16 սեպտեմբեր, 2015 17:28

Էդվարդ Նալբանդյանը չի կարող ասել այն, ինչ՝ Շիմոն Պերեսը

edward nalbandyanԻսկ դուք չե՞ք ասի` որտեղ կարող ենք կարդալ` ինչ է ասել Էդվարդ Նալբանդյանի տատը: Վերջերս բոլորի տատերը մեր մասին մի բան ասած են լինում: Զարմանալիորեն BBC-ին տված հարցազրույցում Նալբանդյանը չվկայակոչեց սեփական տատին: Բայց հենց այդպիսի դեպքերում է ընդունված դիմել տատաթեզին: Նալբանդյանը, այլ մշակույթի կրող լինելով, չգիտեր այդ արդեն ընդունված քաղավանդույթի մասին: Ինքը մեր արտաքին գործերի նախարարն է: Մեր Տալեյրանը, մեր Գոլդա Մեյրը, մեր Գրոմիկոն, մեր Քիսինջերը:

Դիվանագետները կարողացել են պետությունները փրկել պատերազմներից, փոխել պատմության ընթացքը: Սիրուն երևույթ է պետության դիվանագետը: Մնում է ճշտել մի երկրորդական դետալ՝ ո՞ր պետության: Պատմությունն ունի՞ տվյալներ, երբ պետության դիվանագետը դրսում ներկայացնում է ոչ թե իր, այլ ուրիշ պետության շահերը: Ունենա էլ՝ հենց էնպես չի տրամադրի: Բայց «քո պետությունն» ու «ուրիշի պետությունն» էլ պարզվում է՝ հարաբերական է:

Շիմոն Պերեսը հավանաբար տատ չի ունեցել: Որովհետև Շիմոն Պերեսը իր տատից մեջբերումներ չի անում միջազգային ու պետական ատյաններում: Շիմոն Պերեսը ասում է.

«Երազել ենք մեր հողի մասին»:

Դատելով մեր երգարվեստից, գրական ժառանգությունից, հռետորաբանությունից ու բաժակաճառերից` մենք ևս երազել ու երազում ենք մեր հողի մասին:

Շիմոն Պերեսը ասում է.

«Մենք միայնակ էինք, չունեինք կրոնակից եղբայր ու մեր լեզվով խոսող քույր, հարևան, որ ունի նույն պատմությունը: Ամեն ինչ տեղի էր ունենում Հոլոքոստից հետո: Մենք չգիտեինք՝ ինչ անել»:

Մենք էլ: Լրիվ նույնը: Մենք էլ Եղեռնից հետո էինք, հողը՝ քարքարոտ, հարևանները՝ ուրիշ կրոնի, մեր լեզվով խոսող ուրիշ ազգ չկար, ու մենք էլ չգիտեինք` ինչ անել:

Շիմոն Պերեսն ասում է.

«Ու մենք մտածեցինք, որ բնության ամենամեծ հարստությունը մարդն է»:

Այ էստեղ մենք կտրուկ հակառակն արեցինք: Մենք սկսեցինք մատնել, սպանել, արտաքսել, գնդակահարել ու տանջամահ անել մեր բնության հարստությանը՝ մարդուն:

Շիմոն Պերեսն ասում է, որ իրենց ամենամեծ սխալն այն էր, որ կարծում էին, թե մեծ երազանքներ ունեն, այնինչ դրանք այնքան էլ մեծ չէին:

«Որքան մեծ է ձեր երազանքը, այնքան մեծ կլինի ձեր նվաճումը»,- ասում է Շիմոն Պերեսը:

Էդվարդ Նալբանդյանի կենսագրությունից դատելով՝ նրա ամենամեծ երազանքը ԽՍՀՄ պաշտոնյա լինելն էր, իսկ հիմա՝ ՌԴ պաշտոնյա:

Փաստորեն թշնամու շրջապատում, անապատի մեջ, ջարդից հետո պետություն երազել ու ստեղծելը մեծ երազանք չէր:

Իսկ Էդվարդ Նալբանդյանը ուրիշ բան է ասում BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում: Նա ասում է. «Մի´ մեղադրեք մեր դաշնակցին, որը զենք է վաճառում մեր հակառակորդին»: Այդպես է ասում, որովհետև ինքն ապահով է, որ ռումբը չի պայթելու իր կնոջ «տրյումոյի» վրա, ու քունքի մի փոքր արնոտ խազ չի դնելու վերջակետ հարթ ու սիրուն ընթացող կյանքին: Էդվարդ Նալբանդյանը չի կարող ասել այն, ինչ Շիմոն Պերեսը, որովհետև Շիմոն Պերեսը միշտ իմացել է, որ ռումբը կարող է պայթել իր տան վրա:

Շիմոն Պերեսը չէր ասի այն, ինչ ասաց Հայաստանի Հանրապտության արտաքին գործերի նախարարը, որովհետև գիտեր, որ ռումբը կարող էր պայթել իր Նադավ, Նոյ, Ասաֆ, Ցվիա զավակների վրա նույն հաջողությամբ, ինչ հաջողությամբ ցանկացած հրեայի:

Շիմոն Պերեսը չի ասում` մի՛ մեղադրեք Իսրայել Պետության հակառակորդին զենք վաճառողին, որովհետև նախ՝ իրենք գնահատեցին մարդուն որպես բնության ամենաթանկ երևույթ ու սկսեցին ինքնուրույն զենք արտադրել, և երկրորդ՝ որովհետև կուսակցությունը, որն ինքը ղեկավարել է, երբևէ չի հաղթել ընտրություններում, բայց Պերեսը երկու անգամ նախագահ է ընտրվել:

Եվ, ի վերջո, չէր կարող նման բան ասել Պերեսը, որովհետև ինքը ղեկավարել է Իսրայել Պետության պաշտպանության նախարարությունը, Իսրայել Պետության արտաքին գործերի նախարարությունը, Իսրայել Պետության ներքին գործերի նախարարությունը, Իսրայել Պետության նախարարների խորհուրդը ու չի խորշել լինել ճահճուտների չորացման ու անապատի զարգացման նախարար:

Իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը աշխատել է 1978-1983 թթ. Լիբանանում ԽՍՀՄ դեսպանությունում, 1983-1986 թթ. աշխատել է ԽՍՀՄ արտգործնախարարությունում, 1986-1992 թթ.` Եգիպտոսում ԽՍՀՄ, ապա Ռուսաստանի դեսպանության խորհրդական:

Իրականում շատ սխալ է դատապարտել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, որովհետև ինքն անկեղծորեն ներկայացնում է այն երկրի շահերը, որի շահերը միշտ ներկայացրել է: Այստեղ կա՛մ նա պետք է ասի` «Ես ակամա, Շուրա», կա´մ մենք պետք է ասենք` «Չէ, դուք գնացեք Կիև և հարցրեք Շիմոն Պերեսին՝ ով էր նա նախքան արտգործնախարար դառնալը»…

Բայց մենք բան չասացինք, երբ արտգործնախարարը BBC-ով ասաց հավանաբար դիվանագիտության պատմության մեջ նախադեպը չունեցած բան: Ասաց ողորկ, հարթ, համարյա պուշկինյան ռուսերենով:

Իսկ Շիմոն Պերեսը տատ չուներ, բայց պապ ուներ: Մոր գծով պապը՝ րաբբի Գիրշ Մելցերը, որը մնաց Լեհաստանի Վիշնևո գյուղում, երբ ընտանքը, այդ թվում Շիմոնը հոր, մոր ու եղբոր հետ տեղափոխվեցին Պաղեստին: Ու պապը Հոլոքոստի զոհ դարձավ, երբ նացիստները մտան Վիշնևո՝ այրվելով սինագոգում: Ի դեպ, Գիրշ Մելցերը փոքրիկ Շիմոնին սովորեցնում էր հրեական պոեզիա: Սա իմիջիայլոց…

Տառապանքից պետություն չի ծնվում: Պետություն ստեղծվում է պետություն ունենալու ոչ թե ցանկությունից, այլ պետություն ստեղծելու ուժեղ կրքից: Այդպիսիք չկան: Կա Էդվարդ Նալբանդյան: Կան մանդատավորներ, որոնք քծնում են, կան գեներալներ, որոնք Սահմանադրություն փոխելու մասին ասում են` «Էտի լավ բան ա»:

Ես անկեղծորեն ավելի խոր հարգանք եմ տածում Սեյրան Սարոյանի հանդեպ, որը Սահմանադրության փոփոխության մասին ասում է՝ «Էտի լավ բան ա» … քան Էդվարդ Նալբանդյանի, որի կերպարվեստը BBC-ին տված հարցազրույցում կենսագրության համար չէր, այլ գրքի վերջին էջում փոքրիկ թղթի վրա նշված վրիպակ՝ տեխնիկական կամ առողջության բերումով:

Երբ տատերը մտան մեծ քաղաքականություն, պապերը, որոնք պոեզիա էին սովորցնում, վերացան…

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: