7 հոկտեմբեր, 2015 14:57

Քաղաքական կոնսոլիդացիայի պատրանքը

parliament voting, constitution referendumՀոկտեմբերի 5-ին ԱԺ-ում նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու քվեարկության արդյունքները տպավորիչ են հայկական քաղաքական դաշտի մասին համապարփակ պատկերացում կազմելու առումով:

Այդ քվեարկությամբ Սերժ Սարգսյանը բացեց խաղաքարտերը՝ հրապարակայնորեն ցույց տալով, որ խորհրդարանում լիարժեք կամ մասնակի վերհսկողության տակ է պահում առնվազն 104 պատգամավորի:

Ճիշտ է՝ սահմանադրական փոփոխություներին կողմ արտահայտված «սկբունքային ընդդիմադիրները» սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկելը կարող են գեղեցիկ փաթեթավորել և բացատրել գաղափարական ու գաղափարախոսական սկզբունքային դիրքորոշմամբ, սակայն շիրմայի տակի մերկ ճշմարտությունը Սերժ Սարգսյանին ծառայելն է:

Ներքին և միջազգային հանրության համար խորհրդարանի գրեթե միակարծիք դիրքորոշումը ստեղծում է քաղաքական լիարժեք կոնսոլիդացիայի պատրանք: Իրականում այդ «քաղաքական կոնսոլիդացիա» ասվածը զրկված է հանրային աջակցությունից: Գործող խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի տրամադրությունները և քաղաքական նախապատվությունները:

Սահմանադրական փոփոխությունները պաշտպանող ցանկացած քաղաքական ուժ կամ առանձին վերցրած գործիչ զուրկ է որոշիչ հանրային հեղինակությունից:

Սակայն, մյուս կողմից, փաստացի իրավիճակն այնպիսին է, որ լեգիտիմության լրջագույն խնդիր ունեցող իշխանությունը, տիրապետելով պետական բոլոր անհրաժեշտ լծակներին, ձեռքի տակ ունենալով «գրպանային խորհրդարան», ընդունակ է ցանկացած որոշում կյանքի կոչել:

Հայաստանում օրինական և լեգիտիմ հասկացողությունների միջև խոր խզվածք կա:  Իշխանությունն ու քաղաքական համակարգը  լեգիտիմության խորը ճգնաժամ են ապրում: Պետության համար կարևորագույն որոշումները կայացվում են բացառապես Սերժ Սարգսյանի անձնական պատկերացումների և մոտեցումների շրջանակներում: Կարևորագույն որոշումներ կայացնելուց առաջ նույնիսկ սեփական թիմի ներսում լայն քննարկումները տեղի չեն ունենում: Ցայտուն ապացույց է 2009թ. հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումը, երբ իշխող կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչները մամուլից էին տեղեկանում կատարվածի մասին: Նույն իրավիճակն էր 2013թ. սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը մի գիշերվա ընթացքում հարմար գտավ 180 աստիճանով փոխել Հայաստանի միջազգային ինտեգրացիոն  վեկտորը՝ Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիր ստորագրելու փոխարեն որոշելով միանալ Մաքսային միությանը:

Միանձնյա կառավարմա մոդելի գոյությունը վտանգավոր է պետության համար: Հարկ է նշել, որ անձի անսահմանափակ իշխանությունը սահմանված է ոչ թե գործող Սահմանդրությամբ, այլ փաստացի իրավիճակ է, որին հնարավոր է եղել հասնել նախագահական երկու ընտրություններ կեղծելու, ֆինանսական, ուժային, վարչական և մեդիա ռեսուրսների տոտալ վերահսկողության շնոհիվ: Սահմանադրական ներկա փոփոխություններով Սերժ Սարգսյանը ցանկանում է փաստացի իրավիճակին սահմանդրական կարգի տեսք տալ: Իշխանության ներսում և քաղաքական դաշտում հակակշռող և զսպող մեխանիզմների բացկայությունը, «գրպանային խորհրդարանը», Սերժ Սարգսյանին թույլ են տալիս նեղ անձնական շահերի շրջանակում պետության կառավարումը վերածել արկածախնդրության:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: