10 հոկտեմբեր, 2015 08:13

Մեֆիստոֆելի վկաները

Ձեզ գրականությու՞ն է պետք, կարդացեք Վահրամ Սահակյան։ Ձեզ ե՞րգ է պետք՝ մոռացեք Հախվերդյանին, լսեք Արմենչիկ։ Ձեզ թատրո՞ն է պետք, հեռուստաա՞ստղ է պետք, նայեք Զառա Արամյանին։ Ձեզ գրականությու՞ն է պետք, կարդացեք Վահրամ Սահակյան։ Ձեզ ե՞րգ է պետք՝ մոռացեք Հախվերդյանին, լսեք Արմենչիկ։ Ձեզ թատրո՞ն է պետք, հեռուստաա՞ստղ է պետք, նայեք Զառա Արամյանին։

Տարոն Մարգարյանի բնակարաններ բաշխելու նախաձեռնությունն իսկապես աղմկահարույց էր։ Այդ ակցիան նույն տրամաբանության մեջ է, ինչ, ասենք, Արմենչիկին «վաստակավոր արտիստ» դարձնելը։ Իշխանությունը հետեւողական է անբարոյականության մեջ։ Այս իմաստով ինքն իրեն չի հակասում։ Ինքն իրեն չի կեղծում։ Մարդիկ, սակայն, զարմանում են։ Սակայն միայն զարմանում են։

Դուք լսե՞լ եք Վահրամ Սահակյանի լեզուն։ Այն հակաինտելեկտուալ է։ Բայց առանձնացնում են, որպեսզի կյանքի հարմարավետությունն ընկալենք որպես այդ լեզվի շնորհ։ Զառա Արամյան։ Կարգին չգիտեմ էլ, թե այդ կինն ով է։ Մասնավորապես, չգիտեմ նրա ինտելեկտի արեալը այս պետությունում, չգիտեմ, թե ու՞մ ուղեղին է «տվել մի թել»։ Գիտեմ, որ հեռուստատեսությունում է աշխատում։ Իսկ Տարոն Մարգարյանը հաշվի է առել նաեւ այս կնոջ գոյությունը։ Դերասան Հրանտ Թոխատյանն ասում է՝ չուզողի աչքն էլ հանել է։ Հասկացա՞ք։ Հասարակությունում երկու խավ կա՝ ուզողներ եւ չուզողներ։ Հրանտն ասում է՝ դուք տեղյա՞կ եք իմ կամ Զառայի բարեգործությունից։ Ես տեղյակ չեմ։ Ես մի կարգին չգիտեմ էլ մինչեւ հիմա, թե ինչ է արել Մայր Թերեզան։ Ես չեմ ուզում ապրել նրանց արարքների հանդեպ հավատով։ Ես ուզում եմ լինել նրանց գոյության մասնիկը, ես ուզում եմ, որ նրանք ամբողջական լինեն ինտելեկտի եւ բարեգործության մեջ, չեմ ուզում, որ դրանցից մեկը բացակայի, մյուսը հաճո լինի իշխանությանը։ Ես չեմ ուզում, որ մարդը բարեգործ լինի «չերեզ» այն ամբողջ կեղծիքի հաղթահանդեսի, որի մի մասնիկն է ինքը։

Սա անհամաձայնություն չէ Զառայի կամ Վահրամի գործունեության հանդեպ։ Բայց սա նույնն է, որ արատը մտնի քո տուն։ Ավելի ճիշտ, արատը տեսնես քո տանը, հետո տեղեկանաս, որ այն առաքինություն է։ Ես Եհովայի վկաներին եւ այլ կրոնական կազմակերպություններին էլ դեմ չեմ, բայց ինձնից հեռու, ի սեր Աստծո։ Իշխանությունը Եհովայի վկայի գոյությունը տեղավորել է հանդուրժողականության մեջ ու լավ է արել։ Անխտիր բոլորն ունեն արտահայտվելու իրավունք, ինչ էլ լինի նրանց ասելիքը։ Բայց, երբ իշխանությունը խրախուսում է սրան կամ նրան, ինքը ուզում է ասել, որ պարզապես ապրելը, պարզապես ինքդ քեզանով լինելը բավարար չէ, դու պետք է լինես «մասնակից»։ Ինքը մարդու գործունեության մեջ «հեղինակային իրավունք» է պահանջում, իբր դեր ունի, կամ պիտի ունենա, կամ «ապառիկով» քո գործունեությունը վերագրիր նաեւ ինձ։ Ինչպես ասենք, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներին է ընդունում ընտրությունների շեմին։

Հիմա ինչո՞վ է տհաճ Զառայի, Վահրամի կամ Արմենչիկի առանձնացումը մյուսներից, ովքեր ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչ են։ Եվ ինչու՞ են հատկապես ոգեւորում մարդու այն որակը, որն ինքն իրենով չունի ոչ մի առավելություն կամ թերություն, քանի դեռ դա մեզ չի վերաբերում, քանի դեռ նրանք իրենց մասին չեն բղավել մեր երեսին։ Ըստ իս, թվարկված անունները մարտնչող ներկայություն են մեր կյանքում։ Եթե ոչ իմ, գոնե նրանց, ովքեր ակտիվ են հեռուստացույց դիտելիս, կայքեր քրքրելիս եւ հեղինակություններ փնտրելիս։ Իշխանությունը միշտ «որդեգրում» է մարտնչող ներկայությունը կամ ինքն է հորինում, ինչպես հորինել է նոր սահմանադրությանը կողմ բազմաթիվ իրավաբանների կամ քաղաքագետների։

Սերժ Սարգսյանի իշխանությունը երբեք ինտելեկտ չի առաջարկել։ Չառաջարկելը հերիք չէ, նա հասարակության արտահայտման տիրույթներից դուրս է մղել ինտելեկտը։ Վահրամ Սահակյանը, Հրանտ Թոխատյանը, Զառան ունեն արտահայտվելու ազատություն։ Բոլոր այս անունների արտահայտման ազատությունը լեգիտիմ է, քանի դեռ իշխանությունը չի որոշում նրանցով չափել մեզ։ Քանի դեռ չի շտապում «հեղինակությունների» «վակուումը» լցնել նրանցով։

Ովքե՞ր են հեղինակությունները։ Քաղաքականության մեջ մենք նրանց գիտենք, առաջին գծում են (մականունները չեն թվարկվում)։ Մեր երեխաներն արդեն նկատի ունեն նրանց մարդ դառնալիս։ Նկատի ունեն, որովհետեւ ծնողները նկատի չունենալու «մասնակիցը» չեն։ Արվեստում նույնպես ունենք բազում հեղինակություններ։ «Ոչ թալանին»-ի անհնազանդության օրերին մենք տեսանք, թե ումով լցվեց կենդանի պատը։

Արմենչիկը կարող է երգել սրտի ուզածի չափ, կարող է հաց չուտել ու երգել, միայն երգել։ Երգը վատ բան չէ, բայց ինչպես Տիգրան Մանսուրյանն է ասում, մենք երաժշտություն ասելիս, ուրիշ բան նկատի ունենք։ Ինչու՞ են հիշել Վահրամ Սահակյանին՝ որպեսզի հասկացնեն՝ հանկարծ, ասենք, Տիգրան Պասկեւիչյանի կամ Ավագ Եփրեմյանի կողմը չթեքվեք։ Ձեզ գրականությու՞ն է պետք, կարդացեք Վահրամ Սահակյան։ Ձեզ ե՞րգ է պետք՝ մոռացեք Հախվերդյանին, լսեք Արմենչիկ։ Ձեզ թատրո՞ն է պետք, հեռուստաա՞ստղ է պետք, նայեք Զառա Արամյանին։ Սա ու՞մ է ասում՝ արդեն ոչ մեկին։ Որովհետեւ ասողը ոչ մեկն է։ Քանի՞ ընտրություն են կեղծել։ Ամեն կեղծիք նրանց դարձրել է ոչ մեկը։ Բայց կեղծիքի ամեն հաջողություն ստեղծում է «էլիտա»։ Կեղծիքի հետ հաշտությունը մասնակցությունն է «էլիտային»։ Արմենչիկը, Զառան, Վահրամը, Հրանտը մասնակցությունն են այս «էլիտային»։

Նրանք հո գիտե՞ն, որ Տարոն Մարգարյանը եւ Սերժ Սարգսյանը մարտի 1-ի արյան ուղղակի ներկայացուցիչներն են։ Եվ մենք բոլորս՝ Հավատաքննիչի ժամանակակիցները։ Հավատաքննիչն այն մարդն է, որը միջավայրից կտրում է Գագիկ Ծառուկյանին ու նրան օժտում «առաքինությամբ»։ Այն մարդն է, որը մյուսներին «կրթում» է այդ «առաքինության» հանդեպ հիացմունքով։ Զառան, անկասկած, «հիացնում» է։ Վահրամի մասին երբեմն ասում են՝ մզզըցնում ա։ Զառան, ընդհանրապես, արդեն բարեգործի համբավ էլ ունի։ Եվ ոչ մեկի մասին չես ասի, թե Հայաստան աշխարհի ինտելեկտուալ արեալի մասնիկն են։ Որովհետեւ իշխանությունը, կեղծող իշխանությունն օրինաչափորեն ինտելեկտուալ արեալը փոխարինել է ողորմածության արեալով՝ դուք գիտե՞ք, թե երաժշտական ինչ ֆոնդերի է օգնել Զառան։ Լավ է արել, թող շարունակի օգնել, եթե դա արյան կանչ է։ Բայց՝ ոչ։ Նա պետք է ծառայեցնի իր օգնությունը։ Ինչպես Ծառուկյանն է ծառայեցնում իր «բարեգործությունները»։ Որովհետեւ նրան է տրված իրավունքը ասելու իր ձեռքին նայող գյուղացիներին՝ հո ձեր ձեռքը ք.քը չեմ ընկել։ Եվ ոչ մի գյուղացի չի ասում՝ քեզ էլ, քո օգնությունն էլ։ Եվ դա կյա՞նք է։ Եվ դա դրամա՞ է։ Եվ այդքանից հետո ինչպե՞ս հայրերն իրենց չեն հռչակում ամուլ, իսկ երեխաները՝ որբ։ Հենց այս կապ ընկած բերանից է սկսվում 5 հազար դրամը, ընտրակեղծիքը, բնակարանի նվերը եւ կոչումը։ Չէ՞ որ դա միայն իր խաղողի մթերման Աստծո ձեռքին նայող գյուղացուն ուղղված մուննաթ չէ, դա ժանտախտի բացիլի նման հողում պահեստավորված վարակ է, որը կգտնի նաեւ Վահրամին, Զառային, Հրանտին եւ մյուսներին, երբ այս մարդիկ կավելացնեն իշխանությունից մուրալու դոզան։ Չէ՞ որ սա մուննաթ է, որն անընդհատ չարքաշից պահանջում է «մանր ծառայություններ»։

Գոնե մեկ անգամ, մեկ միամորիկ անգամ, մարդիկ, գնացեք եւ նայեք Իշտվան Սաբոյի «Մեֆիստո» ֆիլմը եւ եղեք այնպիսին, ինչպիսին արդեն կաք։ Ոչինչ չեմ ունենա ասելու։ Թե չէ «Երվանդ Զախարյանը գ... է» ասելով չէ, Հրանտ ջան։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: