29 սեպտեմբեր, 2015 14:00

Իրանը դատի կտա Սաուդյան Արաբիային

Վերջին 9 տարիներին հաջն անցել է առանց միջադեպերի: Վերջին 9 տարիներին հաջն անցել է առանց միջադեպերի:

Իրանը Սաուդյան Արաբիային կոչ է անում պատասխանատվություն ստանձնել անցյալ շաբաթ հաջի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի համար, որը խլել է ավելի քան 700 կյանք, այդ թվում՝ 136 իրանցու: Հրմշտոցում վնասվածք է ստացել, տարբեր տվյալներով, մոտ հազար մարդ:

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ սաուդյան իշխանությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն և ներողություն խնդրեն մուսուլմանական համայնքից:

Խամենեիից առաջ Սաուդյան Արաբիային պատասխանտվության ենթարկելու մասին է հայտարարել երկրի գլխավոր դատախազ Իբրահիմ Ռաիսին:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հաջի ժամանակ տեղի ունեցածը որակելով «հանցագործություն»՝ դատախազը տեղեկացրել է, որ մտադիր է Սաուդյան Արաբիայի դեմ դատական հայց ներկայացնել միջազգային ատյաններ: Ռաիսին պնդում է, որ սաուդյան իշխանությունները արգելափակել են ուխտավորների ճանապարհը՝ թույլ տալու թագավորական շարասյան անցումը, ինչն էլ հանգեցրել է հակառակ ուղղությամբ շարժվող ուխտավորների երկու ալիքների ողբերգական բախմանը:

Սաուդյան Արաբիայում տեղի ունեցածը ստիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ընդհատել իր ամերիկյան այցը և վերադառնալ Իրան: Վերադարձից առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հանդիպմանը Ռոհանին կոչ է արել ՄԱԿ-ին ազդել Սաուդյան Արաբիայի վրա, որպեսզի վերջինս համագործակցի ողբերգական միջադեպի հետաքննման հարցում:

«Ցավոք, Սաուդյան Արաբիայի կառավարությունը բավարար կերպով չի համագործակցում մյուս երկրների հետ՝ զոհվածների աճյունների փոխադրման և տուժածներին օգնության տրամադրման հարցում»,- ասել է Ռոհանին:

«Լավ կլիներ, որ իրանցի առաջնորդները ավելի խոհեմ գտնվեին այս ողբերգության զոհերին վերաբերող հարցում և սպասեին հետաքննության արդյունքներին»,- CNN-ը մեջբերում է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրին, որը հակադարձել է Ռիադի հասցեին հնչող մեղադրանքներին: Սաուդյան կողմը պնդում է, որ հրմշտոցի պատճառը մարդկային հոսքերի բախումն է, որը տեղի է ունեցել աֆրիկյան երկրներից մեկի ուխտավորների կողմից անցման ժամանակացույցի խախտման արդյունքում:

***

Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ պարբերաբար հրմշտոցներ են տեղի ունենում. 1990թ. Մեքքայի թունելներից մեկում հրմշտոցի արդյունքում զոհվել է ավելի քան 1400 մարդ:

Այս տարվա սեպտեմբերի 12-ին Մեքքայի Ալ Հարամ մզկիթի վրա շինարարական կռունկ էր ընկել, որի հետևանքով զոհվել էր 100 մարդ: Վերջին 9 տարիներին հաջն անցել է առանց միջադեպերի:

Իրանն ու Սաուդյան Արաբիան պայքարում են Մերձավոր Արևելքում ազդեցության համար: Եմենում վերջերս սրված՝ շիաների և սուննիների հակամարտությունում Սաուդյան Արաբիան պայքարում է շիա ընդդիմադիրների դեմ, որոնց աջակցում է Իրանը: Ինչ վերաբերում է Սիրիային, ապա ԱՄՆ-ի վաղեմի դաշնակից Ռիադն այստեղ փորձում է ամրապնդել նախագահ Բաշար Ասադի հակառակորդների դիրքերը: