9 հոկտեմբեր, 2015 16:06

Հաագայի դատարանը կքննի 2008թ. ռուս-վրացական պատերազմը

A Russian serviceman stands near a road sign as troops prepare to leave a checkpoint in the Georgian village of KaraletiՀաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազները մտադիր են 2008թ. ռուս-վրացական հակամարտության ընթացքում հնարավոր հանցագործությունների հետաքննություն սկսել:

Դատարանի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասված է, որ դատախազ Ֆատու Բենսուդան եզրակացրել է՝ ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ 2008թ. զինված հակամարտության ընթացքում կատարվել են Հաագայի դատարանի իրավասության տակ ընկնող հանցագործություններ:

ՄՔԴ նախագահությունն արդեն իսկ սույն հարցի լուծումը վերապահել է դատարանի նախաքննական 1-ին պալատի իրավասությանը, որն իրավասու է կայացնել դատախազին լիազորելու մասին որոշումը:    

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, մեկնաբանելով այս զարգացումները, ասել է, որ Վրաստանը, որպես 2003 թ-ից ի վեր Հռոմի ստատուտի անդամ [ՄՔԴ հիմնադիր պայմանագիր - ՍիվիլՆեթ], «պարտավոր է համագործակցել դատարանի հետ, մանավանդ, որ շահագրգռված է 2008թ. պատերազմի ժամանակ էթնիկ զտումները մինչև վերջ հետաքննելու հարցում»:

Հարավային Օսիայում տեղի ունեցած հակամարտությամբ Հաագայի միջազգային դատարանը հետաքրքրվել է ռազմական գործողությունների ավարտից քիչ ժամանակ անց, սակայն մինչև այս պահը ընթացակարգային որոշումներ այս հարցով չեն կայացվել:

***

Վրաստանի և նրանից անջատված Հարավային Օսիայի հակամարտությունը թեժ փուլ մտավ 2008թ. օգոստոսի 8-ին: Դրան նախորդել է լարվածության երկարատև շրջան: Միջազգային հանձնաժողովն իր անցկացրած հետաքննության արդյունքներով հայտարարել է, որ վրացական զինուժը հրետակոծել է Հարավային Օսիայի տարածքը: Վրացական կողմը պնդում է, որ օպերացիան սկսել է հարավօսական ստորաբաժանումների կողմից մի քանի վրացական գյուղերի ոչնչացմանն ի պատասխան: Արձագանքելով Հարավային Օսիայում սկսված իրադարձություններին՝ Ռուսաստանը սկսել է «խաղաղության պարտադրման» գործողություններ՝ հիմք ընդունելով ռուս խաղաղապահների վրա հարձակումները:

Պաշտոնական Թբիլիսին Ռուսաստանի գործողությունները որակում է «ագրեսիա», մինչդեռ Մոսկվան դրանք անվանում է «խաղաղապահ օպերացիա»:

2008թ. օգոստոսի ռազմական գործողություններից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: 2008թ. սեպտեմբերի 2-ին վրացական կողմը որոշում է ընդունել Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական կապերը խզելու մասին:

2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում Վրաստանում ձևավորված նոր կառավարությունը հայտարարում է, որ Մոսկվայի հետ վարում է կառուցողական և պրագմատիկ քաղաքականություն: