29 սեպտեմբեր, 2015 15:36

Անվտանգության թյուրընկալումների շուրջ

BerdavanԸնդհանրապես, երբ Հայաստանում խոսվում է պետական անվտանգության համակարգի մասին, մակերեսային ընկալումների մակարդակում այն ասոցացվում է զինված ուժերի հետ: Դա իրականությանը համապատասխանում է մասամբ, և անվտանգության համակարգ կոչվող պատկերի կարևոր բաղադրիչներից է: Պետության անվտանգության համակարգը բազմաշերտ է և բազմաբնույթ: Զինված ուժերը այսբերգի միայն գագաթն են, երևացող մասը:

Ադրբեջանի հետ սահմանային բախումների ժամանակ բոլորի հայացքը հառած է բանակին, և հենց բանակից է ակնկալվում անվտանգության ապահովումն ու հակառակորդի նկատմամբ պատժիչ գործողությունների իրականացումը: Սակայն խորքային մի շարք գործոններ ուշադրությունից դուրս են մնում:

«Տաք» պատերազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին արդյունք են այն բանի, որ դիվանագիտական ասպարեզում ձախողումներ են, և արդեն իսկ հնարավոր չէ դիվանագիտական գործիքներով Ալիևին ստիպել լռել: Արդյունքում Ադրբեջանը հայկական բնակավայրերն ու զորամասերը գնդակոծում է հրթիռներով: Դիվանագիտական ձախողումները հետևանք են արտաքին քաղաքական ռազմավարության ու մարտավարության անարդյունավետության և սնանկության:

Մյուս կողմից, բացառված չէ, որ դինամիկ փոփոխությունների ենթարկվող աշխարհաքաղաքական իրավիճակը կարող էր հանգեցնել Ադրբեջանի կողմից կիսասառեցված վիճակում գտնվող հակամարտության տաքացմանը: Սակայն Հայաստանի իշխանությունների խնդիրն է հնարավորինս կանխատեսելի պահել վտանգավոր զարգացումներն ու շտապ քայեր ձեռնարկել հնարավոր մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ և անգամ կանխարգելել դրանք:

Այսպես, թե այնպես ադրբեջանական ագրեսիան դիվանագիտական գործիքներով կանխել չի ստացվել: Իսկ եթե, անկախ ամեն ինչից, պատերազմն անխուսափելի է, ապա կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկիրը պետք է 100 տոկոսով պատրաստ լինի պատերազմի: Պատաերազմին պատրատ լինելը ամենևին չի նշանակում, որ միայն բանակը պետք է կրի պատասխանատվության բեռը:

Անվտանգության համակարգի կարևորագույն բաղադրիրչը երկրի տնտեսությունն է: Ուստի կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկիրը պարտավոր է ունենալ այնպիսի տնտեսություն, որը հնարավորություն կտա դիմակայել պատերազմական իրավիճակներին: Ինչքան էլ բանակը գտնվի մարտունակ վիճակում և պատրաստ լինի մարտական առաջադրանքներ կատարել, միևնույն է, պատերազմական գործողությունների ընթացքում առաջանում է համապատասխան ռեսուրսների ապահովման խնդիր, ինչն ահռելի բեռ է երկրի տնտեսության համար:

Հայաստանի համար տնտեսական իրավիճակի վաթարացումը հավասարազոր է անվտանգության համակարգի թուլացման: Իսկ տնտեսական վատթար իրավիճակի պատասխանատուները փաստացի քայքայում են երկրի անվտանգության համակարգը, այն խոցելի դարձնելով թշնամու համար:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: