26 սեպտեմբեր, 2015 11:00

Ճաշը փչացել է հակառակորդի գնդակոծությունից

berdavanԲերդավանցի Ջոնիկ Եվգենյանի ճաշը փչացել է հակառակորդի գնդակոծությունից: Բակում ընկած ականի պայթյունից ջարդուխուրդ են եղել վերանորոգման մեջ գտնվող տան պատուհանները, վնասվել պատերն ու տանիքը: Բեկորներն անգամ ծակել-մտել են խոհանոցի գազօջախին դրված կաթսայի նոր եփած ճաշի մեջ: Բայց Ջոնիկը հումորի զգացումը չի կորցրել.

- Այ կնիկ, գոնե մսերը հանի ճաշի միջից, բի ուտենք: Ասկոլկեքը կհանենք, կուտենք:

Նա Ռուսաստանից կնոջ հետ եկել էր Բերդավան՝ տունը վերանորոգի, կարգի գցի ու նորից գնա. «Րեխեքն ընդեղ են՝ Մոսկվա»:

Նրա երկհարկանի տունը 1990-ականների պատերազմի ժամանակ գյուղի կամավորականների հավաքատեղին էր, ինքը՝ կամավորներից մեկը:

IMG_0023 Ջոնիկ Եվգենյանը Ռուսաստանից կնոջ հետ եկել էր Բերդավան՝ տունը վերանորոգի, կարգի գցի ու նորից գնա:

Տան դարպասը հիմա ցնցուղ է դարձել ականի բեկորներից: Վերանորոգման ավարտին մի սենյակ էր մնացել: Ջոնիկը չի երկմտում, չի մտածում, որ տունը,- որտեղ տարին մի քանի շաբաթ է մնում, երբ ամառը Ռուսաստանից գալիս է,- պետք է վերանորոգել-ավարտել.

- Ամոթ չի, սենց կիսատ թողնեմ: Շինիլ տեմ, պրծնեմ:

Բերդավանցիների համար սա սովորական է՝ ապրելու ձև, կենսակերպ:

Այս գյուղն արդեն քառորդ դար ամեն օր պատերազմի մեջ է: Այստեղ կրակոցները չեն դադարել ո՛չ 1994-ին, ո՛չ էլ դրանից հետո որևէ ժամանակ: Իսկ վերջերս արդեն սովորական փամփուշտներին փոխարինել են 12 սանտիմետր տրամագծով թուրքական ականները: Իսկական պատերազմ...

Երիտասարդ գյուղապետը՝ Արարատ Գաբրիելյանը, նույնպես հումորով է նայում ծանր ու անվերջ թվացող այս իրականությանը:

- Հենց գնդակոծությունը սկսվում է, հեռախոսս սկսում են գնդակոծել: Երևանից լրագրողուհին զանգում հարցնում է՝ «Իսկ ինչո՞վ է պայմանավորված այս գնդակոծությունը»: Աղջի՛կ ջան, չգիտե՞ս՝ ինչով է պայմանավորված. գնացել եմ թուրքին խնդրել եմ, որ էսօր երեկոյան մի քիչ կրակեն:

Բայց սրանով չի ավարտվում տրագիկոմեդիկ վիճակը: Գյուղի վրա սկսում են կրակել, Երևանից զանգում են ինչ-որ պաշտոնյաներ: Մի դեպուտատի զանգից առաջ գալիս է նրա օգնականի զանգը, որ «նորին մեծությունը հիմա զանգելու է»:

Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը: Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը:

- Իբր ինքը զանգել էր, չէի վերցրել, զանգում են՝ ասեն, որ զանգելու է: Հարցնում է՝ «Ինչո՞վ օգնեմ»: Ինչո՞վ օգնես՝ արի խաղող հավաքի կամ էլ գնա թուրքին ասա, որ չկրակի:

Բերդավանցիները չեն տեսնում պատերազմի վերջը: Արդեն սովորել են: Զոհրաբ Զուրաբյանը գյուղի ավտոմեխանիկն է: 1990-ականներին նա կամավորական էր: Հիմա նրա երկու որդիները բանակում են աշխատում՝ ռազմական ոստիկանությունում: Վանաձոր տեղափոխվելու հնարավորություն ունեն, բայց չեն գնում. գյուղում են ուզում մնալ: Զոհրաբը, բոլորովին առանց հումորի, հակաօդային պաշտպանության իր ձևն է մտածել.

- Հենց գնդակոծությունը սկսվում ա, մի լիտր արաղ ու զակուսկի ենք վերցնում, մտնում ապահով տեղ, մինչև պրծնեն:

Բերքառատ Բերդավանում խաղողի, թթի, հոնի օղու պակաս չկա: Բայց հակաօդային պաշտպանության այս միջոցները քիչ են: Մարդիկ հոգնել են կրակի տակ ապրելուց: Ասում են, որ առաջնագիծը պետք է տանել հեռու, այլ տարբերակ չկա, խաղաղության հույս էլ չկա:

Գյուղի հողերի մեծ մասը մնում է անմշակ: Իսկ խաղողը մթերում են ավելի էժան, քան Արարատյան դաշտում: Բերդավանցիները փորձում են հասկանալ այս հանելուկը:

Մի քանի օր առաջ գյուղնախարարն էր իր շքախմբով եկել գյուղ՝ խոսելու խաղողի մթերման մասին: Կրակոցները սկսելուն պես նախարարը շտապեց Երևան:

Նրան այնտեղ կարևոր գործեր էին սպասում...

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: