17 սեպտեմբեր, 2015 10:34

Կլոունադա. մուտքն ազատ է

constitutional changes and serzh sargsyanՍահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ Սերժ Սարգսյանին հաջողվել է քաղաքական լայն կոնսոլիդացիա ապահովել: Սակայն հասարակական կոնսոլիդացիա չկա: Հասարակության մի մասը պարզապես չի վստահում իշխանությունների որևէ նախաձեռնության, իսկ մյուս մասն անտարբեր է:

Առաջին հայացքից տարօրինակ է, որ քաղաքական կոսնոլիդացիայի պարագայում չկա հասարակական կոնսոլիդացիա, այն է՝ սահմանադրական փոփոխությունները չեն վայելում հանրային աջակցություն: Տևական ժամանակ է, ինչ կուսակցությունները չեն արատահայտում հանրային տրամադրությունները, նրանք շատ հեռու են հանրային շահեր սպասարկելուց: Հանրության աջակցություն ունենալը նրանց համար գերակա խնդիր չէ: Քաղաքական ուժերը շատ լավ հասկացել են, որ խորհրդարանում կամ  մեկ այլ տեղ հայտնվելու համար ընտրություններում հաջողություն ունենալու երաշխիքը ոչ թե հանրային աջակցությունն է, այլ իշխանության, կոնկրետ Սերժ Սարգսյանի բարեհաճությունը կամ այսպես ասած՝ «դաբրոն»:

Ընտրակեղծիքների կատարելագործված մեքենան թույլ է տալիս հրաշքներ գործել՝ իշխանության բռնազավթումից մինչև իշխանությանը լոյալ քաղաքական ուժերին լավություն անելը:

Սերժ Սարգսյանի հետ տարատեսակ, անհայտ ու հայտնի կուսակցությունների հետ հանդիպումները միտված են հասարակության մոտ պատրանք ստեղծելու, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական գործընթաց է տեղի ունենում: Ավելին, իշխանությունների նկատմամբ այդ կուսակցությունների խոնարհ ու հեզ պահվածքը փոփոխությունների շուրջ քաղաքական կոնսոլիդացիայի պատրանք է ստեղծում: Հոգ չէ, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպող կուսակցություններն իրականում գոյություն չունեցող քաղաքական ուժերի դատարկ տուփ են, մարդ-կուսակցություններ՝ զուրկ որևէ հանրային աջակցությունից:

Վերահսկելով և տնօրինելով երկրի ֆինանսական հոսքերի գերակշիռ մասը, իշխանական կլանն այն օգտագործում է նաև քաղաքական կոռուպցիան խրախուսելու ուղղությամբ: Քաղաքական կոռուպցիան ծաղկեցնելու շրջանակներում այդ «կուսակցությունների» ղեկավարները, ըստ իրենց արժեքի, նյութական որոշակի աջակցություն կստանան իշխանությունից՝ կլոունադային մասնակցելու համար:

Այս պսևդոքաղաքական իրավիճակում, երբ խորհրդարանական և արտախորհրդարանական խմբակցությունների մեծ մասը այս կամ այն կերպ կողմ է արտահայտվում սահմանադրական փոփոխություններին, ամենևին էլ խնդիր չէ հանրային հեռուստատեսությամբ ուղիղ հեռարձակել Ազգային ժողովի քննարկումները: Խորհրդարանում հազիվ թե տասը պատգամավոր գտնվի, որոնք դեմ կարտահայտվեն Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխություններին: Սերժ Սարգսյանը քաղաքական կոռուպցիան այն աստիճանի է հասցրել, որ սահմանադրական փոփոխություններին նույնիսկ պաշտոնապես դեմ արտահայտվող խմբակցությունների ներսում փաստացի միակարծություն չկա: Օրինակ, թե՛ ՀԱԿ, թե՛ «Ժառանգություն» խմբակցություններում կատարյալ խառնաշփոթ է, և նրանց անդամների մի մասը պասիվ կամ ակտիվ կողմ է Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը:

Սերժ Սարգսյանը հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով իր թիմակիցների և հաճախորդների միջոցով խոսում է հասարակության հետ: Նա հասկացնում է, որ եթե ինքը այդքան վատն է և ձախողել է երկրի կառավարումը, ապա իրեն վաճառված և հպատակված քաղաքական էլիտա կոչվածը իրենից շատ ավելի վատն է: Ուստի հենց ինքն է ներկա իրավիճակում չարյաց փոքրագույնը, և իշխանական օլիմպոսում իր հետագա գոյության հետ հասարակությունը պետք է համակերպվի:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: