5 հոկտեմբեր, 2015 16:19

Ամեն ինչ, բացի քաղաքականությունից

mikayel minasyan and serzh sargsyan Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հեռուստընկերությունները ագրեսիվ քարոզչություն չեն տանում հօգուտ սահմանադրական փոփոխությունների:

Քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման այսօր Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններն են: Թվում էր, թե երկրի մայր օրենքի փոփոխությունը, որը միտված է ապահովելու Սերժ Սարգսյանի անձնական իշխանության երկարակեցությունը, պետք է հասարակության շրջանում մեծ հետաքրքրություն առաջացներ: Ի վերջո, երկրի հիմնական օրենքը փոխելու միջոցով ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից պետական իշխանության փաստացի զավթման փորձը չի կարող չանհանգստացնել հանրային լայն զանգվածներին:

Սակայն դատելով հանրային տրամադրություններից՝ սահմանադրական փոփոխությունները առաջնային հետաքրքրության թեմա չեն:

Հանրային նման տրամադրությունների պատճառ են հանդիսանում մի քանի գործոններ:

Նախ, ապատիկ տրամադրությունները կապված են ընդդիմադիր ուժերի շարունակական ձախումների հետ: Երկրի ներքին և արտաքին կառավարումը ձախողած, տնտեսությունը կոլապսի եզրին կանգնեցրած ու զրոյական լեգիտիմությամբ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հմտորեն կարողանում է մանիպուլացնել ընդդիմադիր քաղաքական ուժերին և պահել իշխանությունը: Վերջին ակորդը 2015թ. փետրվարին ԲՀԿ արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնազանդեցումն էր և ընդդիմադիր եռյակի ջախջախումը:

Նման իրավիճակում հանրության մոտ առաջանում է անզորության զգացողություն և հուսալքություն, որ ոչինչ հնարավոր չէ փոխել:

Երկրորդ,  ամբողջովին կառավարելի հեռարձակվող ԶԼՄ-ների միջոցով հաջողվել է հասարակությանը ապաքաղաքականացնել: Մոլորություն է, թե համացանցային լրատվության դիմնամիկ զարգացման պարագայում հեռուստատեսությունը զիջում է իր դիրքերը հանրային կարծիք ձևավորելու ոլորտում: Հեռուստատեսությունը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մնում է հանրային կարծիք ձևավորող կամ մանիպուլացնող հիմնական գործիքը:

Ապաքաղաքական հասարակություն ձևավորելու լավագույն միջոցը քաղաքական քննարկումներն ու քաղաքական թեմաների արծարծումը հեռուստաեթերով նվազագույնի հասցնելն է: Ուստի քաղաքական թեմատիկան հեռուստաեթերով նվազագույնի է հասցված: Կարելի է քննարկել ամեն ինչ, բացի քաղաքականությունից:

Մյուս կողմից, սահմանադրական փոփոխությունների թեմայով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից գրեթե ամբողջությամբ վերահսկվող հեռուստընկերությունները ագրեսիվ քարոզչություն չեն տանում հօգուտ սահմանադրական փոփոխությունների, ավելին՝ իշխանության ներկայացուցիչները հնարավորինս քիչ են քարոզում այդ փոփոխությունների օգտին:

Իշխանական ճամբարում շատ լավ հասկանում են, որ անմիջականորեն իրենց կողմից ագրեսիվ քարոզչությունը հօգուտ սահմանադրական փոփոխությունների հակառակ արդյունքն է տալու և քաղաքականապես ակտիվացնելու է հասարակությանը: Զուգահեռ ագրեսիվ հակաքարոզչություն չի գնում սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող «Ոչ»-ի ճակատի նկատմամբ. վտանգ կա, որ այդ դեպքում հանրային ակտիվ աջակցությունը «ՈՉ»-ի ճակատին կարող է սրընթաց աճել: Փոխարենը Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման համար կենսական խնդիր հանդիսացող սահմանադրական փոփոխությունների օգտին ակտիվորեն քարոզում է «գրպանային» ընդդիմությունը:

Գլխատված կամ գնված ընդիմադիր քաղաքական էլիտա, ապաքաղաքական տրամադրություններ, հուսալքված հասարակություն, ֆինանսական ռեսուրսների և մեդիա դաշտի գրեթե լիակտար վերահսկողություն,- սրանք այն հիմնական գործոններն են, որոնց ապավինելով՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչել:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: