17 սեպտեմբեր, 2015 10:49

Նախարարությունը խրախուսում է գայլերի ոչնչացումը, բնապահպաններն ահազանգում են

wolf_muzzle_predator_wool_52854_2560x1440

Բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները, ասված է բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրությունում: Մորթիների ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 17-ից:

Գայլերի մորթիների ընդունման ծրագիրը բանպահպանության նախարարությունն իրականացնում է 2011-ից: Բնապահպանների գնահատականներով այս ծրագրով Հայաստանում գայլերի գոյությունը վտանգվում է:

«Փրկեք գայլերին» նախաձեռնության անդամ Կարինե Փանոսյանը ՍիվիլՆեթին ասաց, որ բնապահպանության նախարարությունից վստահեցնում են, թե գայլերի թվաքանակի կարգավորման խնդրի այլ եղանակ չկա, սակայն գումարներն առավել արդյունավետ ծախսելու իրենց առաջարկները՝ գյուղական համայնքներում ստեղծել ֆոնդեր, իրականացնել կրթական ծրագրեր, բազմացնել գայլախեղդ շներ և այլն, մնում են անարձագանք:

Նա նշեց, որ անձամբ է որսորդներից լսել, որ գնում են անտառ՝ «գայլ խփելու»:

«Իբր մասնագետները ստուգում են, որ գայլերը սպանված լինեն հրազենով, և միայն տնտեսությունների տարածքում: Այն, որ կարելի է վերահսկել, թե ինչպես է սպանվել կենդանին, հասկանալի է, մորթու վրա մասնագետները չեն գտնում թակարդի հետքեր: Սակայն, թե որտեղ է սպանվել… Սա այնքան էլ վստահելի եղանակ չէ: Գառնիի տաճարի մուտքի մոտ գայլի մորթիներ են վաճառվում. 200-300 դոլար արժեն: Երբ փորձում էի պարզել, թե որտեղից, երկար-բարակ իրարամերժ պատասխաններ էին հնչում: Ի վերջո հասկացա, որ գայլն սպանվել է անտառում»,- ասաց Փանոսյանը:

Այս տարվա մարտին «Փրկենք գայլերին» նախաձեռնության անդամները հանդիպում են ունեցել բնապահպանության նախարարի հետ: Փանոսյանի խոսքով` նախարարության աշխատակիցները չեն հերքել, որ գայլն ունի կերակրաբազայի խնդիր: Ըստ նրա՝ նախարարը հայտնել է, որ որսը երեք տարով դադարեցնելու մտադրություն ունի: «Սակայն տեսնում ենք, որ որսի արգելքի մասին ոչ մի խոսք չկա, փոխարենը բարձրացվել է մորթու համար տրվող պարգևավճարը. այն 100 հազ-ից դարձել է 123 հազ. դրամ»,- հավելեց նա:

Բնապահպանն ասաց, որ պնդումները, թե ընտանի կենդանիների վրա գայլերի հարձակումները պայմանավորված են նրանց շատանալու հանգամանքով, հիմնավոր չեն: Նա մտահոգիչ է համարում մարդկանց մոտ այն գիտակցման բացակայությունը, որ գայլերի ոչնչացումը շատ ավելի ծանր հետևանքներ կարող է առաջ բերել, քան ոչխարների հոշոտումն է. «Ի վերջո, գայլն ապահովում է կենսաբազմազանության մի մեծ բաժին, ինչը կխախտվի, եթե կենդանին ոչնչանա: Եթե մենք այսօր անհանգստանում ենք, քանի որ ոչխարներն են հոշոտվում, ու դրա դեմ պայքարի «միակ» միջոցը գայլին սպանելն է, ապա վերջինիս բացակայության դեպքում կրծողների քանակը, որով սնվում է գայլը, այնպես կաճի, որ մի քանի տարում Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր չի լինի այլևս զբաղվել գյուղատնտեսությամբ: Առանց այն էլ այս ոլորտում ունենք լուրջ խնդիրներ: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ անասնապահությունը տուժում է, բայց չէ՞ որ սա խնդրի հետևանք է, ոչ թե պատճառ»:

Փանոսյանը նշեց, որ բնապահպանության նախարարությունից վստահեցնում են, թե Հայաստանի տարածքում գայլերի թիվը տատանվում է 600-800-ի միջև, սակայն թե ինչի հիման վրա են որոշել այս թիվը, ինքը չգիտի, քանի որ, նրա խոսքով,  նախարարության պաշտոնյաները նույնպես խոստովանում են, որ անկախացումից հետո որևէ գիտական հետազոտություն Հայաստանում չի արվել ոչ միայն գայլերի, այլև առհասարակ կենդանիների մեծ մասի վերաբերյալ:

Բնապահպանի կարծիքով` գայլերի հարձակումը կանխելու միջոց կա: «Ամենահրատապ խնդիրը որսը դադարեցնելն է, անտառային տարածքները մեծացնելը, հանքարդյունաբերությունը, եթե նույնիսկ չենք կարող կանխել, ապա գոնե արդյունավետ ու անվնաս օգտագործելը, հէկ-երն արևային էներգիայի կայաններով փոխարինելը, բնությունը թափոններից զերծ պահելը: Իսկ հենց գյուղական տնտեսությունների հետ հարկավոր է աշխատել՝ կրթելով, ցույց տալով միջազգային փորձն այս ոլորտում, կիրառելով այդ փորձը մեր երկրում»,- ասաց Փանոսյանը: