6 հոկտեմբեր, 2015 15:34

Ադրբեջանի ԵՏՄ անդամակցության գինը

19talk-baku-slide-W3M5-superJumboՍեպտեմբերի 25-ին պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «Россия 24» հեռուստաալիքի հետ զրույցում խոսել էր Ադրբեջան-ԵՏՄ համագործակցության հեռանկարի մասին: Նա տեսականորեն հնարավոր է համարել Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին,սակայն միայն այն դեպքում, եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:

Մամեդյարովը մասնավորապես նշել է. «Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, այնտեղ կարևոր բաղադրիչ է համարվում մաքսային միությունը, իսկ մաքսային միությունը, Հայաստանի կողմից օկուպացված տարածքների առկայության պարագայում, մեզ թույլ չի տալիս գոյատևել Հայաստանի հետ միասնական մաքսային միության մեջ: Եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը, եթե սահմանները բացվեն, եթե իրավիճակը նորմալանա, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև լինի տնտեսական բաղադրիչ, ապա ով գիտե, թե ինչ կարող է տեղի ունենալ վաղը: Ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք»:

Փաստացի, Ադրբեջանը Ռուսաստանի գլխավորած Եվրասական տնտեսական միությանն անդամակցելու գին սահմանում է ազատագրված տարածքների առնվազն մի մասը:

Տարօրինակ զուգադիպությամբ մինչ Մամեդյարովը Մոսկվայում խոսում էր ԵՏՄ-ին հնարավոր անդամակցության մասին, սեպտեմբերի 24-ից սկսած  Ադրեբջանը սկսել էր ինտենսիվորեն ռմբակոծել հայկական բնակավայրերը՝ սրելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:

Ռուսական պետական հեռուստատեսության եթերով Ադրբեջանի կողմից նման հայատարարությունը հազիվ թե պատահականություն լինի: Այն ամենայն հավանականությամբ համաձայնեցված է ռուսական կողմի հետ: Ավելին, շատ հավանական է, որ «հայկական տարածքներ՝ Եվրասական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցության դիմաց» նախաձեռնությունը հենց ռուսական կողմինն է:

Ադրբեջանի անդամակցությունը Եվրասական տնտեսական միությանը տեղավորվում է Ռուսաստանի ռազմավարական շահերի համատեքստում:

Մոսկվան Ադրբեջանին ռուսական ազդեցության տարածքում ներգրավելու համար ամենևին չի խորշելու ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա Ղարաբաղի խնդրի հետ կապված: Ռուսաստանը որպես ավանս Ադրեբջանին Հայաստանից կարող է պահանջել վերադարձվել որոշ շրջաններ՝ պատերազմից խուսափելու և հակամարտող կողմերի միջև փոխվստահության մթնոլորտ ստեղծելու պատրվակով և պատրանքով:

Մյուս կողմից, պատրվակ բերելով խաղաղության երաշխավորումն ու պատերազմի վերսկսման կանխարգելումը, ստատուս քվոյի փոփոխության պարագայում պաշտոնական Մոսկվան ամենևին էլ դեմ չէր լինի խաղաղապահ զորքեր տեղակայելուն հայ-ադրբեջանական շփման գոտում:

Եթե այս նախաձեռնությունը կյանքի կոչվի, Ռուսաստանը կարող է ստանալ Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, իսկ ռուսական զորքերը կարող են մտնել ղարաբաղյան հակամարտության գոտի, որով Մոսկվան կամրապնդի իր դիրքերը Հարավային Կովկասում: Ադրբեջանը կարող է ստանալ  տարածքներ՝ ԵՏՄ-ին անդամակցելու և ռուսական զորքերի առկայությունը հայ-ադրբեջանական սահմանին ընդունելու դիմաց: Իսկ Հայաստանը կհայտնվի Ադրբեջանի և Ռուսաստանի ախորժակները բավարարողի դերում՝ Ռուսասատանից ստանալով ընդամենը երաշխիք, որ պատերազմ չի սկսվելու:

Եթե պաշտոնական Մոսկվան նման գլոբալ խաղ է սկսել Հարավային Կովկասում, ապա դժվար է ասել, թե ինչով են դրան հակազդելու ՀՀ գործող իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Տնտեսությունը կոլապսի եզրին հասցրած, ներքին և արտաքին քաղաքականությունը ձախողած իշխանությունը բացարձակ անընդունակ է դիմագրավելու ազգային անվտանգության սպառնացող մարտահրավերներին:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: