7 սեպտեմբեր, 2015 14:29

Օմբուդսմենի եզրակացությունը` Սահմանադրության նախագծի ՄԻՊ բաժնի վերաբերյալ

MHM73060-copy-Copy1Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Սահմանադրության փոփոխությունների նախագծի ուսումնասիրման արդյունքում կազմել է մարդու իրավունքներին անմիջապես առնչվող մի շարք գլուխների վերաբերյալ եզրակացություն‚ որտեղ, ինչպես հաղորդում են օմբուդսմենի գրասենյակից,  ոչ սպառիչ ներկայացված են նախագծում առկա դրական և բացասական փոփոխությունները: Ստորև ներկայացվում են նախագծի 10-րդ` «Մարդու իրավունքների պաշտպանը» գլխի վերաբերյալ դիտարկումները:

Դրական փոփոխություններ

  • Փոփոխության արդյունքում‚ մարդու իրավունքների ու ազատությունների պահպանման վերաբերյալ‚ բացի պետական ոլորտից նաև այլ ոլորտներում‚ Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով կվերապահվի լիազորություններ (նախագծի հոդված 190): Նշված ձևակերպումն ավելի է ընդլայնում Պաշտպանի լիազորությունները:
  • Սահմանադրորեն ամրագրվում է‚ որ անհրաժեշտ չէ բողոքի առկայություն‚ որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հնարավոր լինի պետական մարմնից պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր‚ տեղեկություններ ու պարզաբանումներ (նախագծի հոդված 190): Նշված տեղեկատվությունը Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրելը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար կամրագրվի որպես ուղղակի պարտավորություն:
  • Պետական մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր կլինեն աջակցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքներին (նախագծի հոդված 190): Նշված կարգավորումը կնպաստի Պաշտպանի լիազորությունների ազատ իրականացմանը‚ ինչը նաև ողջունվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից:
  • Սահմանադրորեն կերաշխավորվի պետության կողմից Մարդու իրավուքների պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը (նախագծի հոդված 191): Նշված դրույթը կնպաստի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի անկախությանը և լիազորությունների ամբողջական իրականացմանը:
Մտահոգիչ փոփոխություններ
  • Նախագծի փոփոխության համաձայն՝ հրապարակային ելույթներում Մարդու իրավունքների պաշտպանը պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերի (նախագծի հոդված 192): Խնդրահարույց է դրույթում կիրառված «զսպվածություն» եզրույթը‚ որը չի կարող կիրառվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ: Քաղաքական զսպավածությունը հանդիսանում է հանրային ծառայողների կողմից հանրային ծառայության իրականացման հիմնական սկզբունքներից մեկը‚ այնինչ Մարդու իրավունքների պաշտպանը ոչ թե հանրային ծառայող է‚ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձ: Առաջարկվում է տվյալ դրույթում կիրառել «քաղաքական չեզոքություն» եզրույթը:
  • Նախագծով կկրճատվեն Պաշտպանի կողմից Սահմանադրական դատարանում վիճարկվող դրույթները: Քանի որ Նախագծով Պաշտպանին լիազորություն է տրվել Սահմանադրական դատարանում վիճարկել բացառապես Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված իրավունքներին առնչվող խնդիրները‚ իսկ նախագծի 3-րդ գլխում նախատեսված սոցիալական‚ տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները‚ աշխատանքային պայմանների‚ սոցիալական ապահովության‚ արժանապատիվ գոյության‚ առողջության պահպանության իրավունքներին առնչվող օրենսդրական ակտերը այլևս Պաշտպանի կողմից վիճարկման ենթակա չեն լինի: Նման փոփոխության դեպքում քաղաքացիները հնարավորություն չեն ունենա իրենց վերոնշյալ իրավունքների արդյունավետ պաշտպանության համար ստանալու Պաշտպանի աջակցությունը: Ելնելով նշվածից՝ առաջարկում ենք Նախագծում ավելացնել դրույթ‚ ըստ որի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարող է դիմել Սահմանադրական դատարան նաև վերոնշյալ դրույթների սահմադրկանության հարցով:
  • Նախագծում տեղ գտած ձևակերպման հետևանքով հնարավոր է սահմանափակվի Մարդու իրավունքների պաշտպանի` անհատական գործեր քննելու լիազորությունը: Մասնավորապես‚ Վենետիկի հանձնաժողովն իր Նախնական կարծիքում նշել է‚ որ նախագծի սահմանումից պարզ չէ‚ թե արդյոք Մարդու իրավունքների պաշտպանը կունենա անհատական գործեր քննելու լիազորություն‚ թե իր դերակատարությունը կսահմանափակվի միայն երկրում մարդու իրավունքների վիճակի դիտարկմամբ: Հանձնաժողովն ընդգծել է‚ որ Պաշտպանը պետք է հնարավորություն ունենա աշխատել անհատական գործերով‚ ինչը պետք է հստակորեն ամրագրվի: Ուստի‚ առաջարկում ենք Նախագծով հստակորեն ամրագրել նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից անհատական գործեր քննելու իրավասությունը:
  • Նախագծով իր գործունեության‚ ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան զեկույցը Մարդու իրավուքների պաշտպանը կներկայացնի միայն Ազգային ժողովին: Այնինչ‚ գործող օրենսդրությամբ պահանջվում է‚ որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը‚ բացի ՀՀ Ազգային ժողովից‚ ներկայացվի նաև մի շարք այլ մարմիններին: Նախագծի տվյալ դրույթով‚ ըստ էության‚ նեղացվում է գործող կարգավորումը‚ քանի որ այն չի ապահովում Պաշտպանի գործունեության‚ ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին հանրությանը լայն իրազեկման հնարավորությունը: Ուստի‚ առաջարկում ենք Նախագծով նախատեսել Պաշտպանի գործունեության‚ ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը ՀՀ նախագահին‚ գործադիր և դատական իշխանության մարմիններին‚ ինչպես նաև՝ զանգվածային լրատվամիջոցներին և համապատասխան հասարակական կազմակերպություններին ներկայացնելու վերաբերյալ դրույթ:
  • Ըստ մի շարք միջազգային կառույցների՝ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է օժտված լինի անձեռնմխելիությամբ նաև իր իրավասությունների ավարտից հետո‚ ինչը‚ սակայն‚ ամրագրված չէ Նածագծով: Մասնավորապես‚ Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքում նշել է‚ որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է անձեռնմխելիություն ունենա իր դեմ դատական գործընթաց սկսելուց իր կարգավիճակից բխող գործողությունների‚ գրավոր և բանավոր խոսքերի համար‚ և որ նման անձեռնմխելիությունը պետք է շարունակվի նաև իր մանդատի ավարտից հետո: Ավելին‚ հանձնաժողովը նաև հավելել է‚ որ Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունն ուժեղացնելու համար կարևոր է նաև տյվալ հաստատության փաստաթղթերի և անշարժ գույքի անձեռնմխելիության երաշխիքների նախատեսումը: Ուստի‚ առաջարկում ենք Նախագծով սահմանել դրույթ‚ որով կապահովվի Մարդու իրավունքների պաշտպանի դատական անձեռնմխելիությունը նաև իր մանդատի ավարտից հետո:
Նախագծի 10-րդ գլխի վերաբերյալ Օմբուդսմենի դիտարկումներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ կից:

Նախագծի 2-րդ` «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատություններ», և 3-րդ` «Սոցիալական‚ տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները և պետության քաղաքականության հիմնական նպատակները», գլուխների վերաբերյալ օմբուդսմենի դիտարկումները` այստեղ, նախագծի 7-րդ` «Դատարանները և բարձրագույն դատական խորհուրդը», գլխի վերաբերյալ դիտարկումները` այստեղ: