13 հոկտեմբեր, 2015 14:12

Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ բանակցությունների մանդատի տրամադրումը

MHM92889Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ` կարևորելով Եվրոպական Միության խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովին մանդատի տրամադրումը:

«Լիահույս ենք, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի Հայաստան-Եվրոպական Միություն փոխշահավետ համագործակցության խորությունը, կարտացոլի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը ու կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը»,- ասված է հայտարարությամբ մեջ։

Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը հոկտեմբերի 12-ին Եվրահանձնաժողովին լիազորել է Հայաստանի հետ սկսել բանակցություններ նոր իրավական շրջանակի շուրջ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրության համաձայն` այս համաձայնագիրը կփոխարինի Եվրամիության և Հայաստանի միջև կնքված Գործընկերության և համագործակցության մասին ներկայիս համաձայնագիրը:

Ակնկալվում է, որ բանակցությունները պաշտոնապես կմեկնարկեն մինչ 2015թ. ավարտը:

***

2013թ. աշնանը շուրջ չորս տարի տևած բանակցություններից հետո Հայաստանը պետք է Եվրոպական Միության հետ ստորագրեր Ասոցացման համաձայնագիր և Խոր և համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագիր: 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո անսպասելիորեն հայտարարեց, որ Հայաստանը որոշել է միանալ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի մաքսային միությանը (ավելի ուշ՝ Եվրասիական տնտեսական միություն): Այդ հայտարարությունը փաստացի նշանակում էր, որ Հայաստանը հրաժարվում է Եվրոպական Միության հետ շուրջ չորս տարի բանակցված փաստաթղթերից: