20 հոկտեմբեր, 2015 14:15

Վազգեն Մանուկյանն ու հեղափոխական Սերժ Սարգսյանը

«Արմենիա» հեռուստատեսության եթերում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ողջունել է սահմանադրական փոփոխությունները և  դրանք անգամ համարել հեղափոխական:

«Այս փոփոխությունը, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանի փոփոխության, սահմանադրական փոփոխություն չէ, սա հեղափոխություն է: Այսինքն մի համակարգից դու անցնում ես մեկ ուրիշ համակարգի: Սա լրիվ ուրիշ սկզբունքների վրա կառուցված Սահմանադրություն է: Եվ ես կարծում եմ, որ եթե հանրաքվեով անցնի, մենք 4-5 տարի հետո նոր կզգանք, թե ինչ փոփոխություններ է պետք անել նոր Սահմանարդության մեջ: Որովհետև կան այնտեղ կետեր, որոնք մինչև չփորձես, չես կարող հասկանալ՝ իրենք ոնց են աշխատելու: Նույնիսկ մյուս երկրների փորձը քեզ համար փորձ չէ, որովհետև ամեն մի ժողովուրդ իր հատկություններով, իր հատկանիշներով …. Կարևորը հիմա հեղափոխական փոփոխությունն է. կիսանախագահակա՞ն, թե՞ պառլամենտական»:

Փաստացի շատերի համար այդքան սպասված հեղափոխությունը, Վազգեն Մանուկյանի կարծիքով, գալիս է բոլորովին չսպասված տեղից ու ամենակարևորը՝ Սերժ Սրագսյանի դեմքով: Վազգեն Մանուկյանի տրամաբանության համաձայն՝ Սերժ Սարգսյանը հեղափոխական լուսավորիչ է, նոր համակարգի հիմնադիր հայր, որի հեղափոխական Սահմանադրությունը վերջ է դնելու պետական և քաղաքական համակարգում առկա  բացթողումներին և արատներին: Թոմազո Կամպանելայի «Արևի քաղաքը» իրականություն է դառնալու Հայաստանում՝ Սերժ Սարգսյանի Սահմանադրությամբ:

Իհարկե, լուսանցքում հայտնված վետերան քաղաքական գործիչը իրավունք ունի նման կարիծք ունենալ Սերժ Սարգսյանի մասին: Վերջինս այն մարդն էր, որը քաղաքական պատմության գիրկն անցած, մոռացված Վազգեն Մանուկյանին քաղաքականապես վերակենդանացրեց, արհեստական պաշտոն տվեց, և Մանուկյանն այժմ հնարավորություն ունի համապետական եթերով Սերժ Սարգսյանին համարյա հիմնադիր հայր համարել:

Վազգեն Մանուկյանը փորձում է հավաստիացնել, որ երկրի և նրա բոլոր դժբախտությունների պատճառը հին Սահմանարդությունն է: Հասկանալի է, որ նրան հոգեհարազատ չի եղել գործող սահմանադրական  համակարգը, քանի որ այդ համակարգի օրոք նա հայտնվել է քաղաքական լուսանցքում: Բայց մի՞թե դրանից ելնելով կարելի է քարոզել, որ պետությունը պետք է սարքել որբի գլուխ, որ ով ինչպես ուզենա՝ խուզի:

Ի՞նչ է նշանակում, թե մենք «4-5 տարի հետո նոր կզգանք՝ ինչ փոփոխություններ են պետք անել նոր Սահմանարդության մեջ»: Գործող համակարգը կատարելագործելու տարբերակներ մշակելու փոխարեն, ըստ Մանուկյանի, ևս մի 20 տարի է պետք, որպեսզի պետության վրա փորձարկենք խորհրդարանական կառավարման ձևի թերություններն ու առավելությունները: Զարգացած ու տնտեսապես կենսունակ պետություն կառուցելու փոխարեն Վազգեն Մանուկյանն առաջարկում է մտնել սահմանադրական փոփոխությունների պերմանենտ շրջապտույտի մեջ, ինչը հղի է պետական ու քաղաքական ռիսկերով: Առավել ևս, որ նոր Սահմանադրության նախագիծը հնարավորություն է տալիս խորհրդարանի կազմի ⅔-ով Սահմանադրությունը փոփոխության ենթարկել:

Վազգեն Մանուկյանը փաստացի հանուն Սերժ Սարգսյանի քարոզում է մի նախագծի օգտին, որը պատերազմական իրավիճակում գտնվող պետությունը դարձնում է փորձադաշտ և պարարտ հող ստեղծում սահմանադրական անկայունության համար:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: