11 հոկտեմբեր, 2015 20:46

Թուրքական ուղղաթիռը մեր երկնքում. իսկ ո՞ւր է ՀԱՊԿ-ն

turkish hellicopterԿառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները խախտել են Հայաստանի օդային սահմանը և  2-4 րոպե տևողությամբ պտտվել Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում։ Մովսիսյանի փոխանցմամբ՝ Հայաստանի քաղավիացիայի վարչությունը թուրքական կողմից փորձել է ճշտել, թե ինչ ուղղաթիռներ են դրանք և ինչ նպատակով են հատել սահմանը։ Նրա խոսքով՝ «Հայաէրոնավիգացիա» կազմակերպության կարգավարի հարցման ի պատասխան՝ Անկարայից պատասխան է հնչել, որ եղանակային պայմանների հետ կապված է ուղղաթիռը նման ճանապարհ ընտրել, փորձել է շրջանցել վատ եղանակային իրավիճակը»:

Միջադեպի հետ կապված ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները մինչև այս պահը չեն արձագանքում և չեն մեկնաբանում: Որևէ հայտարարությամմբ հանդես չի եկել նաև  հայ-թուրքական սահմանը հսկող ռուսական սահմանապահ զորքերի վարչությունը:

Կասկածից վեր է, որ թուրքական ռազմական ուղաթիռները Հայաստանի օդային տարածքը խախտել են միտումնավոր և սիմետրիկ պատասխան տվել Ռուսաստանին: Հոկտեմբերի 3-ին Անկարան հայտարարել էր, որ ռուսական կործանիչները խախտել են Թուրքիայի օդային տարածքը: Երկու օր անց՝ հոկտեմբերի 5-ին, Թուրքիայի Գլխավոր շտաբը հաղորդեց Սիրիայի հետ սահմանին տեղի ունեցած մեկ այլ միջադեպի մասին, ըստ որի՝ թուրք-սիրիական սահմանին առաջադրանքի կատարման ժամանակ անհայտ պատկանելության MIG-29 տեսակի օդանավը 5 րոպե 40 վայրկյան իր թիրախում է պահել F-16 տեսակի թուրքական երկու ինքնաթիռ:

Օդային այս միջադեպերի պատճառով խիստ լարվել են Մոսկվայի և Անկարայի  հարաբերությունները: Առաջին միջադեպի հետ կապված Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Թուրքիայի օդային տարածքը խախտելու պատճառ են հանդիսացել եղանակային վատ պայմանները: Վերջին միջադեպից մեկ օր անց Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռները հատում են ռուս սահմանապահների կողմից հսկվող հայ-թուրքական սահմանը և հայտարարում, որ Հայաստանի օդային տարածքը խախտել են վատ եղանակային պայմանների պատճառով:

Անընդունելի և դատապարտելի է, որ ՀՀ պատասխանատու գերատեսչությունները դեպքից 5 օր անց քար լռություն են պահպանում: Այս իրավիճակում լռությունը հավասարազոր է դիվանագիտական և ռազմական իմպոտենտության: Ռուսական սահմանապահ զորքերը ինչ-ինչ քաղաքական դրդապատճառներից ելնելով կարող են լռություն պահպանել և հայտարարություն չանել: Սակայն ինչո՞վ է պայմանավորված ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների լռությունը:

Ինչու՞ միջադեպին չեն հարձագանքել ՀՀ ռազմաօդային ուժերը, ինչու՞ ի պատասխան հայական սահմանը հատելու թուրքական ռազմական ուղաթիռների գործողությունների օդ չեն բարձրացվել հայկական կործանիչները, ինչո՞ւ չի արձագանքել հակաօդային պաշտպանության համակարգը: ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավոր է բացատրություններ ներկայացնել:

Ինչու՞ ՀՀ արտգործնախարարությունը չի դատպարտել և բողոքի նոտա չի հղել Անկարային Հայաստանի օդային սահմանը խախտելու համար: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարտավոր է բացատրություններ ներկայացնել:

Ինչու՞ երկրի փաստացի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հանդես չի գալիս հայտարարությամբ:

Մյուս կողմից, Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ, որը կոչված է անդամ երկրներին պաշտպանել արտաքին ագրեսիայից: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ռազմական ուղղաթիռներով խախտում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի օդային տարածքը: Դեպքից 5 օր է անցել, սակայն ՀԱՊԿ-ն լռում է:

ՀԱՊԿ-ի խնդիրն է հանդիսանում բանակի և օժանդակ ստորաբաժանումների համատեղ ջանքերով պայմանագրի անդամ երկրների  տնտեսական և տարածքային ամբողջականության պաշտպանությունը ցանկացած ռազմաքաղաքական ագրեսորից, միջազգային ահաբեկիչներից, ինչպես նաև լայնամասշտաբ բնական աղետներից:

Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելուց հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց. «Հարձակումը Թուրքիայի վրա հարձակում է ՆԱՏՕ-ի վրա, անհրաժեշտ է դա իմանալ»: Իր հերթին Հյուսիսատլանտյան դաշինքը դատապարտող հայատարություն արեց Ռուսաստանի գործողությունների հետ կապված:

Միգուցե արդեն ժամանակն է պաշտոնական մակարդակով ակնարկել, որ ՀԱՊԿ-ն որպես ռազմաքաղաքական դաշինք սնանկ է անդամ երկրների անվտանգությունն ապահովելու առումով: Եվ այդ կառույցը ստեղծված է բացառապես Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար:

Հայաստանը մանրադրամ է դառնում ռուս-թուրքական լարված հարաբերությունների կոնտեքստում: Պատմական դարավոր փորձը ցույց է տալիս, որ մանրադրամի կարգավիճակը ռուս-թուրքական հարաբերություներում աղետալի հետևանքներ են ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի համար: Պատմության դասերն ու միջազգային բարդ իրադրությունը հաշվի առնելով՝ ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը ոչ միայն դատապարտելի է, այլև հակասում է Հայաստանի աշխարհաքաղաքական շահերին:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: