9 հոկտեմբեր, 2015 16:25

«Տրանսաէրո»-ն չեղյալ է հայտարարել նաև Մոսկվա-Երևան չվերթը

4100831Ռուսական «Տրանսաէրո» ընկերությունը հոկտեմբերի 9-ին չեղյալ է հայտարարել 58 չվերթ տարբեր ուղղություններով, այդ թվում` Մոսկվայից Երևան չվերթը, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:

Ավիաընկերությունը հոկտեմբերի 10-ին չեղյալ կհայտարարի ևս 38 չվերթ:

ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ «Տրանսաէրո»-ն` Ռուսաստանի մեծությամբ երկրորդ ավիաըկերությունը և հիմնական չարտերային փոխադրողը, երկրում տնտեսական իրադրության վատթարացմանը և արժույթների փոխարժեքների աճին զուգահեռ սկսել է ֆինանսական դժվարություններ կրել: Ընկերությունն ի վիճակի չի եղել ապահովել իր գործունեությունը և կատարել պարտային պարտավորությունները:

Ռուսաստանի կառավարությունն ի սկզանե քննարկում էր ավիաընկերության բաժնետոմսերի փաթեթի 75%-ի վաճառքի տարբերակը «Աէրոֆլոտ»-ին` ակնկալելով, որ երկրի խոշորագույն ավիափոխադրողը կկարողանա «առողջացնել» ընկերությունը: Սակայն «Տրանսաէրո»-ի բաժնետերերը նշանակված ժամկետում չհավաքեցին բաժնետոմսերի փաթեթը և ձախողեցին առաջարկը:

Զբոսաշրջային շուկայի մասնակիցները մտավախություն ունեն, որ ուղևորափոխադրումների խնդիրը կարող է հանգեցնել նաև զբոսաշրջային գործակալությունների սնանկացման:

«Տրանսաէրո»-ի ընդհանուր պարտքը` ներառյալ լիզինգը, մոտ 250 մլրդ ռուբլի է: