30 սեպտեմբեր, 2015 15:15

Դուք փոխեք, մենք կգանք

anx3Դասարանում ոչ ոք չգիտեր փլուզվող Խորհրդային Միության, ութ տարուց սեփական արտագաղթի ու Վեգասում ծնվելիք սևամորթ երեխաների մասին: Վերջինի վրա մենք` պահպանված ու շատ պահպանողական խորհրդային դպրոցի սաներս, գեշ կծիծաղեինք 87 թվականին ավարտական դասարանում՝ չիմանալով ռասիսզմի ու տոլերանտության մինիմալ թեզերը:

Իսկ երեկ՝ քսանութ տարի անց, իրար հանդիպելով երեկոյան Երևանի սրճարաններից մեկում, մենք՝ նախկին համադասարնցիների մի մեծ խումբ, ժպտացինք էդ հետաքրքիր փաստի վրա՝ «սևամորթ երեխաներ ունենք դասարանում»:

Իսկ դասարանը երեսուներկու հոգի էր: Կրուպսկայայի դպրոցի շրջանավարտներս. այն, որ Տերյան փողոցի վրա է ու հիմա ունի անհամեմատ ավելի լավ անուն՝ Նիկոլ Աղբալյան: Երեկ երեկոյան ես ունեցա իմ սեփական վիճակագրությունն արտագաղթի մասին: Մեր երեսուներկու հոգանոց դասարանից տասնհինգ հոգի իրենց ընտանիքներով արտասահմանում ու Ռուսաստանում են: Սկզբում փորձեցինք մատյանի հաջորդականությամբ բոլորի անունները դասավորել, որ ճշտենք` քանի մարդ գնաց, հետո ավելի հեշտ ձև գտնվեց՝ շարքերով ու զույգերով, ինչպես նստում էինք դասարանում. էդպես ավելի տպավորիչ էր: Բոլորս անզույգ էինք մնացել. առանց չափազանցության` ամեն նստարանի երկու հոգուց մեկը չկար:

Մոսկվայից եկած համադասարանցիս ապրում էր Տեր Գաբրիելյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկի հին երկհարկանի տներից մեկում. այն, որ կերավ բուլդոզերը Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ, ու հիմա իրենց կլոր պատշգամբի տեղում նորակառույց անհամ շենք է: Ինքը երանությամբ հիշում էր, որ Տեր-Գաբրիելյանի իրենց բակում իրենք համայնքով էին ապրում, օրինակ, կլոր պատշգամբը օրենքով իրենց հարևանինն էր, իրենք ելք չունեին պատշգամբ, բայց ասում է` ամռանը բակի բոլոր էրեխեքը պատշգամբում էին քնում, որովհետև շոգ էր: Իսկ դպրոցից, որ գալիս էինք, ասում է` մեզ կերակրում էր մայրերից նա, ով տանն էր այդ պահին:

Երևանյան բարքեր: Հին օրերի երգը: Երևանյան օրերի խրոնիկա: Իհարկե, նորմալ հոգեկերտվածքով մարդը Տեր-Գաբրիելյանի այդ տունը դժվար կքանդեր: Դա հուշարձան էր՝ անկախ նրանից` ներառված էր, թե չէ հուշարձանների ցանկում: Հիմա այդ շենքը չկա: Մեր համադասարանցին մոսկվայաբնակ է, ունի երկու երեխա` Մոսկվայում ծնված, ու սպասում է երրորդին: Բոլորը հայ են: Պատմում էր անմոռուկի մասին ինչ-որ պատմություն, որ պիտի երեք հազար հատ վաճառեին, բայց ավելի քիչ բերեցին: Ես անմոռուկը չեմ սիրում ու ուշադիր չէի լսում: Հարցնում եմ. «Իսկ էրեխեքդ հայերեն տառերը գիտե՞ն»: Ասում է. «Տղաս չէ, աղջիկս գիտի»: Բա էլ ի՞նչ անմոռուկ, եթե տառերը մոռացվում են: Ասում է. «Դու նացիոնալիստ ես մի քիչ»: Ապշելու բան. տառը՝ ամենաանմեղ բանը, ի՞նչ նացիոնալիզմ: Արտագաղթի առաջին հետևանքը:

Երևանում ապրող մերոնցից մեկն ասում է. «Սրանք ինձ գժվացնում են, որ սկսում են ամեն մեկն իրա նոր երկրի նախագահին գովել: Ռուսաստանցիք Պուտինին են գովում, ամերիկացիք՝ Օբամային, ու սկսում են վերջում իրար տալ ուրիշի երկրի պրեզիդենտների համար»: Զավեշտական պատմություն է, բայց ոչ լրիվ զավեշտական: Ասում եմ. «Ինչի՞ ես նեղվում, դու էլ մերին գովի, շատ ե՞ն իմանում, ասա մեր նախագահները, որ չլինեին, դուք Ամերիկա հասնողը չէիք, Մոսկվա տեղը տուն ունեցողը չէիք»: Հումորի ենք տալիս անհումորելին, որ երեկոն միտինգ չսարքենք, ու էլի սարքում ենք, չգիտես ոնց` էլի սահմանի մասին, համալսարանի վաճառված «հյուրերի տան» մասին ենք խոսում, ոչ ոք ելքը չգիտի, բոլորը կատաղած ու հուսահատ ու հումորով, հումորով, հումորով...

Ու էդ պահին մերոնցից մեկը զանգում է Ամերիկա:

Գիտաշխատողների ընտանքիում մեծացած մեր ընկերը հիմա Ամերիկայում տաքսի է քշում, մի շատ կարգին տղա: Ասում ենք. «Իրանց մոտ առավոտ շուտա ա, ո՞ւր ես զանգում»: Բայց զանգողը գիտեր, որ լուսաբացին է նրա տուն գալու ժամը: Այֆոնի էկրանին մեզ բոլորիս տեսնելով` առավոտ շուտ՝ Օբամայի ժամանակով յոթին, բերում է խմիչքը, լցնում ու խմում «էն տարիների կենացը»՝ հուզված ու անխոս:

- Մարսի վրա էլ ջուր են գտել,- ուզում ենք փոխել տրամադրությունը:

- Ջհանդամ, թե չեն գտել,- մեզ ի՞նչ…

- Բա ի՞նչ լինի, որ լավ լինի:

- Երկիրը փոխվի, իշխանությունը փոխվի, գանք գործ անենք, ապրենք:

- Ո՞վ փոխի:

- Դուք, դուք եք ստեղ ապրում:

Մի քանի օր առաջ Հյուսիսային փողոցն անցնելիս լսում եմ, որ տաքսու վարորդը շատ բորբոքված խոսում է կյանքի մասին: Անցնում եմ ու լսում եմ, որ ինձ են կանչում, շրջվում եմ, պարզվում է` վարորդի զրուցակիցը Իշխանյան Ավետիքն է: Ավոն միանում է ինձ ու բացատրում, որ անծանոթ մարդ էր, կանգնեցրել էր իրեն ու հարցուփորձ էր անում, թե ինչ պիտի լինի, ոնց պիտի փոխվի: Մի քանի քայլ միասին իջնում ենք, ու մուրացկան մի կին մոտենում է Ավետիքին ու ասում. «Փող չեմ ուզում, փող չեմ ուզում, վիճակն ասա ո՞նց պիտի լինի, ի՞նչ ա լինելու»: Հանրածանոթ դեմք են տեսնում, կանչում են, կանգանեցնում են, հույս են ուզում: Բայց ուրիշից:

Նույնն էլ դասարանի հավաքին` փոխեք, բայց դուք փոխեք, ու մենք կգանք:

Փաստորեն մենք մնացել ենք, որ փոխենք: Իսկ ինձ թվում էր, մնացել ենք, որովհետև գնալ չենք ուզել:

Մեր առաջին դասարանի դասղեկը, որ մեզ սովորեցրել էր «Ա մեծատառ, ա փոքրատառ», իսկ Վ տառի տակ «Օ՜, նավավա´ր, նավավա´ր, Արշավիրն ընկավ վար», նույնպես Մոսկվայում է: Ինչ հուզմունքով էր նա կարդում այբբենարանի վերջին էջի «Հասմիկի նամակը». «Իմ լավ տատի, քաղցրիկ տատի, մեծացել եմ ես շատ, շատ, երբ կլինի գիրս կարդաս, վեր կենաս գաս Արտաշատ»…

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: