20 հոկտեմբեր, 2015 15:10

Վրաց-թուրքական սահմանին նոր մաքսակետ է գործարկվել

New CheckpointՎրաց-թուրքական սահմանին՝ Սամցխե-Ջավախեթի շրջանում, հոկտեմբերի 18-ին բացվել է նոր՝ «Կարծախի» մաքսային անցակետը, որն ամենակարճ ճանապարհով Թուրքիայի կենտրոնական շրջանների հետ կկապի ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները:

Ինչպես հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, թուրքական կողմից զուգահեռաբար բացվել է «Աքթաշ-Չըլդըր» մաքսակետը:

«Մաքսային անցակետի գործարկումը կնպաստի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, երկրի տարանցման ներուժի բարձրացմանն ու բեռնաշրջանառության աճին, նշանակալի ներդրում կունենա Վրաստանի և Թուրքիայի տարածքներով միջազգային հաղորդակցության զարգացման գործում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «Կարծախի» մաքսային անցակետը, որի թողունակությունը կազմում է օրական 500-600 բեռնատար մեքենա և 10 հազ. ուղևոր, կապահովի վարորդների և ուղևորների հարմարավետ սպասարկում, միևնույն ժամանակ, կթեթևացնի վրաց-թուրքական սահմանին «Սարպի» և «Վալե» գործող մաքսակետերը:

2010թ. Վրաստանն ու Թուրքիան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր երկու երկրների միջև ցամաքային սահմանին մաքսակետերի համատեղ կառավարման վերաբերյալ: