Միայն վերջին հանգստյան օրերին Գերմանիան ընդունել է մոտ 20 հազ. մարդ, հիմնականում՝ փախստականներ Սիրիայից և Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրներից: Եվս 11 հազ. մարդ կհասնի Գերմանիա սեպտեմբերի 7-ին:

Կանցլերի քննադատները դժգոհում են, որ նրա միջոցները կհանգեցնեն ներգաղթյալների անվերահսկելի ներհոսքի:

Ֆրանսիայի առաջնորդ Ֆրանսուա Օլանդն իր հերթին հայտարարել է, որ Ֆրանսիան առաջիկա երկու տարիներին պատրաստ է ընդունել մոտ 24 հազ. փախստական: Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ ԵՄ մյուս երկրները նույնպես կհամաձայնեն միմյանց միջև բաշխել 120 հազ. փախստականի:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը բազմիցս քննադատել է ԵՄ-ի միգրացիոն քաղաքականությունը, հայտարարել է, որ Գերմանիա մեկնողները ոչ թե պատերազմներից են փրկվում, այլ գերմանական կենսակերպի են ձգտում:

Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանն էլ ասել է, որ փախստականներին հատկացվող օգնությունը չի կարող անսահման լինել և խոստացել է չեղյալ հայտարարել սահմանի հատման հատուկ ընթացակարգը, որի շնորհիվ հազարավոր ներգաղթյալներ կարողացան Ավստրիա հասնել Հունգարիայի տարածքով:

2013թ. Դուբլինի պայմանագրով՝ ներգաղթյալները պետք է գրանցվեն և փախստականի կարգավիճակի տրամադրման հայտ ներկայացնեն իրենց հայտնված` ԵՄ առաջին իսկ երկրում: