19 հոկտեմբեր, 2015 15:38

Տիգրան Սարգսյանն արդեն դեպի Եվրասիա է նայում

tigran sargsyan ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը 2016թ. փետրվարի 1-ից կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Այս մասին հոկտեմբերի 16-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` Ղազախստանում կայացած նիստին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի օրակարգը ներառում էր 15 հարց, և դրանք բոլորը նիստին քննարկվել են նեղ կազմով: Այսպես, որոշվել է, որ 2016թ. փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կնախագահի Հայաստանը, իսկ նրա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կգլխավորի այն»,- ասել է Լուկաշենկոն:

Ոչինչ տարօրինակ չէր լինի այս նշանակման հետ կապված, եթե Տիգրան Սարգսյանը մինչ այդ նշանակումը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իր պատկերացումները շարադրած չլիներ: Դեռ վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանը հանդես էր գալիս որպես Հայաստանի եվրաինտեգրացիոն վեկտորի ջատագով:  2012թ. նա ռուսական «Վեդոմոստի» թերթում հրապարակած իր հոդվածը վերնագրեց «Հայաստանը նայում է դեպի Եվրոպա»:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը ստանձնող Տիգրան Սարգսյանը Հայաստանի՝ Մաքսային  միությանն անդամակցության հետ կապված հոդվածում ասում էր.

«...Մաքսային միությանն անդամակցելը բովանդակային չէ, քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի ո´չ Ռուսաստանի, ո´չ Ղազախստանի, ո´չ էլ Բելառուսի հետ: Սակայն միավորման այս հարթակում հնարավոր են փոխշահավետ համագործակցության այլ տարբերակներ: Անհրաժեշտ են ինտեգրման խթաններ. կա այսպես կոչված «հեռավոր տարածքների» փորձը, երբ վերջիններս միության շրջանակում համագործակցում են ավելի մեղմ պայմաններով և ստանում որոշակի արտոնություններ: Մենք առաջարկել ենք մշակել Մաքսային միության և Հայաստանի համագործակցության որոշակի ձևաչափ»:

Փաստացի Տիգրան Սարգսյանը Մաքսային միությանը ՀՀ անդամակցությունը նույնիսկ չեր պատկերացնում՝ այն համարելով անբովանդակ, առավելագույնը դիտարկում էր ՄՄ-ՀՀ համագործակցության տարբերակը:

Հիմա, երբ ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում Տիգրան Սարգսյանը համաձայնել է ղեկավարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, հետաքրքիր կլիներ նախկին վարչապետին հարցնել՝ ինչպե՞ս է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը բովանդակություն ձեռք բերել, միգուցե Հայաստանն արդեն ընդհանուր սահմաննե՞ր է նվաճել Բելառուսի, Ռուսաստանի կամ Ղազախստանի հետ...

Տիգրան Սարգսյանն իր հոդվածում նաեւ համոզմունք էր հայտնում, որ «ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը Հայաստանի համար էական առաջընթաց կապահովի. զգալիորեն կավելանան արտահանումն ու ներմուծումը, կկրճատվի արտաքին առևտրի դեֆիցիտը»:

Հայաստանի ինտեգրացիոն հեռանկարների մասով նման մտքեր ու գաղափարներ ունեցող քաղաքական գործիչը ոչ մի բառ չարտասանեց, երբ Սերժ Սարգսյանն այդ հոդվածից ընդամենը մեկ տարի հետո մեկ գիշերվա ընթացքում որոշեց անդամակցել Մաքսային միությանը: Իրեն հարգող յուրաքանչյուր սկզբունքային քաղաքական գործիչ, այն էլ վարչապետի կարգավիճակում, դրանից անմիջապես հետո պետք է հրաժարական ներկայացներ: Սակայն Տիգրան Սրագսյանը շարունակեց պաշտոնավարել մինչև որ քաղաքական իրավիճակի պատճառով չհեռացվեց պաշտոնից:

Հավանաբար «Հայաստանը դեպի Եվրոպա նայելու» տիգրանսարգսյանական կոնցեպցիայի շրջանակաում է նա համաձայնել Հայաստանի անունից բարձր պաշտոն զբաղեցնել: Հետաքրքիր է՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում ինչպես է Տիգրան Սարգսյանը համակարգելու Հայաստանի գործունեությունը մի կառույցում, որին անդամակացությունը նա անբովանդակ էր համարում:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: