19 հոկտեմբեր, 2015 17:29

Զինադադարի քսանմեկերորդ գարնանը

karabakh line of contact (1)Պատերազմին մասնակցում են բոլորը… Նրանք, ովքեր կռվում են, ովքեր պաշտպանվում են ու թաքնվում են, ովքեր փախչում են:

Պատերազմին մասնակցում են կենդանիները, բույսերը, մրգերը, որոնք աճում են` անկախ ամեն ինչից, անկախ ծխից, ողբից, պայթյունից: Կանաչ տերևներ են լինում պատերազմի ժամանակ ու սիրուն աշուն, հասած մրգեր ու կատաղած կարմիր վարդեր. կովերը ծնում են, շները ծնում են, մարդիկ էլ են ծննդաբերում:

Պատերազմին մասնակցում են բոլորը, ովքեր հայտնվում են այդ տարածքում. պատերազմին մասնակցում են նաև տարածքի խելքից թեթևները, որոնք բնականոն կյանքում մի տեսակ ոչնչի չեն մասնակցում…

Զինադադարի քսանմեկերորդ գարնանը Բ. Մուսախանյանի եռահարկ տունը վառվեց:

Մի´ անիծեք թշնամուն ու պատերազմը: Տան հրդեհի հարցում պատերազմն ու թշնամին մասնակից չէին:

Հակառակը, եթե չլինեին թշնամին ու պատերազմը, Բ. Մուսախանյանը տասներկու ռեինկարնացիայից հետո անգամ մեդալ չէր ունենա: Իսկ նա մեդալ ուներ…

Մեդալի փաստը բավարար էր պատերազմը մերժելու համար, որովհետև իր մեդալակրությունը, որը Բ.-ի դեպքում ավելի «ճիճվակրության» էր նման, հերքում էր պատերազմի ընդունված տրամաբանությունը համարձակության ու հերոսանալու մասին:

Բ. Մուսախանյանն ու նրա մեդալը միաժամանակ հերքում էին նաև ռեինկարնացիայի հնագույն դոկտրինները: Օրինակ` հարգարժան էսկիմոսները, հյուսիսամերիկյան հնդկացիներն ու հրեաները համոզված էին, որ նորածնի մեջ տեղափոխվում է պապերի հոգին:

Մուսախանյան Բ.-ն բավական իմիջիայլոց հերքեց նաև այս հնագույն տեսությունը: Երբ ինքը դեռ չկար ու շատ երկար դեռ չէր լինելու՝ իր նախահեղափոխական շրջանի պապերից մեկը, լինելով մեծահարուստ արդյունաբերող, կառուցեց եռահարկ շքեղ տուն, որի երկու աշտարակաձև շինություններն իրար էին միանում օդային պատշգամբով: Արդյունաբերող նախապապի լուսանկարը տեսել էի մի անգամ ինչ-որ տեղ: Ճերմակ ամառային քաթանե կոստյումով էր, ոչ բարձրահասակ, փոքր մորուքով, գեր, սպիտակ ցիլինդրով ու ձեռնափայտով: Նախապապը կառուցել էր նաև գյուղի հիվանդանոցն ու դպրոցը, կամուրջը ու էլի ինչ-որ բաներ:

Հետո աշխարհում շատ փոփոխություններ էին եղել, արյան գետեր էին հոսել, սերունդներ էին հասարակացել, ու եռահարկ տան տերերի որակն էլ աշխարհի հետ փոխվել էր, ու մի անգամ ծնվել էր Բ.-ն… Աշխարհի նախորդած դառնությունն անդրադարձել էր նրա մտքի վրա, ու Մուսախանյանների հոգին` հակառակ էսկիմոսների, հյուսիսամերիկյան հնդկացիների ու հրեաների հավատամքի, չէր տեղափոխվել Բ. Մուսախանյանի հոգու մեջ՝ հավանաբար տեղանքը հարմար չգտնելով:

Պատերազմի ժամանակ Բ.-ին դիրքեր չէին տանում հասկանալի պատճառներով: Նա հասցրել էր մի քանի անգամ էվակուացվել գյուղը ձեռքից ձեռք անցնելու ընթացքում և հետ վերադառնալ: Ուրիշ կերպ պատերազմին մասնակից չէր եղել…

Ի վերջո պատերազմն ավարտվել էր:

Մինչ այդ պատմական փաստը, սակայն, Բ.-ն մի երեկո ալարել էր ավանակից իջնել ու իջնելուց հետո նոր կախել գերանդին դռան մեծ կեռից ու երբ ավանակի վրա նստած կախել էր գերանդին ու գրաստը հաղթական քշել առաջ՝ դեպի եռահարկ տան բակը, կեռ յաթաղանը արմատապես վնասել էր ամորձիներն ու բարձրացրել պատերազմի մեջ թաթախված գյուղի վայնասունն ու վայրի քրքիջը:

Բ. Մուսախանյանը բուժվել էր երկար ու ցավագին, որովհետև գյուղը երեք տարի մահ էր տեսել ու հիմա վայելում էր անտանելի քրքջոցի վայրագ հաճույքն ու առիթը բաց չէր թողնում` թարմացնելու Բ. Մուսախանյանի «յաթաղանի» պատմությունը:

Ի վերջո ամեն վերք ապաքինվում է… Ու Բ.-ն, ապաքինվելով, ձեռնարկում է հակառակորդի թողած տարածքներից ավար բերելու պրոտոկոլային զբաղմունքը:

Ամեն ինչ, ինչ առնչվում է պատերազմին, պատերազմ է: Ավար բերելու ճանապարհին ականի վրա պայթելը նույնպես պատերազմ է, ու Բ.-ն ընտրեց պատերազմի հատկապես այդ դրվագը: Մի խոսքով, նա պայթեց ականի վրա` ավար բերելու ճանապարհին: Ու երբ մյուսները Բ. Մուսախանյանին գյուղի հիվանդանոց էին հասցրել, որն ինչպես հիշում եք, կառուցել էր արդյունաբերող նախապապը, Բ.-ի բաճկոնի միջից թափվել էր կարմիր ավարը. Բ. Մուսախանյանը հարևան հրկիզված ավանից նուռ էր բերում տուն:

Պետությանը ոչինչ չէր մնում անելու, քան պարգևատրել նրան…

Իր մեդալակրության սկզբում Բ.-ի վարքագծի մեջ տարբերություն չէր զգացվում: Վարքագիծը փոխվեց եռահարկ տան հրկիզումից հետո:

Արդեն կաղ Բ.-ն տուն էր մտել ուշ ժամի ու հավանաբար չէր հանդգնել խախտել տիկնոջ առանձնասենյակի անդորրն ու մնացել էր առաջին հարկի սենյակներից մեկում, որտեղ նա դեզ էր պահում: Մտախռիվ է եղել մարդը ու ծխախոտի գլանակը ձեռքին էր քուն մտել… Դեզը վառվել էր:

Վառվել էր եռահարկ տունը` երկու աշտարակներով ու օդային պատշգամբով, վառվել էր նախահեղափոխական էպոխան` իր բոլոր ալբոմներով ու եռոտանի վիեննական սեղաններով ու կորամեջք աթոռներով:

Պետությանը ոչինչ չէր մնում անելու, քան գյուղի դատարկ տներից մեկը նրան նվիրելը:

Նոր տունը պատկանել էր գյուղի ամենաճարպիկ մարդուն, որը հասցրել էր լինել սիբիրյան աքսորում, ամուսնանալ ճամբարի պետի դստեր հետ, վերդառնալ, նոր ընտանիք ստեղծել ու տնկել գյուղի ամենաշքեղ այգին սեփական տան դիմաց: Բալենիները մոտ հիսուն հատ էին: Ծաղկում էին միանգամից բոլոր հիսուն բալենիները, ու տունը դառնում էր արտասահմանյան բացիկի նկար: Բ. Մուսախանյանը գեղցկության ու բարեկեցության այլ ընկալում ուներ: Տունը թեև վաղուց դատարկ էր, բայց բալենիները կանոնավոր ծաղկում ու պտուղ էին տալիս: Երբ Բ.-ն ընտանիքով տեղափոխվեց նոր տուն, առաջին հուժկու միտքը, որ ծագեց նրա մեդալակիր գլխում, բալենիները կտրելն ու դրանց տեղը լողավազան սարքելն էր: Միտքն այնքան հանդուգն էր, որ պետությունը չխառնվեց, թեև դրա կարիքն ակնհայտորեն կար: Բ.-ն հատեց ծառերը: Բակը առանց բալենիների անսահման մեծ թվաց: Այդ չափի լողավազան նույնիսկ հակառակորդ կողմի արքունիքի ժառանգորդը չուներ երևի:

Թե որտեղ էր Բ. Մուսախանյանը տեսել լողավազան, որևէ մեկը դժվարացավ պատասխանել, բայց թե որտեղ էր նա տեսել հենց այդ չափի լողազավան, չգիտեր ոչ ոք:

Բակը դատարկվեց: Հատած ծառերի կոճղերը կոկիկ գերեզմանաքարերի նման իրարից հավասար հեռավորության վրա հուշում էին, որ աստ հանգչում են բալենիները, ու ապրում է Բ. ՄՈՒՍԱԽԱՆՅԱՆԸ: Երեք ամիս անց նա սկսեց նոր տան վերանորոգումը, որ նշանակում էր տան պատերի ու հատակի ավերում: Պետությունն այլևս չէր խառնվում. մեդալ տվել էր, տուն տվել էր…

Բայց Բ.-ն քանդեց նաև իր նոր տան ու հարևան տան միջնապատը…

Հարևան տունը ևս դատարկ էր: Տան միակ տերը դպրոցն ավարտելուց հետո քաղաքում էր, գիտությունից բացի ոչնչով չէր զբաղվում, պարբերաբար գալիս էր` կարգի բերելու հայրական տան կտուրն ու դռները, որ տունը կանգուն մնա: Ինքն էլ արդեն պատկառելի տարիքում էր: Բենիկը տանտիրոջը տեսել էր երևի քսան տարի առաջ: Ու երբ պետությունը խառնվել էր երկու տների միջնապատի քանդման առիթով, մեդալակիր Բ.-ն բացատրել էր պատը քանդելու շարժառիթը` «…Որ «պրաֆեսըրը» գա, նարդի խաղանք»:

Պատերազմին մասնակցում են բոլորը. նրանք, ովքեր կռվում են, նրանք, ովքեր չեն կռվում, ովքեր հերոսանում են, ովքեր փախչում են: Պատերազմին մասնակցում են բույսերը, կենդանիները. պատերազմի ժամանակ տերևները կանաչում են ու դեղնում, կովերը ծնում են, շները՝ նույնպես, կանայք ծննդաբերում են, վարդերը բացվում են նույնիսկ լքված տարածքներում՝ խփված տանկերի կողքին, ու անպայաման` ալ կարմիր: Պատերազմին մասնակցում են բոլորը, ովքեր ապրել են պատերազմի տարածքում: Պատերազմին մասնակցում են նաև հիմարները՝ անհոգ, բայց եռանդուն…

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: