16 սեպտեմբեր, 2015 12:49

Լևոն Հայրապետյանն ազատվել է տնային կալանքից

4088796Ռուսաստանում քննչական մարմինը տնային կալանքից ազատել է ռուսական «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի յուրացման գործով մեղադրյալ, արցախցի գործարար Լևոն Հայրապետյանին, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:

«Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը քննիչի որոշմամբ տնային կալանքից փոխվել է չհեռանալու մասին ստորագրության»,- տեղեկացրել է գործակալությանը իր աղբյուրը` պարզաբանելով, որ այդ որոշումն ընդունվել է` «պայմանավորված տնային կալանքի համար օրենքով նախատեսված առավելագույն ժամկետի լրանալու հանգամանքով»:

Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը լրանում էր սեպտեմբերի 15-ին: «Բաշնեֆտ»-ի գործով նա կալանքի տակ էր անցյալ տարվա հուլիսի 17-ից, իսկ մյուս գործով (Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախության ճանապարհով ստացված 700 հազ. դոլար յուրացնելու մասին)` անցյալ տարվա սեպտեմբերից: Երկրորդ գործով Գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացությունը չի հաստատել` վերադարձնելով նյութերը լրացուցիչ քննության: Դրանով իսկ լրացել է հետաքննության շրջանում կալանքի տակ գտնվելու առավելագույն ժամկետը` 12 ամիս (12 ամսից ավելի կալանքի ժամկետը կարող է երկարացվել միայն բացառիկ դեպքերում` առանձնակի ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողների համար):

***

65-ամյա գործարար Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր 2014թ․ հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Նրա ձերբակալման համար հիմք էին ծառայել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի (վերջինս ցմահ բանտարկություն է կրում մի շարք առանձնակի ծանր հանցագործությունների համար) ցուցմունքները։

Ըստ հետաքննական մարմնի` ռուսական «Բաշնեֆտ» ընկերության նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը, որը նույնպես անցնում է այս գործով, Հայրապետյանի հետ միասին մշակել է Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի ձեռնարկությունների բաժնետոմսերի յուրացման հանցավոր ծրագիր: Գործի ևս մեկ մասնակից` «Սիստեմա» ընկերության համասեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, կազմակերպել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի օրինականացումը, ենթադրում է քննչական մարմինը:

Քննչական մարմնի միջնորդությամբ` Լևոն Հայրապետյանի նկատմամբ ի սկզբանե սահմանվել էր կալանք, սակայն ավելի ուշ խափանման նախնական միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով` պայմանավորված գործարարի վատ ինքնազգացողությամբ:

Արցախցի գործարարի նկատմամբ հարուցված է ևս մեկ քրեական գործ` խարդախության հատկանիշով: Այն հարուցվել է նախկին սենատոր Իզմեստևի մոր հայտարարությունների հիման վրա. Իզմեստևի մայրը գործարարին մեղադրում է իրենց 700 հազ. դոլար յուրացնելու մեջ: Օգոստոսի 31-ին քննիչները կրկին ցուցմունք են վերցրել Հայրապետյանից այս գործով, երկարացրել են հետաքննության ժամկետը մինչև նոյեմբերի 24 և մեղադրանքը առաջադրել են նոր խմբագրությամբ: Նրա փաստաբան Ռուբեն Մարկարյանի խոսքով` մեղադրանքի մեջ ավելացվել է կետ առ այն, որ Իզմեստևի մայրը Հայրապետյանին գումարը փոխանցել է «որպես կաշառք»:

Լևոն Հայրապետյանն իր մեղքը չի ընդունում և հերքում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները։ Նրա եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը, գործարարի ձերբակալումը քաղաքական հաշվեհարդար է որակում։

Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949թ.։ Երկար տարիներ որպես լրագրող է աշխատել «Օգոնյոկ» ամսագրում և «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականում։ Հետագայում Հայրապետյանը սկսել է գործարարությամբ զբաղվել՝ կապված նավթի մատակարարումների հետ։