19 հոկտեմբեր, 2015 16:20

««Գազպրոմ»՝ ազատության գազային խցիկ». բողոքի ակցիա Վրաստանում

Gazprom2Հոկտեմբերի 17-ին Վրաստանի կառավարության շենքի մոտ անցել է բողոքի ակցիա՝ «Ո՛չ Գազպրոմ»-ին խորագրով: Ակցիան ուղղված էր ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության հետ բանակցությունների դեմ՝ բնական գազի մատակարարման ծավալն ավելացնելու շուրջ: Բողոքի ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ վրացական իշխանությունների բանակցությունները ռուսաստանյան ընկերության հետ սպառնում են Վրաստանի էներգետիկ և քաղաքական անկախությանը:

«Մենք այսօր բողոքում ենք օկուպացիայի դեմ, որն իրագործվում է «Գազպրոմ»-ի և վրացական կառավարության միջև ընթացող բանակցությունների միջոցով: «Գազպրոմ»-ի օկուպացիայի տարբերությունն այն է, որ ավելի մասշտաբային է»,- BBC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից Թամար Չերգոլեիշվիլին, որը «Տաբուլա» ընդդիմադիր հեռուստաընկերության տնօրենն է:

Ակցիայի մեկ այլ մասնակից, Բարեփոխումների ասոցիացիայի համահիմնադիր Ելենա Խոշտարիան էլ կարծում է, որ «Գազպրոմ»-ը ռուսական պետության զենքն է, որը «վտանգավոր է Եվրոպայի և մեր տարածաշրջանի համար»:

«Առաջին՝ Ռուսաստանից գազի մատակարարումը նշանակում է քաղաքական կախվածություն Ռուսաստանից, ինչը սկզբունքորեն անթույլատրելի է, երկրորդ՝ անընդունելի է նման բանակցությունների վարումը գաղտնի ճանապարհով. մենք դրա մասին տեղեկանում ենք միայն ռուսական լրատվամիջոցներից: Դա նշանակում է, որ Վրաստանի կառավարությունը երկրից գաղտնի վարում է բանակցություններ՝ ազգային անվտանգության հարցերի շուրջ: Երրորդ՝ մենք փչացնում ենք հարաբերությունները Ադրբեջանի հետ, որը գազի մեր կայուն մատակարարն է»,- Interpressnews-ին ասել է Խոշտարիան:

«Գազպրոմ»-ի հետ հարաբերությունները եղել են, կան, կլինեն. նախարար

«Գազպրոմ»-ի հետ բանակցությունների թեման ակտիվորեն քննարկվում է Վրաստանում վերջին երկու շաբաթներին՝ այն բանից ի վեր, երբ հայտնի է դարձել սեպտեմբերի վերջին Բրյուսելում Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Քալաձեի և «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերի հանդիպման մասին, որին քննարկվել է էներգետիկ ոլորտում համագործակցությունը և Ռուսաստանից Հայաստան Վրաստանով անցնող գազատարով վառելիքի տարանցման ծավալի ավելացումը:  

Կախա Քալաձե Կախա Քալաձե

Հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում Քալաձեն ասել էր, որ «Գազպրոմ»-ի հետ հարաբերությունները «եղել են տարիներ առաջ, կան ներկայում և կլինեն ապագայում»: Նա նաև տեղեկացրել էր, որ բանակցությունները վերաբերում են նաև կոմերցիոն օպերատորների և մասնավոր ընկերությունների համար ռուսական գազի մատակարարմանը:

«Եվ մեր իշխանությունը, և նախորդները համագործակցել են «Գազպրոմ»-ի հետ և խնդիրներ չեն եղել: Նույնիսկ պատերազմի պայմաններում՝ 2008թ., բնական գազն ու էլեկտրաէներգիան ներմուծվել են Ռուսաստանից,- ասել է Քալաձեն: - Մենք ունենք շատ լավ, բարիդրացիական հարաբերություններ և էներգետիկ ոլորտը քաղաքական հարթություն չենք տեղափոխելու»:

«Այսօրվա դրությամբ գազալցակայաններում գազի գնման գները տարբեր են՝ սկսած 190 դոլարից մինչև 315 դոլար հազար խմ-ի դիմաց: Իսկ 315-ը բարձր գին է, շատ բարձր, ինչպիսին չկա Եվրոպայում»,- ասել է Քալաձեն:

Բանակցությունները մեկնաբանել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և փարատել ընդդիմության մտավախությունը, որ ադրբեջանական գազը փոխարինվելու է ռուսականով:

«Ադրբեջանական գազը փոխարինելու մասին խոսք չկա: Դա կատարյալ աբսուրդ է: Դա չի համապատասխանում իրականությանը, և ես խնդրում եմ անպատասխանատու քաղաքական գործիչներին չմոլորեցնել քաղաքացիներին»,- հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ղարիբաշվիլին: Նա շեշտել է՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների «ոչ մի վերանայում չի լինելու»:

«Ինչպե՞ս կարող է քաղաքական գործիչը մտածել Ադրբեջանի հանդեպ քաղաքականության վերանայման մասին… Ես զարմացած եմ՝ ինչ անհեթեթ թեմաներ են մոգոնում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: Ադրբեջանի հետ ունենք սերտ ռազմավարական հարաբերություններ»,- նշել է Վրաստանի վարչապետը: Նրա խոսքով՝ Հայաստանը ցանկանում է ավելացնել ռուսական գազի ծավալները, և որևէ տարօրինակ բան չկա, որ «Վրաստանը նույնպես ձգտում է ավելացված ծավալներից ավելի շատ վառելիք ստանալ»:

«Գազպրոմ»-ը սպառնալիք է

Չնայած իշխանությունների հավաստիացումներին՝ Վրաստանի ընդդիմությունը սպառնալիք է տեսնում «Գազպրոմ»-ի հետ բանակցություններում:

«Մեր երկիրն արդեն իր կաշվի վրա զգացել է ռուսական գազի քաղաքական գինը»,- ասել է «Ազատ դեմոկրատներ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Շալվա Շավգուլիձեն:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը՝ «Ազգային միացյալ շարժումը», այն դիրքորոշմանն է, որ Վրաստանի ներկայիս կառավարությունն իր քաղաքականությամբ հրաժարվում է ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ հարաբերություններից՝ ի օգուտ ընկերության, որը «գործում է քաղաքական շարժառիթներով և Վրաստանը կախվածության մեջ է դնում Ռուսաստանից»:

Ինչպես գրում են վրացական լրատվամիջոցները, մոտ ապագայում կկայանա Կախա Քալաձեի և «Գազպրոմ»-ի ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Ինչպես «Բիզնես Գրուզիա» կայքին հայտնել են «Գազպրոմ»-ից, «հանդիպումներ տեղի են ունենում պարբերաբար, և նոր հանդիպում կկայանա մոտ ապագայում»: