20 հոկտեմբեր, 2015 15:41

«Հրապարակ»-ն ու ilur.am-ը պարտավոր չեն բացահայտել աղբյուրը. ՍԴ

ccՍահմանադրական դատարանը հոկտեմբերի 20-ին որոշեց, որ «Հրապարակ» օրաթերթն ու ilur.am լրատվական կայքը պարտավոր չեն բացահայտել իրենց տեղեկատվության աղբյուրը: Այս մասին հաղորդում է Irakan.info լրատվականը:

ՍԴ-ում այսօր քննվում էր երկու լրատվամիջոցների դիմումի հիման վրա գործը:

Որոշման եզրափակիչ մասում ասված է. «Զանգվածային լրատվության միջոցների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը. սույն որոշման մեջ ՍԴ-ի կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում, իրավունքի գերակայությամբ առաջնորդվող ժողովրդավարական պետությունում, իրավական որոշակիության սկզբունքներից ելնելով, տեղեկատվության աղբյուրի բացահայտման օրինական շահը գերակա է, դա կարող է ճանաչվել այն չբացահայտելու հանրային շահից այն դեպքերում, երբ աղբյուրի բացահայտումն անհրաժեշտ է անձի կյանքի պաշտպանության, ծանր, առանձնապես ծանր հանցագործությունը  կանխելու կամ ծանր, առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանվածությունն ապահովելու համար, այդ իրավապայմաններից առնվազն մեկի առկայությունը միայն իրավաչափ հիմք կարող է հանդիսանալ օրենքով սահմանված կարգով ու վեճի առարկա դրույթով նախատեսված այլ հիմքերի առկայության դեպքում տեղեկատվության աղբյուրի բացահայտման համար»:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով` դիմողների նկատմամբ սահմանված վերջնական դատական ակտերը ենթակա են վերանայման, քանի որ վեճի առարկա դրույթները դիմողների նկատմամբ կիրառվել են այլ մեկնաբանությամբ:

Մանրամասները` սկզբնաղբյուրի կայքում:

***

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. հունիսի 26-ին կայացրել էր դատական ակտ, որը պարտադրում էր ilur.am կայքին և «Հրապարակ» օրաթերթին բացահայտել իրենց հրապարակումներից մեկի աղբյուրը: Խոսքը Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանին վերաբերող հրապարակման մասին էր, որի համաձայն` Նադարյանը մայիսի 7-ին կանգնեցրել էր ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մեքենան, բռնություն գործադրել նրա և նրա եղբոր նկատմամբ, զենքով սպառնացել նրանց:

Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ էին թողել: