19 հոկտեմբեր, 2015 17:57

Փերինչեքի գործով վճռին Թուրքիայի արձագանքն էժանագին շահարկում է. ՀՀ ԱԳՆ

Mfa-3Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է, որում, հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երկրորդ պալատի 2013թ. դեկտեմբերի 17-ի որոշման վրա, դատողություններ են արվում նույն գործով ՄԻԵԴ հոկտեմբերի 15-ի որոշման վերաբերյալ։ Սա պարզունակ մանիպուլացիա է։ Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` News.am-ի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի ԱԳն արձագանքը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ վճռին:

Մարդու իրվունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հոկտեմբերի 15-ին հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը` սահմանելով, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ խոսքի արտահայտման ազատությունը:

Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ` ոջունելով ՄԻԵԴ վճիռը և այն համարելով նախադեպ:

ՀՀ Գլխավոր դատախազությունն իր հայտարարության մեջ նշել էր, որ Հայաստանի կառավարության՝ Եվրոպական դատարան ներկայացրած բոլոր պահանջները բավարարվել են:

Հայաստանն ու Թուրքիան գործում ներգրավված էին որպես երրորդ կողմ:

***

Թուրք ազգայնական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը հայտնի է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ իր գործունեությամբ: Շվեյցարիայում 2005թ. կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ նա Հայոց ցեղասպանությունը որակել էր «միջազգային սուտ»: Շվեյցարական դատարանն այս հայտարարության համար 2008թ. նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 12 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի:

2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ ՄԻԵԴ-ի վճռում ասված էր, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը:

Շվեյցարիայի կառավարությունը դիմել էր ՄԻԵԴ՝ բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը։ 2014թ․ հունիսի 3-ին ՄԻԵԴ-ի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին որոշում:

ՄԻԵԴ-ի Մեծ պալատը Փերինչեքի գործի քննությունը սկսել էր այս տարվա հունվարի 28-ին:

Դողու Փերինչեքը ներգրավված է եղել նաև «Էրգենեքոնի» գործում, որը ծրագրում էր Թուրքիայում տապալել «Արդարություն և զարգացում կուսակցության» իշխանությունը: Թուրքական դատարանը 2014թ. նրան դատապարտել է 117 տարվա ազատազրկման։ Թուրքիայի կառավարությունը 2015թ. սկզբին Փերինչեքի վրայից հանել է երկիրը լքելու արգելքը՝ նրան հնարավորություն տալով մասնակցելու ՄԻԵԴ-ի Մեծ պալատում դատալսումներին։