20 հոկտեմբեր, 2015 14:19

Հարավային Օսիան ՌԴ կազմ մտնելու հարցով հանրաքվե կանցկացնի. Տիբիլով

TibilovՀարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ հանդիպմանը հայտարարել է Հարավային Օսիայի՝ ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու իր մտադրության մասին:  

Ինչպես հաղորդում է Interfax-ը, Տիբիլովը շեշտել է, որ Ռուսաստանի հետ վերամիավորումը օս ժողովրդի «դարավոր երազանքն է»:

«Այսօրվա քաղաքական իրողությունն այնպիսին է, որ մենք կարող ենք անել մեր պատմական ընտրությունը. պետք է վերամիավորվենք եղբայրական Ռուսաստանի հետ և ապահովենք Հարավային Օսիայի անվտանգությունն ու բարգավաճումը»,- ասել է Տիբիլովը:

Հարավային Օսիայի առաջնորդը վստահ է, որ հանրաքվեի անցկացումն անհրաժեշտ է իրավական տեսանկյունից՝ հաշվի առնելով 1992 և 2006թթ. հանրապետական հանրաքվեների առանձնահատկությունները:

«1992թ. Հարավային Օսիայի բնակիչները համաձայնություն տվեցին հանրապետության Գերագույն խորհրդի՝ 1991թ. սեպտեմբերի 1-ի որոշմանը՝ Ռուսաստանի հետ վերամիավորման վերաբերյալ, մինչդեռ 2006թ. հանրաքվեին քաղաքացիները հանդես եկան անկախ պետության կարգավիճակի պահպանման օգտին: Չնայած 2006թ. հանրաքվեի գաղափարը Վրաստանից և ոչ թե այլ պետությունից անկախանալն էր, իրավական տեսանկյունից 2006-ի հանրաքվեի արդյունքները չեզոքացնում են 1992-ի արդյունքները, ինչի կապակցությամբ մեզ անհրաժեշտ է անպայմանորեն նոր հանրաքվե անցկացնել՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու հարցով»,- հայտարարել է Տիբիլովը:

Հարավային Օսիայի ղեկավարը մտադիր է հանրաքվեում ներգրավել բնակչության ամենալայն շերտերը և կարծում է, որ հանրաքվեն, որի «դրական արդյունքը կասկած չի հարուցում, կհանգեցնի հասարակական բոլոր դրական գործընթացների թարմացմանն ու աշխուժացմանը»:

Տիբիլովն ընդգծել է՝ հանրաքվեի արդյունքների կյանքի կոչման ուղղությամբ բոլոր քայլերը կատարվելու են «միայն ռուսական կողմի հետ համաձայնեցմամբ»:

***

2008թ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը:

2015թ. ՌԴ և Հարավային Օսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Լեոնիդ Տիբիլովը ստորագրել են դաշնակցության և ինտեգրման մասին պայմանագիր: Փաստաթուղթը ստորագրվել է 25 տարով և տասնամյակներով երկարացվելու հնարավորությամբ:

2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է նաև Աբխազիայի անկախությունը, որի հետ 2014թ. կնքել է դաշնակցության և ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր:

2008թ. օգոստոսի 27-ին ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո Հայաստանի դիրքորոշման մասին հարցին, հայտարարել է, որ «Հայաստանը միշտ կողմնակից է եղել և շարունակում է համոզված մնալ, որ հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհը անհեռանկար է»:

2008թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Մենք չենք կարող ճանաչել Կոսովոն, Հարավային Օսիան և Աբխազիան նախքան Լեռնային Ղարաբաղի ճանաչումը»: