20 հոկտեմբեր, 2015 16:43

Կառավարությունում քննարկվել է ժողովրդագրական իրավիճակը

aragil migration (7)Կառավարությունում հոկտեմբերի 20-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում ժողովրդագրական ներկայիս իրավիճակի և զարգացման միտումների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017 թթ. ազգային ծրագրի նախագիծը, որը բխում է ՀՀ կառավարության 2014 թ. ծրագրից:

Նշվել է, որ ծրագրի նպատակը ժողովրդագրական կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է՝ համակողմանի գնահատման և նպատակային միջոցառումների շնորհիվ: Քննարկվել են ինչպես ներկայում իրականացվող, այնպես էլ առաջարկվող միջոցառումները, դրանց ուղղությունները, ֆինանսական ծավալը և ակնկալվող արդյունքները:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է աշխատանքային խմբի շրջանակում լրամշակել ներկայացված նախագիծը հնչած առաջարկություններով և վերջնական տարբերակը ներկայացնել կառավարություն:

Համաձայն ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017 թթ. ազգային ծրագրի` 2015թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող), կազմել է 3 010.6 հազ. մարդ` 2014թ. հունվարի 1-ի  3 017.1 հազ. համեմատ կրճատվելով շուրջ 6.5 հազար մարդով:

Ստորև ներկայացվում է ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 1990-2014 թթ -ին (հազ. մարդ):

Ժամանակահատվածը ՀՀ մշտական բնակչության թվաքանակը
2015թ. հունվարի 1-ի դրությամբ 3 010.6
2014թ. հունվարի 1-ի դրությամբ 3 017.1
2013թ. հունվարի 1-ի դրությամբ 3 026.9
2011թ. մարդահամարի տվյալներով 3 018.9
2001թ. մարդահամարի տվյալներով 3 213.0
1990թ. 3 514.9