10 հոկտեմբեր, 2015 10:17

Ի՞նչ է հասկացնում Սերժ Սարգսյանը Գյումրիի քաղաքապետին

Serzh Sargsyan and Samvel Balasanyan Լուսանկարը՝ Aravot.am-ի:

Հոկտեմբերի 7-ին գործող նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Ի  թիվս այլ հարցերի՝ Սարգսյանն անդրադարձել է Գյումրիի ոչ կենտրոնական փողոցների բարեկարգման խնդիրներին՝ մասնավորապես նշելով.

«Ինձ նաև հետաքրքրում է Գյումրիի ոչ կենտրոնական փողոցների վերականգնման աշխատանքների ընթացքը: Մենք պատրաստ ենք այդտեղ հավելյալ ջանքեր ներդնելու»:

Շատ տարօրինակ է, որ երկրի թեկուզ և փաստացի ղեկավարը շեշտադրում է կատարում երկրորդ քաղաքի ոչ կենտրոնական փողոցների վերանորոգման խնդրի վրա: Արդյո՞ք այդ խնդիրն ունի այն կարևորությունը, որ հենց Սերժ Սարգսյանը պետք է զբաղվեր դրա կարգավորմամբ: Հազիվ թե:

Փողոցների (այն էլ ոչ կենտրոնական) վերականգնման խնդիրը տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների շրջանակում է, սակայն այդ խորհրդակցությանը բացակայում էր Գյումրիի քաղաքապետը: Եվ տարօրինակ է, որ Սերժ Սարգսյանը որոշել է տեղական ինքնակառավարման մարմիններին շրջանցելով՝ ոչ կենտրոնական փողոցների բարեկարգմամբ զբաղվել:

Մյուս կողմից, դա օրինաչափ է՝ հաշվի առնելով քաղաքական խնդիրներ լուծելու Սերժ Սարգսյանի մոտեցումները:

Դեկտեմբերի 6-ին սպասվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որը խիստ կարևոր է նրա համար: Շիրակի մարզը և մասնավորապես Գյումրին կատարյալ գլխացավանք են և ամենախնդրահարույց տարածքներն են գործող իշխանությունների համար: 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը խայտառակ պարտություն կրեց Գյումրիում՝ չստանալով անգամ 30 տոկոս վստահության քվե: Սա չնայած այն հանգամանքին, որ ընտրություններից առաջ Շիրակի մարզում Սարգսյանը խոստացել էր «խփել, որքան ցանկանում է»: Իսկ ավելի վաղ՝ 2012թ. խորհրդարանական ընտրություններին Սարգսյանի ՀՀԿ-ն էր ձախողվել Գյումրիում:

Շիրակի մարզում և Գյումրիում իշխանությունը չունի այսպես ասած «հարց» լուծող դեմք կամ դեմքեր, ովքեր կկարողանան Սերժ Սարգսյանի ուզածի չափով տոկոսներ խփել: Խոսքի և մամուլի ազատության տեսակետից մարզում անհամեմատ բարվոք վիճակ է՝ համեմատած մյուս մարզերի և անգամ մայրաքաղաք Երևանի, ինչը իշխանությանը հնարավորություն չի տալիս մանիպուլյացիայի ենթարկել հանրային կարծիքը: Իսկ հանրության վստահությունը իշխանությունների նկատմամբ կրիտիկական ցածր աստիճանի է:

Հաշվի առնելով այս իրողությունները և Սահմանադրական հանրաքվեի ժամանակ Գյումրիում խայտառակ կերպով տապալվելու հեռանկարը՝ Սերժ Սարգսյանը փորձում է իմիտացիոն քայլերով (օրինակ՝ Գյումրիի ոչ կենտրոնական փողոցներում ասֆալտ փռելու, մանր ու միջին բիզնեսին արտոնյալ վարկ տալու խոստումներով) և մարզում ներքաղաքական ինտրիգներով որոշակիորեն բարելավել հանրաքվեի արդյունքները:

Ներքաղաքական ինտրիգների մասով պետք է ուշադրություն դարձնել հատկապես վերոհիշյալ խորհրդակցությունից Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի բացակայության հանգամանքին: Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը միտումնավոր նրան չէր հրավիրել այդ խորհրդակցությանը՝ ցույց տալու, որ ինքը Սամվել Բալասանյանին չի վստահում ասենք ոչ կենտրոնական փողոցներում ասֆալտ փռելու գործը: 2016 թ. աշնանը Գյումրիում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ, և փաստացի արդեն իսկ սկսվել է ոչ պաշտոնական մրցավազքը պոտենցիալ թեկնածուների միջև: Սերժ Սարգսյանն այդ մրցավազքում խաղարկում է իր «դաբրոն»: Այսինքն՝ կախված հավատարմության և իրեն արդյունավետ ծառայելու աստիճանից՝ պոտենցիալ քաղաքապետի թեկնածուներից որևէ մեկը կարող է ստանալ Սերժ Սարգսյանի հովանավորչությունն առաջիկա ընտրություններում:

Ամենայն հավանականությամբ, Սամվել Բալասանյանը խուսափել է Գյումրիում ղեկավարել և պատասխանատու լինել «Այո»-ի ճակատի համար, քանի որ շատ մեծ է տապալվելու հավանականությունը:

Գյումրի կատարած Սարգսյանի վերջին այցելությունից հետո ԶԼՄ-ներով տարածում էին, թե իբր նա բարկացել է քաղաքապետի վրա: Այս հերթական քայլով էլ Սերժ Սարգսյանը Սամվել Բալասանյանին մեկուսացնում է Շիրակի մարզի խնդիրները լուծելու իբր գլոբալ ծրագրից:

Սրանով առևտրի դաշտ է բացում նրանց համար, ովքեր ցանկություն ունեն Գյումրիի քաղաքապետ դառնալ: Բալասանյանը ևս կարող է մասնակցել այդ խաղարկությանը:

Քաղաքապետ դառնալուց առաջ նրանք պետք է պատրաստ լինեն կաշվից դուրս գալով Գյումրիում սահմանադրական հանրաքվեի ժամանակ «այո»-ներ ապահովել և խփել Սերժ Սարգսյանի սրտի ուզած տոկոսները:

Դժվար է ասել, թե ով կլինի այն քաղաքական մահապարտը, որը կխոստանա հանուն Սերժ Սարգսյանի Գյումրիում տոկոսներ խփել:

Մի կողմից անփառունակ տապալվելու հեռանկարն է, մյուս կողմից Գյումրիի քաղաքապետի ընտրություններում Սարգսյանի «դաբրոն» վաստակելը:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: